Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կապանում օրեր առաջ երկնաքար են գտել, բայց մասնագետների կողմից դեռեւս արձագանք չկա

Հոկտեմբեր 11,2012 19:05

Երկնաքարի հետքերը

Օրերս մարզկենտրոնի բնակիչ Ռուբիկ Ավետիսյանը Վահանավանքի տարածքում սունկ հավաքելիս երկնաքար է գտել: Ռուբիկն աշխատանքից հետո սովորականի պես սունկ հավաքելու էր գնացել, բայց անտառում պատահականորեն հանդիպեց   երկաթե կտորների նմանվող 8-10 քարե զանգվածների: Ամենասկզբից բնակիչը գլխի չի ընկել, որ իր գտածը կարող է երկնաքար լինել: «Ասեցի` տեսնես ո՞վ է ծմակում եկել սվարկա արել, էդ կողմերում մենակ ես եմ լինում, բայց հետո հասկացա, որ սվարկայի հետք չի սա:  Կապանի 10-րդ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչը եկել է, տեղանքն ուսումնասիրել ենք, եւ պարզվել է, որ իրոք իմ գտածը երկնաքար է: Ամենամեծ կտորը 80 գրամ է, գրպանումս եմ պահում, բոլորին ցույց եմ տալիս, բայց մարդիկ կան չեն հավատում, ով չի հավատում, ասում եմ եկեք գնանք ես ձեզ տեղը ցույց տամ, քարի վրա, խոտածածկույթին, հողի շերտին այրվածքի հետքերը մնում են», – ոգեւորված պատմեց Ռուբիկ Ավետիսյանը:

Կապանի թիվ 10 դպրոցի տնօրեն, ֆիզիկայի ուսուցիչ Արթուր Հակոբյանն ավելի քան համոզված է, որ բնակչի գտածն իրոք երկնանքար է, երկնաքարին բնորոշ բոլոր նկարագրություններով համընկնում է: Ֆիզիկոսը բացառիկ դեպք է համարում այս երեւույթը, քանի որ օրական դեպի երկիր մոտ 3000 երկնաքար է ընկնում եւ  հիմնականում երկիր չի հասնում,  մթնոլորտի խիտ շերտում այրվում-ցնդում է:  Արթուր Հակոբյանը մեզ հետ զրույցում հավաստիացրեց, որ քարե զանգվածը 99 տոկոսով երկնաքար է եւ կարող է լինել մի քանի միլիարդ տարեկան, սակայն գտած երկնային զանգվածը լուրջ ուսումնասիրության կարիք ունի, բայց  տեղում համապատասխան  հնարավորություններ եւ մասնագետներ չկան:

«Եղել ենք տեղում, ուսումնասիրել տեղանքը, երկնային զանգվածը հարվածել է հողի մեջ գտնվող քարե ժայռին եւ մանր կտորների բաժանվել: Ժայռի վրա այրվածի հետքեր կան, շիկացած կտորներից այրվել են նաեւ հողի շերտն ու տեղ-տեղ խոտածածկույթն ու գունափոխվել: Երկնաքարի մի կտորն իմ ձեռքին է, բոլոր նկարագրություններով համընկնում է, երկաթի պարունակություն կա, մագնիսը դրեցի կպնում էր մագնիսին: Քարի վերեւի կեղեւը հալված է,  միջին կտորը ջարդեցի տեսա, որ մեջը քարային մաս էլ կա: Այն մուգ մոխրագույն է, սեւին խփող:  Ինձ թվում է երկնաքարը մեզ հասել է օգոստոս ամսին, երբ մեր աշխարհագրական լայնությունում աստղային անձրեւ է նկատվել եւ մեզ բախտ է վիճակվել, որ 3000 երկնաքարի մասունքներից մեկը հասել է մեր տարածք: Կարծում եմ, Կապանի տարածքում ընկած  երկնաքարը մոտ  100-120 գրամ է եղել, որը խփելով քարին մանր կտորների է բաժանվել», – նշեց ֆիզիկոս Արթուր Հակոբյանը:

Երկնաքար գտած կապանցի բնակչին խորհուրդ են տվել երկնաքարը Կապանի երկրագիտական թանգարանին հանձնել, սակայն նա հրաժարվել է, բոլոր կտորներն իր մոտ է պահում, բացառությամբ այն մի կտորի, որը տվեց  ֆիզիկայի ուսուցչին: Ռուբիկը ոգեւորությամբ ու հպարտությամբ է ամեն տեղ պատմում իր հետ կատարվածի մասին եւ երկնաքարը թանգարանին հանձնելու առաջարկը մերժելիս  ասել է. «Մարդ կա ամեն ինչ ունի, երկնաքար չունի, իսկ ես ոչինչ չունեմ, բայց երկնաքար ունեմ»:

Կապանում օրեր առաջ հայտնաբերված երկնաքարի ուսումնասիրության համար դեւռեւս արձագանքներ չեն ստացվել մայրաքաղաքի ֆիզիկոսների եւ աստղագետների կողմից, բայց տարածաշրջանում ակնկալում են, որ այս բացառիկ երեւույթն անարձագանք չի մնա եւ շուտով կհայտնվի մասնագետների ուշադրության կենտրոնում:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Լուսանկարները` Գ. Թումանյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031