galatv.am-ի տեղեկություններով երեկ`հոկտեմբերի 11-ի առավոտյան, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի թիկնազորի 7 հոգանոց կազմը ծեծի է ենթարկել Գյումրիի բնակիչներ Արթուրին եւ Ռուբենին: Ըստ տեղեկությունների` նրանց ծեծել են տղաներից մեկի բակում ընտանիքի անդամների`կնոջ, երեք դուստրերի, ինչպես նաեւ հարեւանների աչքի առաջ: Դեպքը, ինչպես պատմեցին Գյումրու «Պոլիգոններ» կոչվող թաղամասի բնակիչները, ծագել է այն պատճառով, որ Արթուրին, ով համարվում է Բալասանյանների ընտանիքին պատկանող օբյեկտներից մեկի նախկին աշխատակիցը, հեռացրել են աշխատանքից, ինչի պատճառով էլ ծագել է վեճը: Արթուրը երկար ժամանակ զբաղվել է սպորտով, հետո որոշակի ժամանակով աշխատել է Անուշարանում՝ որպես անվտանգության աշխատակից: Նրան աշխատանքից հեռացրել են առանց բացատրության, ինչի հետեւանքով էլ ծագել է վիճաբանություն:
Տեղեկությունը երեկ երեկոյան փորձեցինք ճշտել Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանից, ով երեկ երեկոյան galatv.am-ին տեղեկացրեց, որ միջադեպի մասին ոստիկանությունը տեղեկություն չունի: «Ես զանգահարեցի նաեւ Գյումրի քաղաքի ոստիկանապետին, իրանք էլ նման տեղեկություն չունեն, բողոքող ու հիվանդանոց դիմողներ չկան, բայց ես հանձնարարել եմ վաղը զբաղվել այդ գործով»,-ասաց Կ. Բաբակեխյանը:
Այսօր, սակայն, վաղ առավոտից ինչպես Շիրակի մարզի ոստիկանապետը, այնպես էլ Գյումրու քաղաքապետ Ս. Բալասանյանը հեռախոսազանգերին չէին պատասխանում: Շիրակի մարզի դատախազ Դավիթ Սարգսյանը galatv.am-ին փոխանցեց, որ ինքը նման տեղեկություն չունի եւ մինչեւ այսօր դատախազությունը նման հաղորդագրություն չի ստացել: Մեր ունեցած տեղեկություններով` այսօր արդեն Շիրակի մարզի քննչական բաժնի աշխատակիցները փորձել են հարցաքննել՝ ծեծի ենթարկված Արթուրի եւ Ռուբենի հարազատներին:
Քրիստինա Մկրտչյան