Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վանաձորցին 7 տարվա ազատազրկման դատապարտվեց

Հոկտեմբեր 12,2012 10:37

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Մուշեղ Հարությունյանի, 7 տարվա ազատազրկման է դատապարտել ավազակություն կատարելու մեջ մեղադրվող Վ.  Դումանյանին: Համաձայն մեղադրական եզրակացության՝ մեղադրյալը մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ավազակային հարձակում է  կատարել  քանդակագործ Գ. Թումանյանի վրա,  նրանից հափշտակել զգալի չափերով գումար  եւ  թողնելով ուշագնաց վիճակում՝ մյուս  անձանց հետ հեռացել բնակարանից: 33-ամյա վանաձորցու պաշտպան Գուրգեն Հարությունյանը մտադիր է բողոքարկել դատարանի կայացրած վճիռը: Նրա դիտարկմամբ` դատարանը խորամուխ չի եղել գործում առկա ցուցմունքների վրա` այդկերպ կայացնելով ակնհայտ ապօրինի դատավճիռ: Փաստաբանը համոզված է,  որ թե նախաքննությունը, թե դատաքննությունը անցել են բազմաթիվ խախտումներով, տուժող Գ. Թումանյանն էլ թե նախաքննության, թե դատաքննության ընթացքում տվել է հակասական ցուցմունքներ: «Կայացվել է ակնհայտ ապօրինի դատավճիռ: Դատարանը չցանկացավ ցուցմունքների մի մասը կասկածի տակ դնել, քանի որ եթե մի մասը դներ, ապա ամբողջությամբ կասկածի տակ էին ընկնելու տուժողի տված ցուցմունքները: Տուժողը,  որտեղ չէր կարողանում տրվող հարցերի պատասխանները տալ, դիմում էր մեղադրանքի կողմի համար փորձված մեթոդին` չեմ հիշում ու վերջ»,-ասում է փաստաբանը:

Գ. Թումանյանը նախաքննության ընթացքում ցուցմունք էր տվել այն մասին, որ Վ. Դումանյանը դեպքի օրը կանչել է նաեւ եւս երկու անձանց: Հետագայում, սակայն, փոխելով իր նախկինում տված ցուցմունքը, պնդել էր, որ  չի կարող ասել` Վարդանն է այդ անձանց հրավիրել, թե ոչ, բայց ենթադրում է, որ նա է կանչել:

«Մենք վստահ ենք, որ այդ երկու անձինք չկան: Տուժողը  սկզբում նշել էր, որ իրեն ծեծի են ենթարկել երեքով, հետագայում թե նախաքննական, թե դատաքննական ցուցմունքներով պնդեց, որ իբր թե երկուսը  կանգնած են եղել, միայն մեղադրյալն է  խփել իրեն»,-ասում է Գուրգեն Հարությունյանը: Վ. Դումանյանն էլ իր հերթին  պնդում է, որ ինքը ավազակային հարձակում չի կատարել: «Ավազակային հարձակում, առավել եւս՝ ուրիշի գույքին տիրանալու փաստ տեղի չի ունեցել, քանի որ Գ. Թումանյանն է ինձ հրավիրել իր տուն՝ միասին խմելու նպատակով: Իմանալով, որ չեմ աշխատում, ինքն է ստիպողաբար ինձ գումար տվել: Իսկ այն, որ բացի ինձնից` էլի երկու հոգի են եղել նրա տանը, սուտ է», – ցուցմունքում ասել է Վ.  Դումանյանը:

«Այսօր մեր փորձը, պրակտիկան ցույց են տալիս, որ դատարանները, կոպտորեն խախտելով օրենքը, ընդհանրապես հաշվի չեն առնում պաշտպանական կողմի ներկայացրած փաստարկները, ավելին՝ որեւէ ձեւ չեն փորձում հերքել դրանք իրենց կայացրած դատական ակտերում»,-բացատրում է փաստաբան Հարությունյանը:

 

Անուշ Բուլղադարյան

Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031