Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսողության համաշխարհային օրը Հայաստանում նվիրված է մանկական կուրության կանխարգելմանը

Հոկտեմբեր 12,2012 12:42

Հայաստանում Տեսողության համաշխարհային օրը նշելու նպատակով Հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ) այս ամիս հանդես կգա միջոցառումների շարքով` ՀՀ առողջապահության նախարարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ, Հայաստանի պետական կամերային նվագախմբի ու Երևանի Արաբկիր վ/շ հայորդաց տան համագործակցությամբ:

Տեսողության համաշխարհային օրը նշվում է ամեն տարի, աշխարհի շուրջ 100 երկրներում, հոկտեմբերի երկրորդ հինգշաբթի օրը` նպատակ ունենալով բարձրաձայնել տեսողության խանգարումներով և կուրությամբ տառապող մարդկանց խնդիրներն աշխարհում:

«Այս տարի Տեսողության համաշխարհային օրը Հայաստանում որոշեցինք նշել «Լույս մանուկների աչքերին» խորագրով և անդրադառնալ մանկական կուրության կանխարգելման խնդիրներին` վերջերս մեկնարկած ԱՄՆ ՄԶԳ/ՀԱՆ Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն» ծրագրի շրջանակում»,- ասաց ՀԱՆ-ի հայստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանն այսօր կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ:

Միջոցառումներն սկսվել են երեկ` հոկտեմբերի 11-ին, Արմավիրի մարզի Հացիկ գյուղում, որտեղ ՀԱՆ-ն անց է կացրել մեծահասակների ակնային զննումներ, ինչպես նաև տեղի երեխաների ու բնակիչների համար կազմակերպել անակնկալ: ՀԱՆ-ի հրավերով Հացիկ գյուղ էին ժամանել Երևանի Արաբկիր վ/շ հայորդաց տան սաները, ովքեր գյուղի միջնակարգ դպրոցի բակում անց են կացրել անսպասելի պարային ֆլեշ-մոբ` հրավիրելով բոլորին պարի:  Ֆլեշ-մոբը կարող եք դիտել և ներբեռնել հետևյալ հղմամբ https://youtu.be/UK5wmO-JkzM

Ընթացքում տեղի բնակիչներին բաժանվել են Տեսողության համաշխարհային օրվան համահունչ ուղերձներով և օգտակար տեղեկատվությամբ թերթիկներ, ինչպես նաև Անհասության ռետիոնպաթիա ակնային հիվանդությունը նկարագրող հանրակրթական բրոշյուրներ:

Հոկտեմբերի 13-ին, ՀԱՆ-ի աջակցությամբ ԱՄՆ-ում վերապատրաստված բժիշկ Լիլիթ Մկրտչյանը հատուկ ակնային զննումներ կիրականացնի Երևանի թիվ 14 մասնագիտացված դպրոցում սովորող թույլ տեսողությամբ երեխաների համար:

Նույն օրը, ՀԱՆ-ը կմիանա ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության բարեգործական նախաձեռնությանը Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում, որտեղ դեսպանատան աշխատակիցները կներկեն վերանորոգման կարիք ունեցող տեղի դպրոցի պատուհանները, իսկ ՀԱՆ-ը կիրականացնի ակնային զննումներ և հանրակրթական դասընթացներ տեղի բուժանձնակազմի և երեխաների համար:

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալիք բարեգործական համերգները կեզրափակեն Տեսողության համաշխարհային օրվան նվիրված միջոցառումները: Հոկտեմբերի 23-ին Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ միասին երաժշտական հարուստ ծրագրով հանդես կգա աշխարահռչակ ջութակահար Լևոն Չիլինկիրիանը, ով Երևան է ժամանելու Մեծ Բրիտանիայից` ՀԱՆ-ի հատուկ հրավերով: Հոկտեմբերի 25-ին Լևոն Չիլինինկիրիանի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի մենակատարների հետ միասին հանդես կգա նաև Քաենի սիմֆոնիկ նվագախմբի (Ֆրանսիա) և Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Վահան Մարտիրոսյանը (պիանո): Տոմսերը շուտով կլինեն վաճառքում: Հետաքրքված անձինք պետք է դիմեն Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն (հեռ` 010 52 67 18): Համերգից ստացված ողջ հասույթը կուղորդվի Հայաստանում և տարածաշրջանում մանկական կուրության կանխարգելման ծրագրերին:

ԱՄՆ ՄԶԳ/ՀԱՆ Մանկական կուրության կանխարգելման գերազանցության կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031