Օրվա մասին քչերը գիտեն: Երիտասարդների մեծամասնությունն անտեղյակ է, քանի որ օրն աշխարհում առաջին անգամ է նշվելու եւ լայն տարածում չի ստացել:
Հոկտեմբերի 11-ին առաջին անգամ ողջ աշխարհում տոնվում է աղջիկների միջազգային օրը, որը հռչակվել է ՄԱԿ-ի կողմից: Այն նպատակ ունի ուշադրություն հրավիրել խտրականության վրա, որին ենթարկվում են աղջիկները: Հարցման մասնակից երիտասարդ տղաների պնդմամբ՝ հայ աղջիկները երբեւէ խտրականություն զգալ չեն կարող.«Եթե համեմատենք Աֆղանստանի հետ կամ որեւէ մուսուլմանական երկրի, ապա մեզ մոտ աղջիկների իրավունքները որոշակի առումով պաշտպանված են: Թող շարունակեն կրթվել, զարգանալ եւ սիրված ու գնահատված մայրեր դառնան»,-ասում է 25-ամյա Հայկ Կարապետյանը: Մինչդեռ աղջիկների հավաստմամբ խտրականություն այնուամենայնիվ կա, որն իրեն զգացնել է տալիս անգամ ընտանիքում. «Քիչ չեն եղել այն դեպքերը, երբ ծնողներս ինձ արգելել են այս կամ այն բանն անել, կամ ինչ -որ տեղ գնալ, այնինչ եղբայրս նման խնդիրների առջեւ երբեւէ չի կանգնել: Եվ երբ հարցնում ես, թե ինչու, պատասխանում են, որ նա տղա է եւ իրեն կարելի է, որն ինձ համար ընդունելի չէ»,-ասում է 21-ամյա Նարինե Պետրոսյանը: Նարինեն «երդվել է,» որ եթե տղա եւ աղջիկ ունենա, նրանց հավասար իրավունքներ է տալու:
Ինչպես տեղեկանում ենք ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ից՛ 2012 թվականի համար ընտրվել է վաղ ամուսնությունների թեման: Զարգացող երկրներում 15-19 տարեկան աղջիկների մահվան հիմնական պատճառը վաղ հղիությունն է: Վաղ ամուսնությունները կանխելու ճանապարհներից մեկը, ըստ ՄԱԿ փորձագետների, աղջիկների համար կրթության ապահովումն է: Հրապարակված զեկույցի համաձայն, աշխարհում յուրաքանչյուր 3-րդ աղջիկ զրկված է կրթության հնարավորությունից:
Քրիստինա Միրզոյան