Կիրակի` Գյումրու տոնակատարության ժամանակ, քաղաքապետ Վարդան Ղուկասյանը «աշխարհի տակի ամենալավ բաները» ցանկանալով նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանին, հայտարարեց, թե հանուն հարազատ քաղաքի զարգացման պատրաստ է համագործակցել, օգնել պարոն Բալասանյանին, իհարկե, եթե իր կարիքը նա զգա:
Այսօր Aravot.am-ը Սամվել Բալասանյանից հետաքրքրվեց, թե պատրա՞ստ է արդյոք ընդունել Վարդան Ղուկասյանի առաջարկը: «Իսկ ինչո՞ւ ոչ, մեծ սիրով», -պատասխանեց պարոն Բալասանյանը: Հնարավո՞ր է Վարդան Ղուկասյանին որպես փոխքաղաքապետ հրավիրեք` Գյումրու նորընտիր քաղաքապետին ուղղված մեր այս հարցին պատասխանեց մարզպետ Աշոտ Գիզիրյանը: «Պրավոկացիոն հարց եք տալիս, նա (ի նկատի ունի Վարդան Ղուկասյանին- Ա.Ն.), պաշտոնի համար չի ասել, և գիտեք , որ դա հնարավոր չէ, ինչի՞ եք էդպիսի պրովոկացիոն հարց տալիս, էրեխեք, մի քիչ առաջ ես ձեզ գովացի, ոչ թե գովացի, այլ իրականությունը ասի, որ ամենից լավն ու ակտիվը դուք եք: Հետաքրքիր հարց եք տալիս, կադրային ջարդ, դա լրատվության տերմինալոգիան է, ինչո՞ւ. երբ ես նոր էի նշանակվել մարզպետ, ասում էին` Գիզիրյանը գլխատելու է բոլորին: Բայց ոչ մեկին էլ չփոխեցի, կարող է պարոն Բալասանյանը ոչ մեկին էլ չի ուզում փոխի , թիմով աշխատում է, եթե իհարկե աշխատակիցները ուզում են մնալ»,- իր օրինակով Սամվել Բալասանյանին կադրային ճիշտ քաղաքականություն վարելու ակնարկ արեց մարզպետը :
Մինչդեռ, նորընտիր քաղաքապետը հին քաղաքապետի հետ աշխատած կադրերին հասկացրեց, որ փոփոխություններ այդուհանդերձ լինելու են և նրանց միջից ընտրելու են այն մասնագետներին, ովքեր համապատասխանում են համայնքային ծառայողի իրենց անձնագրերին: «Իսկ ով չի համապատասխանում, չի աշխատելու, որովհետև մասնագետներից է սկսվելու ամեն ինչ, իսկ մասնագետները մեր երկրում ամենակարևոր մենեջերներն են, կուսումնասիրենք, վերլուծություն կկատրենք, դրանից հետո մենք մեր խոսքը կասենք», -հստակ պարզաբանեց պարոն Բալասանյանը: Իսկ լրագրողների հետ էլ, քաղաքապետը կաշխատի թափանցիկ, եթե իհարկե նրանք օբյեկտիվ լինեն, իրեն հասցեագրված քննադատություններն էլ, նրա ձևակերպմամբ, լինեն առողջ ու ճշմարիտ:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ