Լրահոս
Օրվա լրահոսը

Անցանկալի անձանց Ադրբեջանի ցուցակը ստվարանում է

Հոկտեմբեր 12,2012 11:46

Շվեյցարացի քաղաքական գործիչների այցը Լեռնային Ղարաբաղ անհանգստություն է պատճառել Ադրբեջանին, որը բողոք է հղել Շվեյցարիայի Դաշնության արտգործնախարարություն, իրազեկում է «20 minuten online» շվեյցարական էլեկտրոնային լրատունՙ անդրադառնալով Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատիՙ Ազգային խորհրդի Շվեյցարիա-Հայաստան բարեկամության խմբիՙ անցյալ շաբաթ ԼՂ կատարած այցին:

Սա այց է մի երկիր, որը ոչ մեկին չի պատկանում, իրազեկում է առցանց լրատունՙ հավելելով, թե միջազգայնորեն Ադրբեջանին պատկանող դիվանագիտական ականապատ այս տարածքը փաստացի անկախ է: Որեւէ պետություն, նույնիսկ Հայաստանը, չի ճանաչել նրա անկախությունը: Մինչ Բեռնում արտաքին գերատեսչությանը բողոք ներկայացնելը Ադրբեջանը հիշյալ կառույցին եւ Ազգային խորհրդին խնդրել է կանխել խորհրդարանականների այցը ԼՂՀ: Արտաքին գերատեսչությունը կապվել է պատվիրակության անդամների հետՙ ջանալով բացատրել, թե խորհուրդ չի տալիս մեկնել վիճարկվող տարածքՙ անվտանգության նկատառումներից ելնելով: Ազգային խորհուրդն էլ հայտնել է, թե այցը չի նպաստի իրենցՙ տարածաշրջանին հասցվող օգնությանը: Շվեյցարիան Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հակամարտության միջնորդ է, իսկ Թուրքիանՙ Ադրբեջանի սերտ դաշնակից:

Բայց այցը խափանել արտաքին գերատեսչությանը չի հաջողվել: «Մենք այստեղ ենք որպես ազատ քաղաքացիներ», մեկնաբանել է խորհրդարանական պատվիրակության անդամներից Քրեվուազիեն: Խորհրդարանական խմբերը պաշտոնական հաստատություններ չեն, նրանց այցին ֆինանսապես ոչ մեկը չի սատարում: Սա հաստատել է նաեւ խորհրդարանականների պատվիրակությունը գլխավորած կանաչների կուսակցության անդամ Ուելի Լոյենբերգերը: «Մենք Շվեյցարիայի ներկայացուցիչներ չենք, անհատների անկախ խումբ ենք», ասել է նաՙ հավելելով, թե Ղարաբաղում ենՙ «տարածաշրջանի մասին տպավորություն քաղելու նպատակով»: Շվեյցարացի խորհրդարանականները ԼՂ-ում հանդիպել են ինչպես երկրի նախագահի, ներքին գործերի նախարարի, այնպես էլ քաղաքացիական ընկերակցությունների ներկայացուցիչների հետ:

Լրատուն տեղեկացնում է, թե խորհրդարանականները միակ շվեյցարացիները չեն, որ վերջերս այցելել են ԼՂ: Նախկին տիեզերագնաց Կլոդ Նիկոլլիեն սեպտեմբերին այստեղ մասնակցել էր մի կոնֆերանսի, որից հետո Ադրբեջանը նրան անցանկալի անձանց ցուցակում էր ներառել: Նման ճակատագիրն այժմ սպասում է նաեւ խորհրդարանականներին: Ադրբեջանի դեսպանության խոսնակը պարզաբանել էՙ «Այն բոլոր անձինք, ովքեր առանց Ադրբեջանի թույլտվության կայցելեն գրավյալ տարածքներ, կներառվեն անցանկալի անձանց ցուցակում»:

«Ազգ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031