Լրահոս
Օրվա լրահոսը

Երկարաժամկետ թյուրըմբռնում

Հոկտեմբեր 12,2012 11:32

Տասը օր առաջ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ասուլիսում մի բացահայտում արեց, հայտարարելով, թե ինքն ու դաշնակից ուժի` «Ազատ դեմոկրատների» նախագահ Խաչատուր Քոքոբելյանը ավելի վաղ պայմանավորվել են, որ մանդատները պետք է վայր դնեն միասին` ճանապարհ բացելով երիտասարդների համար:
«Ինձ մի փոքր զարմացնում է այն, որ դա տեղի չունեցավ: Իր վերադարձից հետո ես այդ եւ հարակից այլ հարցերի վերաբերյալ կլսեմ իր պատասխանները, եւ մի քանի շաբաթ անց` այս ամսվա ընթացքում դուք կստանաք վերջնական պատասխանը թե՛ այդ, թե՛ իմ թեկնածության վերաբերյալ»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ուշագրավն այն է, որ «Ժառանգության» առաջնորդը որոշեց իրենց ներքին պայմանավորվածությունների մասին հրապարակավ խոսել այն ժամանակ, երբ Խաչատուր Քոքոբելյանը արդեն մեկնել էր Հայաստանից:
Սույն բացահայտումից հետո լրատվամիջոցները սկսեցին ծավալուն «վերլուծականներ» նվիրել դժբախտ զույգին, որը հայտնվել է ապահարզանի շեմին:
Տասը օր շարունակ այս թեման արծարծվում էր, ինչպես ասում են, «ամենատարբեր կողմերից»: Բոլորը սրտատրոփ սպասում էին Քոքոբելյանի վերադարձին, ամեն օր տեղեկացնում էին «Ազատ դեմոկրատների» ղեկավարի վերադարձի օրվա մասին, որը, սակայն, նշված օրը չէր գալիս: Հետո գրում էին «ճիշտ ամսաթիվը», պնդում, թե եթե վաղը չէ, ապա մյուս օրը հաստատ ինքնաթիռից իջնելու է:
Հընթացս, հղում անելով «Ազատ դեմոկրատներին» մոտ կանգնած իրենց աղբյուրներին, նշում էին, թե Քոքոբելյանը հանդես է գալու հայտարարությամբ, եւ ընդհանրապես այս երկու ուժերի ձախողված համագործակցությանն այլեւս վերջակետ է դրվելու` վերջ, բաժանվում են:
Մի խոսքով, ծիծաղելի իրարանցումը շարունակվեց այնքան ժամանակ, մինչեւ որ արտերկրից վերադարձավ Քոքոբելյանը: Այնուհետ սկսվեց մի նոր` տանջալից սպասման «փուլ»: Քանզի Հովհաննիսյանն ու Քոքոբելյանը ոչ մեկին չէին հայտնել իրենց հանդիպման վայրի մասին, բայց հանդիպել են ու քննարկում են հարցը: Դե, իսկ այդ դրամատիկ հանդիպումից հետո, անկասկած, «պայթյուն» է տեղի ունենալու:
Այնպիսի պայթյուն, որ իսկապես սարերը շարժվելու են, եւ ամեն մեկը գնալու է իր ճանապարհով:
Սակայն երեկ «Ազատ դեմոկրատների» ղեկավարը, մեկնաբանելով Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը, ասաց, որ եղածը թյուրըմբռնում է. «Իմ պատկերացմամբ եղել է թյուրըմբռնում այդ հայտարարությունը: Միգուցե նաեւ իմ գործընկերոջ կողմից ակնկալիք է եղել, որ ես էլ կարող եմ գնալ նման քայլի»,- նշեց Քոքոբելյանը, միաժամանակ պնդելով, որ իր ու Րաֆֆի Հովհաննիսյանի միջեւ նման համաձայնություն չի եղել:
«Քննարկման արդյունքում ես եկա այն եզրակացության նաեւ, որ այդ մոտեցումները… ինքը նշում է, որ մենք ունեցել ենք պայմանավորվածություններ, որոնցից մենք երբեւիցե չենք հրաժարվել եւ չենք հրաժարվում, միասնական հանդես գալու երկարաժամկետ քաղաքականություն իրականացնելու գործառույթներում, առնվազն նախագահի եւ նրան հետեւող ընտրություններում, եւ կարճաժամկետ քաղաքականություն չենք վարում»,-ներկայացնելով իր եւ Հովհաննիսյանի միջեւ նախօրեին տեղի ունեցած հանդիպման մանրամասները, հայտարարեց Քոքոբելյանը:
Նա նաեւ ասաց, որ ինքը չի հրաժարվելու իր մանդատից, իսկ եթե «Ժառանգության» առաջնորդը նախագահական ընտրություններում առաջադրի իր թեկնածությունը, ապա «Ազատ դեմոկրատները» կսատարի նրան:
«Մենք ի սկզբանե դեմ ենք եղել Րաֆֆի Հովհաննիսյանի հրաժարականին: Այս մասին ես բազմիցս իրեն էլ եմ հայտնել, եւ խոսել ենք, որովհետեւ մենք գտնում ենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանի նման փորձառու քաղաքական գործիչը, լինելով Ազգային ժողովում, կարող էր էլ ավելի մեծ նպաստ բերել «Ժառանգություն» ֆրակցիային, եւ, իմ պատկերացմամբ, դա բնավ կարող էր չխանգարել նախագահի ընտրություններին»,- անդրադառնալով մանդատը վայր դնելու Հովհաննիսյանի «հերոսական» որոշմանը, նշեց Քոքոբելյանը:
Այսքան բան:
Դե, հիմա էլ պետք է սպասել «Ժառանգության» ընդլայնված նիստին, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 21-ին: Թե ինչ «վերջնական պատասխան» է տալու «Ժառանգությունը» «Ազատ դեմոկրատներին», թե ինչ է որոշելու Րաֆֆի Հովհաննիսյանը նախահագական ընտրություններին իր մասնակցության վերաբերյալ, կիմանանք տասը օր հետո:
Միայն թե խորհուրդ ենք տալիս Քոքոբելյանին մինչեւ նոյեմբեր չբացակայել երկրից, թե չէ, ով իմանա, շատ հնարավոր է` Րաֆֆի Հովհաննիսյանը եւս մեկ բացահայտում անի ու…
Կամ ով գիտե, գուցե «Ժառանգության» ընդլայնված նիստում որոշում կայացնեն, որ պետք է դադարեցնել համագործակցությունը «Ազատ դեմոկրատների» հետ, քանի որ նրա ղեկավարը «խախտել է պայմանավորվածությունը»:
Եթե Քոքոբելյանը պնդում է, որ իրենք դեմ են եղել մանդատը վայր դնելու Հովհաննիսյանի որոշմանը, բայց, միեւնույն է, «Ժառանգության» առաջնորդը, հաշվի չառնելով դաշնակից ուժի կարծիքը, ինքնուրույն որոշում է ընդունել ու հրաժարվել է մանդատից, ապա չի բացառվում, որ այս անգամ էլ «ընդլայնված նիստը», նույն ինքը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, միանձնյա որոշի դադարեցնել համագործակցությունը «Ազատ դեմոկրատների» հետ:
Թեեւ գուցե «Ժառանգության» առաջնորդին այդ քայլից հետ պահի Քոքոբելյանի` իր թեկնածությունը սատարելու մասին տված խոստումը:
Եթե իհարկե, նրա առաջադրվելուց հետո դարձյալ երկու ուժերի միջեւ թյուրըմբռնում ի հայտ չգա:
Ինչեւէ, մանդատի «բազարը» այս երկու ուժերի միջեւ կարծես թե ավարտված չէ: «Ժառանգությունը» հիմա է գլխին տալիս, թե ինչու իր ցուցակում ընդգրկեց «Ազատ դեմոկրատների» անդամներին, ինչի հետեւանքով խորհրդարանից դուրս մնացին կարկառուն ժառանգականները կամ «երիտասարդները»:
Հետաքրքիր է, «Ժառանգության» առաջնորդը չի՞ սխալվել, որ իր փոխարեն խորհրդարան է ուղարկել ցուցակի հերթական համարը զբաղեցնող անձին` Թեւան Պողոսյանին: Իսկ կարելի՞ է բացառել այն, որ օրերից մի օր էլ Րաֆֆի Հովհաննիսյանը, հնարավոր է, Թեւան Պողոսյանի վերաբերյալ ինչ-որ բացահայտում անի: Ասենք, հայտարարի, որ նրա հետ էլ է եղել պայմանավորվածություն, որ եթե լրացուցիչ ընտրություններում Ստեփան Սաֆարյանը պարտվի, Պողոսյանը պետք է մանդատը զիջի նրան: Ինչպես հայտնի է, թիվ 1 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու է առաջադրվելու Ստեփան Սաֆարյանը: Եվ, իհարկե, նրա հաղթելու հավանականությունը փոքր է:
Այնուամենայնիվ Թեւան Պողոսյանին էլ ենք խորհուրդ տալիս դեկտեմբերի կեսերին չբացակայել երկրից:

ՎՐԵԺ ԱՀԱՐՈՆՅԱՆ
«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031