Հոկտեմբերի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լենինգրադի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոյի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի և Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանի:
Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն ուրախություն հայտնեց, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են նաև մարզային մակարդակի վրա` գոհունակությամբ հաստատելով Արագածոտնի և Լենինգրադի մարզերի միջև առկա բարեկամությունը և ակտիվ համագործակցությունը: Նորին Սրբությունը նշեց, որ նման գործակցության շնորհիվ պահպանվում են այն բարի ավանդույթները, որ դարեր շարունակ ձևավորվել են երկու ժողովուրդների միջև` նպաստելով նաև փոխճանաչողությանն ու ջերմ հարաբերությունների առավել սերտացմանը:
Անդրադառնալով ՌԴ Լենինգրադի մարզում բնակվող հայորդիներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր մասնավոր գնահատանքը հայտնեց նահանգապետին` հայ ժողովրդի զավակների նկատմամբ մարզի իշխանությունների կողմից մշտապես դրսևորվող ուշադիր և հոգատար վերաբերմունքի, որի շնորհիվ հայ համայնքը լիարժեքորեն ապրում է իր ազգային-հոգևոր ու մշակութային կյանքով` իրենց ներդրումն ունենալով նաև մարզի զարգացման գործում:
Կարդացեք նաև
Զրույցի ընթացքում խոսվեց նաև երկու ժողովուրդների կյանքում քրիստոնեական հավատի և արժեքների դերակատարության, ինչպես նաև Արագածոտնի մարզում գտնվող նշանավոր սրբատեղիների և հայ ժողովրդի կյանքում դրանց կարևոր նշանակության մասին:
Հանդիպմանը ներկա էր նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին