Այսօր Վերադարձի 6-րդ փառատոնի շրջանակներում Կամերային երաժշտության տանը կայացավ Գերմանիայից ժամանած «Ֆրատրես» տրիոյի համերգը: Այն թվով երրորդն էր ու նվիրված էր կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանի հիշատակին:
«Տրիոյում ընդգրկված են Ֆյոդր Ռուդինը (ջութակ), Հայրապետ Առաքելյանը (սաքսաֆոն), Ռուդոլֆ Վանկսը (դաշնամուր): Նրանք կնվագեն Միյոի, Բուր Քենֆիլդի, Պետերսոնի, Պյացոլայի ստեղծագործությունները»,- հայտնում է Վերադարձի փառատոնի հիմնադիր Գարիկ Նազարյանը: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ նման համերգ անցկացնելու պայմանավորվածությունը վաղուց է եղել, եւ ուրախ է, որ այն այսօր վերջապես իրականացավ:
Գնահատելով փառատոնի մինչ այսօր եղած արդյունքները` Նազարյանն ասաց, որ ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրածի: Խնդիր է առաջացել միայն Հայաստանի երիտասարդական նվագախմբի հետ. «Խնդիրը հետեւյալն է` մենք նախնական պայմանավորվածություն ունեինք, սակայն նրանք նոր պահանջներ մեր առջեւ դրեցին, որը հնարավորություն չունենք իրականացնելու: Դրա պատճառով չի կայանա հոկտեմբերի 18-ի համերգը եւ պլանավորված ութ համերգներից կանցկացվի յոթը»:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ