Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն «Հրազդան» ստադիոնում կայանալիք Հայաստան-Իտալիա հանդիպումից առաջ իտալական հեղինակավոր «Gazzeta dello Sport»-ին տված հարցազրույցում երեկ բնութագրել է իր գլխավորած թիմի եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
«Մխիթարյանին կարելի է անվանել ռմբարկու կիսապաշտպան, չնայած եզրափակիչ հարվածը նրա մասնագիտացումը չէ: Անսովոր խաղացող է, առանձնահատուկ, արագացող վազքով: Ես մտածում եմ, թե նրան ո՞ւմ հետ կարելի է համեմատել… թերեւս, Կակայի: Բայց ի տարբերություն բրազիլացու, Մխիթարյանն աշխատում է նաեւ պաշտպանությունում», – ասել է Լուչեսկուն: Նա տեղեկացրել է նաեւ, որ «Շախտյորը» մերժել է Մխիթարյանին գնելու՝ Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» առաջարկը, քանի որ իրենք Մխիթարյանի կարիքն ունեն: «Հենրիխը երիտասարդ է եւ նրան փայլուն ապագա է սպասվում: Նա խելացի է, խոսում է մի քանի լեզուներով, այդ թվում՝ նաեւ պորտուգալերեն: Նրա գործակալը մայրն է, քույրը՝ Միշել Պլատինիի օգնականը: Հենրիխ Մխիթարյանին ուշադիր հետեւեք», – իտալացիներին խորհուրդ է տվել Միրչա Լուչեսկուն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ