Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավորը՝ Նաիրա Զոհրաբյանին. «Խորհուրդ կտայի սեփական խոսքում իրարամերժ դրույթներ չօգտագործել»

Հոկտեմբեր 11,2012 20:11

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Aravot.am-ում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի՝ Էդուարդ Շարմազանովին ուղղված խորհրդին, որ բառերի մանիպուլյացիայով պետք չէ զբաղվել, այսպիսի գրառում է կատարել. «Ինձ համար չի կարող ընդունելի լինել մեր գործընկերների «բարի խորհուրդները», այն է՝ «բառերի մանիպուլյացիայով չզբաղվելը»: Ժողովրդի ճնշող մեծամասնության վստահություն հավաքած քաղաքական խմբակցությունը՝ ՀՀԿ-ն, բազմիցս լոյալ վերաբերմունք է ցուցաբերել մեր հասցեին հնչած անհիմն ու ագրեսիվ գնահատականների նկատմամբ, սակայն մի բան պետք է սերմանել մեր մեջ՝ փոխադարձ հարգանք պատգամավորների միջեւ: Խորհուրդ կտայի ՀՀԿ պատգամավորներին խորհուրդ տվողներին նախեւառաջ սեփական խոսքում իրարամերժ դրույթներ չօգտագործել, սեփական հայտարարությունների համար ապահովել ծանրակշիռ եւ անհերքելի հիմքեր եւ ապա զբաղվել «բարի խորհուրդների» տարածմամբ: Քաղաքական գործընթացների շուրջ տարակարծությունն է հիմնական սյունը, որ ապահովում է Ազգային ժողովի ամբիոնը: Եվ քաղաքական գնահատականների հնչեցումն է, որ հանգեցնում է երկրում ժողովրդավարության կայացմանն ու ամրապնդմանը: Սակայն իմ գործընկերների կողմից վերջերս հնչում են բացահայտ վիրավորանք պարունակող արտահայտություններ՝ կապված ՀՀ Գլխավոր դատախազի միջնորդության եւ այս հարցի վերաբերյալ մեր խմբակցության դիրքորոշման մասին: Ինձ համար ընդունելի չի կարող լինել Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավորների հայտարարությունները «դիլետանտ» անվանելը միայն այն բանի համար, որ արտացոլում են այլ կարծիք՝ արմատապես տարբերվող ԲՀԿ խմբակցության կարծիքից: Ինձ համար նաեւ անհասկանալի է իր սեփական անմեղության մեջ վստահ պարոն Օսկանյանի՝ ցուցմունք տալուց հրաժարվելը»:
Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում վստահեցրել էր, որ ԱԺ քառօրյայի իրենց բոյկոտը բյուջեի կատարողականի քվեարկության հետ որեւէ կապ չուներ: Այս առնչությամբ ՀՀԿ խմբակցության երիտասարդ պատգամավորի դիտարկմամբ՝ «Կարծում եմ, եթե ԲՀԿ-ն պատրաստվում էր դեմ քվեարկել 2011 թ. բյուջեի կատարողականին եւ գնահատականներ հնչեցնել 2011 թվականի կառավարության աշխատանքի վերաբերյալ, որտեղ ԲՀԿ-ն ունեցել է նախարարական ներկայացվածություն, միանշանակ թե պատգամավորների, թե կառավարության անդամների եւ թե ժողովրդի համար ավելի ընդունելի կլիներ այս կարեւոր հարցի քննարկմանը եւ քվեարկությանը ԲՀԿ խմբակցության անմիջական մասնակցությունը: Ես հարգում եմ նրանց քաղաքական որոշումը՝ բոյկոտելու Վարդան Օսկանյանի հետ կապված հարցի գործընթացը, սակայն դրա ավարտից հետո ավելի տրամաբանական կլիներ ԲՀԿ վերադարձը բյուջեի կատարողականի հարցին: Այլապես ԲՀԿ պնդումների հիմնավորումը մնում է «բառերի մանիպուլյացիայի» հարթության մեջ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031