Իմ դեմ 3 մահափորձ է տեղի ունեցել: Ի՞նչ է, դա քի՞չ է: Ես իմ ընտանիքի միակ տղան եմ մնացել եւ 6 զավակների հայր եմ: Հիմա, որ այդ փորձանքը լինի իմ երեխաներին ո՞վ է պահելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում անկեղծացավ ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանը՝ անդրադառնալով իր թիկնապահներին զինաթափելու մասին տեղեկություններին: Հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ։
Պարոն Արզաքանցյան, ասում են, որ թիկնապահների զինաթափման գործընթացի շրջանակներում Երեւանի կենտրոնական փողոցներից մեկից զինաթափել եւ բերման են ենթարկել Ձեր թիկնապահներին:
Դեպքը տեղի է ունցել Սայաթ-Նովա փողոցում: Նախ իմ թիկնապահները ոստիկանության աշխատակիցներ են, եւ իրենք կարող էին զանգ տալ իրենց աշխատակիցներին ու հրավիրել բաժին: Ստացվում է, որ իրենք զինաթափել են իրենց աշխատակիցներին: Սա շոու է, բայց, թե ո՞ւմ համար են այս շոուն իրականացնում, ես չգիտեմ: Եթե իրենց ցանկանում են այս կերպ ցույց տալ, որ աշխատում են թող ցուցադրեն: Մենք պայմանագիր ունենք եւ օրինականության շրջանակներում ենք աշխատում նրանց հետ:
Իսկ քանի թիկնապահ է ձեզ ուղեկցում: Եվ այս պահին նրանք ձեզ հետ են, ձեզ ուղեկցում են, թե ոչ:
Կարդացեք նաև
4 թիկնապահ էին ուղեկցում: Բայց արդեն մեկ օր է, ինչ նրանք ինձ հետ չեն: Եթե ես իմ մաշկի վրա վտանգ զգացած չլինեի, ես թիկնապահների ծառայությունից չէի օգտվի: Ինձ հետ տեղի ունեցած փորձանքը դեռ չի ավարտվել: Քիլերները գալիս Հայաստանում ազատ ման են գալիս գնում, սակայն ոստիկանությունը, իրազեկված լինելով հանդերձ, նրանց չի բռնում: Անձամբ ես եմ այդ մասին տեղյակ պահել իրավապահներին, սակայն նրանք ուշադրություն չեն դարձնում: Իրենք միայն շոու են ցուցադրում: Չի կարելի, ոստիկանությունը պետք է զբաղվի լուրջ աշխատանքներով, բայց ես չեմ հասկանում, թե ինչ է կատարվում, ինչ են ուզում ցույց տալ:
Նշեցիք, որ ձեր անձի նկատմամբ սպառնալիքները շարունակվում են չակերտները կբացեք, թե խոսքը ի՞նչ սպառնալիքների մասին է:
Դե, իմ դեմ կատարված մահափորձից հետո 2-րդ քիլերը փախած է: Նրան դեռ չեն բռնել, կազմակերպիչը եւս չկա:
Իսկ մեր իրավապահներին ե՞րբ եք տեղեկացրել, որ ձեր նկատմամբ սպառնալքները շարունակվում են, որ նրանք միջոցներ չեն ձեռնարկել:
Ես անձամբ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին եմ դիմել: Պահանջեցին նրանց կոնտակտները եւ խոստացան զբաղվել այդ հարցով: Ես կոնտակտները փոխանցեցի եւ…:
Ինչպես հասկացա, որ այդ քիլերները վերջին անգամ ձեզ Հայաստանում են հետապնդել: Իսկ հիմա այստեղ են, թե՝ ոչ:
Այո՜, ինձ Հայաստանում են հետապնդել, բայց այս պահին չգիտեմ այստեղ են, թե՝ ոչ:
Տեղեկություններ ունեք արդյոք, ձեր թիկնապահները շարունակելո՞ւ են այսուհետեւ էլ ձեզ ուղեկցել, թե՝ ոչ:
Իմ թիկնապահները ոստիկանության աշխատակիցներ են։ Ես նրանց հետ պայմանգիր ունեմ: Պայմանագիրը ուժի մեջ է: Հիմա իմ իրավաբանները պետք է նայեն, թե նրանք իրավունք ունե՞ն միակողմանի չեղյալ համարել այդ պայմանագիրը, թե՝ ոչ: Ես ոչ ոքի անուն չեմ ցանկանում տալ, թե՝ ով, ինչի համար է թիկնապահներով ման գալիս: Եթե ինձ վտանգ չսպառնար, մեծ հաճույքով առանց թիկնապահի ման կգայի: Իմ դեմ 3 մահափորձ է տեղի ունեցել: Ի՞նչ է, դա քի՞չ է: Ես էլ իմ ընտանիքի միակ տղան եմ մնացել, եւ 6 զավակի հայր եմ: Բացի այդ, ունեմ հարյուրավոր կոլեկտիվ եւ առաջիկա 3 ամիսների ընթացքում աշխատողների թիվը 500-ով կավելանա: Հիմա, որ այդ փորձանքը լինի իմ երեխաներին ո՞վ է պահելու: Դրա համար ես չեմ ափսոսում, իմ աշխատավարձը օրինական մուծում եմ, որ իմ անվտանգությունը ապահովեն: Պարզապես շատ տգեղ է այս երեւույթը: Եվ ասեմ, թե ինչո՞ւ է տգեղ: Ես համոզում եմ, արտասահամանյան ինվեստորներին բերում եմ Հայաստան: Ասում եմ այստեղ ամեն ինչ լավ է` մեր ոստիկանությունը, դատական համակարգը նորմալ աշխատում են, կարող եք արխային գաք եւ գումար ներդնեք: Բայց ինչ ասում եմ, հակառակը գալիս է իմ գլխին: Հո միայն հեռուստացույցով ցուցադրելով չէ, որ քրտնաջան աշխատում են…
Եթե այդպես է իրենք ինչ իրավունքով են թիկնապահներով շրջում: Ինչ իրավունք ունեն նախարարները մի քանի մեքենաներով, սիրենաներով հետեւներից կապած ման գան: Չեմ հասկանում պետական գործիչ են, թե՝ ի՞նչ: Կամ, նրանց դեմ իմ նման մահափո՞րձ են իրականցրել:
Այդ 3 մահափորձը, որ ձեր դեմ իրականցվել է, նո՞ւյն մարդու կողմից է իրականցվել, թե տարբեր մարդկանց կողմից:
2-ը մի մարդու կողմից է, իսկ այն մեկը՝ ուրիշի:
Իսկ ինչո՞ւ են նպատակաուղղվել ձեր դեմ:
Ով իմ դեմ մահափորձ է պատվիրել, նրա կյանքը ես ժամանակին 2 անգամ փրկել եմ: Ես առաջնորդվել եմ Աստվածաշնչյան պատվիրաններով եւ լավություն եմ արել, բայց նա այդ կերպ փոխհատուցեց:
Իսկ պատվիրատուները հա՞յ են, թե՝ ոչ:
Ո՜չ, հայ չեն, բայց քանի որ նրանք դեռ իրենց օրինական պատիժը չեն ստացել չպատասխանեմ:
Լավ, հիմա ինչպե՞ս է այսուհետեւ ձեր անվտանգությունը ապահովվելու:
Հիմա ես դրա մասին եմ մտածում: Ուզած չուզած, ի՞նչ է պետք է թողնեմ գնամ մինչեւ կարգավորեն: Ես հույս չունեմ, որ իմ անվտանգությունը կապահովվի, որովհետեւ այստեղ օրը մի բան կատարվում է:
Իսկ արտերկրում ինչպե՞ս է ձեր անվտանգությունը իրականացվում:
Եվրոպայում եւ Ռուսաստանում կրկին օրինական թիկնապահներով եմ շրջում, մինչեւ որ այդ մարդիկ չպատժվեն:
Զրուցեց Տաթեւ Մեսրոպյանը