Սամվել Բալասանյանի` Գյումրու քաղաքապետ ընտրվելուց հետո, թիվ 35 ընտրատարածքը առանց պատգամավորի է մնացել: Այստեղ արդեն իսկ հայտարարվել է արտահերթ ընտրություն, ՀՀԿ-ն էլ որոշել է առաջադրել ու սատարել «Շիրակ» Ֆուտբոլային ակումբի սեփականատեր, հանրապետության խոշոր հարկատու Արման Սահակյանի թեկնածությունը, ով սակայն մայիսի 6-ին պարտվեց Գյումրիից ընտրված պատգամավոր, ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանին:
Ի սկզբանե խոսակցություններն էին պտտվում այն մասին, որ Սամվել Բալասանյանը իր փոխարեն Ազգային ժողով է ուղարկելու ավագ որդուն` Միսակին, ով ղեկավարում է Գյումրու գարեջրի գործարանը: Այսօր պարոն Բալասանյանից հետաքրքրվեցինք, թե իր որդին առաջադրելո՞ւ է թեկնածությունը: «Ոչ, նա չի առաջադրելու, զբաղվելու է բիզնեսով», – տեղեկացրեց Գյումրու նորընտիր քաղաքապետը: Մեր այն հարցին էլ, ո՞ւմ կուզենար իր փոխարեն պատգամավոր տեսնել Ազգային ժողովում , պարոն Բալասանյանն ասաց. «Թող առաջադրվեն, բնականաբար մենք մեր կարծիքը կասենք, որևէ մեկը դեռ չի առաջադրվել»:
Նշենք, որ Սամվել Բալասանյանի որդի Միսակը որոշակի մտերմություն ունի Սերժ Սարգսյանի փեսայի ընկերոջ` Արման Սահակյանի հետ, և նրա չառաջադրվելը պայմանավորված է նաև այս հանգամանքով: Իսկ Գյումրու գարեջրի գործարանի տարածքն ու Ախուրյանի գյուղերն ընդգրկող թիվ 35 ընտրատարածքում թեև մինչ այս պահը որևէ մեկը դեռ իր թեկնածությունը չի առաջադրել, այդուհանդերձ շոշափվում են որոշակի հետաքրքիր անուններ, մասնավորապես, որպես «օրենքով գող» հայտնի Բենոյի ազգականներից մեկի անունը: Հիշեցենք, որ Բենոն զոհվեց յոթ տարի առաջ Երևան- Սոչի ինքնաթիռի կործանման ժամանակ: Այնպես որ այստեղ ևս ինտրիգային պայքարը չի բացառվում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև