Քաղաքագետ Արմեն Աղայանը օրեր առաջ մեզ հետ զրույցում կարծիք էր հայտնել, թե ՀՅԴ-ն դաշտում կարծես թե էլ չկա, համարյա լուսանցքային վիճակում է: «Ամեն մեկը իրեն քաղաքագետ է հռչակում, ինչ-որ բան է հայտարարում ու ստիպված ես լինում բացատրել: Ամեն տգիտություն չեմ մեկնաբանելու»,- քաղաքագետի հետ չհամաձայնելով` Aravot.am-ին ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ շարունակելով.« Միջազգային փորձում ընդդիմությունն այն չէ, որ անպայման պետք է բերդերում նստի, հայհոյի: Ընդդիմությունն այն ուժն է, որ քննադատելու հետ միաժամանակ նաեւ ներկայացնում է երկրի զարգացման այլընտրանքային մոտեցումներ: Այս տեսակետից Դաշնակցությունը կարողացել է նորմալ նշաձող ապահովել քաղաքակիրթ ընդդիմադիր ուժի կերպարով հանդերձ»:
Պարոն Մինասյանը նաեւ չի կիսում այն տեսակետը, թե ընդդիմությունը վերջին շրջանում թուլացել է .«Գուցե նրանից է, որ հասարակության մեջ անտարբերությունն է շատ: Նույն հասարակությունն է ընդդիմությանը այս կարգավիճակը տվել, հատկապես հասարակության այն հատվածը, որը ընտրությունների է գնում փողի, վարչական լծակների ճնշմամբ: Իշխանություններին տվել է մեծ, իսկ ընդդիմությանը՝ փոքր հնարավորություն: Իհարկե, հանրապետական կուսակցությունն էլ կուզենա տեսնել թույլ ընդդիմություն, որովհետեւ իրենց քաղաքականությամբ չեն առանջնորդվում հեռատեսության եւ պետական շահը վեր դասելու սկզբունքով: Խոսում եմ հանրապետականների հատկապես այն հատվածի մասին, ում համար քննադատությունը հավասարազոր է մահացու վիրավորանքի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ