Հայաստանի գրողների միությունում այսօր տեղի ունեցավ գրող, արձակագիր, թատերագիր Նելլի Շահնազարյանի «Ընտրանի» գրքի քննարկումը:
Թատերագիր, գրականագետ, արվեստի վաստակավոր գործիչ Լեւոն Մութաֆյանը գրքի նախաբանում գրել է. «Նելլի Շահնազարյանի «Ընտրանի» հատորն իսկապես ընտրանի է, հոբելյանական գիրք, ուր բացի վիպակից ու պատմվածքներից, զետեղված են նաեւ նրա դիմանկարներն ու հրապարակախոսական հոդվածները, որոնք հատկապես գրավիչ են իրենց խորքային թափանցումներով, լեզվամտածողության առանձնակիությամբ: Գիրքը գրողը նվիրել է իր հոբելյանին` այսպես ինքնահատուկ հաշվետվությամբ ներկայանալով ընթերցողին, այսպես ինքն իրեն նվեր մատուցելով: Իսկ այդ նվերն առավելապես մեր գրականությանն է, նրա ճանապարհինն է, որովհետեւ այս ժողովածուն ձեւավորում է հանգրվանային արժեքներ ոչ միայն գրողի ստեղծագործության, այլեւ արդի հայ գրականության մեջ»:
Գրողի խոսքով գիրքը ուղղված է հասուն մարդկանց. «Այն, ինչ քո մեջ ծնվում է` թղթին պետք է հանձնես: Եթե չգրեմ, ուրեմն վերջանում եմ: Մեր ժամանակների ու բոլոր ժամանակների զգացողությամբ ապրած գործեր են, այն, ինչ տեսողական հիշողությանս մեջ նստել է, հանգիստ չի տվել հոգուս, սրտիս, երկար ժամանակ խմորվել է ներսս, դրանք դարձրել եմ պատմվածքներ»:
Aravot.am-ի հարցին, թե գիրք այսօր ընթերցո՞ւմ են, արձակագիրը պատասխանեց. «Դաշտը ամբողջությամբ ամայացած չէ, ընթերցողներ կան, բայց քիչ են: Համակարգիչը չի տալիս այն, ինչ գիրքն է, նրա հոտը, իրեն շոշափելն ու զգալը` գիրք ընթերցելը ուրիշ գեղարվեստական հաճույք է: Հուսով եմ` կգա այն ժամանակը, երբ գիրքը իր հաստատուն տեղը կբռնի: Մեր երկրում շատ քչերն են ընթերցանությանը ուշադրություն դարձնում, քանի որ մարդիկ հացի խնդիր ունեն, ոչ գնում են, ոչ էլ ժամանակ են տրամադրում կարդալուն»:
Ռեժիսոր Վահե Շահվերդյանը բեմադրել է Նելլի Շահնազարյանի ստեղծագործություններից երկուսը: Նա կարծում է, որ գրողը լավ է հասկանում մարդուն: Aravot.am-ի հետ զրույցում ռեժիսորը նշեց, որ Նելլի Շահնազարյանը պասիվ գրողներից չէ, միշտ մարտնչում է իր տեսակետի եւ դիրքորոշման համար. «Այն, ինչ հատուկ է մարդուն, Նելլին կարողանում է ճիշտ վերարտադրել ու մատուցել ընթերցողին, ինձ համար նա անհրաժեշտություն է: Շատ զբաղված լինելով` ավաղ ժամանակ չեմ գտնում ընթերցանության համար, բայց նրա գործերը ինձ համար շատ հոգեհարազատ են: Ես զգում եմ Նելլի Շահնազարյան գրողի մեկ ուրիշ հասունացում ու մարտնչող ոգի: Երբեմն ընթերցում եմ ու մտածում, հնարավոր է, որ գրողը կին չէ, հենց այդքան հստակ է նրա ասելիքը»:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ