Այսօր լրագրողները Գյումրու քաղաքապետի պաշտոնը ստանձնած Սամվել Բալասանյանից մեկ անգամ ևս հետաքրքրվեցին, թե ճի՞շտ է, որ գարեջրի գործարանը իրեն նվիրել է Վարդան Ղուկասյանը: Գյումրու տոնակատարության ժամանակ նման հայտարարությամբ էր հանդես եկել նախկին քաղաքապետ Ղուկասյանը:
«Ես էսօր եկել եմ, ասացի, որ ինձ ընտրել է այս համայնքը, ասացի` 65 տոկոս քվե ունեմ, բայց ես երբեք չեմ մտածում, որ սեփականատերն եմ քաղաքի, ինչ-որ մեկին լավություն անեմ: Եթե դա արվում է, արվում է համապատասխան օրենսդրությամբ և ավագանու միջոցով: Այսինքն, որ գարեջրի գործարանը փլված տրվել է, տրվել է 2000 թվականին ավագանու որոշմամբ, հիմա էդ նույն տրամաբանությամբ ես կարող եմ ասել, որ ես տվել եմ հյուրանոցի տեղ, խանութի տեղեր, այգիներ , պուրակներ, կարող եմ ասել, չէ՞, ես քաղաքապետ եմ, բայց ես սեփականատեր չեմ: Հասկանո՞ւմ եք, համայնքապետը դա ընտրված մարդ է հասարակության կողմից, որպեսզի կարողանա այն գործառույթները իրականցնել, որը անհրաժեշտ է համայքնի համար», -լրագրողներին լուսաբանեց նորընտիր քաղաքապետը:
Վարդան Ղուկասյանի մեծախոսությանը անդրադարձավ նաև Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը: «Մի րոպե, մի հարց ունեմ` որպես Շիրակի մարզպետ և որպես հայ քաղաքացի: Ի՞նչ է նշանակում նվիրել, «Ալեքսանդրապոլ» ասիք, թե՞ գարեջրի գործարան, Վարդան Ղուկասյանը իր սեփական միջոցներո՞վ է նվիրել, կա օրենք»,-իր հերթին միջամտեց պարոն Գիզիրյանը: « Ես 1992 թվականին արդեն եղել եմ գարեջրի գործարանի տնօրեն, մի մոռացեք դա, իսկ 99թ-ից ընտրվել եմ Ազգային ժողովի պատգամավոր»,-մարզպետ Գիզիրյանի խոսքը շարունակեց Սամվել Բալասանյանը: