«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Խաչատուր Քոքոբելյանը վայր չի դնի իր պատգամավորական մանդատը։ Այդ մասին նա հայտարարեց հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում։
Մեկնաբանելով օրեր առաջ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի արած հայտարարությունը, որ իր եւ «Ազատ դեմոկրատներ»-ի նախագահի միջեւ եղել է համաձայնություն, որ մանդատները պետք է վայր դնեին միասին` ճանապարհ բացելով երիտասարդների համար, Քոքոբելյանը վստահեցրեց, թե այն թյուրըմբռնման արդյունք է, եւ իրենք նման պայմանավորվածություն չեն ունեցել։
Նա հավաստիացրեց նաեւ, որ իրենց եւ «Ժառանգություն» կուսակցության համագործակցությունը շարունակվելու է, եւ առաջիկա նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրվելու դեպքում «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը կսատարի նրան։
Սեպտեմբերին Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվեց իր պատգամավորական մանդատից: Նրան խորհրդարանում փոխարինեց փորձագետ Թեւան Պողոսյանը, ինչից հետո «Ժառանգության» ղեկավարը զարմացավ, թե ինչո՞ւ նույնը նաեւ Քոքոբելյանը չարեց:
Կարդացեք նաև
Քոքոբելյանն ասաց` երիտասարդների մուտքը խորհրդարան ապահովելու գաղափարը լավն է, բայց. – «Իմ պատկերացմամբ եղել է թյուրըմբռնում այդ հայտարարությունը: Միգուցե նաեւ իմ գործընկերոջ կողմից ակնկալիք է եղել, որ ես էլ կարող եմ գնալ նման քայլի»:
Հովհաննիսյանը մանդատները վայր դնելու մասին հայտարարությունն արել էր, երբ Քոքոբելյանը բացակայում էր Հայաստանից` հույս հայտնելով, որ նրա վերադառնալուն պես պետք է հարցը քննարկեն: Քոքոբելյանի եւ Հովհաննիսյանի հանդիպումը երեկ երեկոյան է կայացել, որի սկզբում, «Ազատ դեմոկրատներ»-ի ղեկավարի ձեւակերպմամբ, քննարկվել են մանդատը վայր դնելու մասին Հովհաննիսյանի հայտարարությունը:
«Երեկվա քննարկման արդյունքում ես եկա այն եզրակացության նաեւ, որ այդ մոտեցումները… ինքը նշում է, որ մենք ունեցել ենք պայմանավորվածություններ, ես ասում եմ, որ մենք ունեցել ենք պայմանավորվություններ առաջիկա ընտրությունների եւ ապագայի վերաբերյալ, եւ կարճաժամկետ քաղաքականություն չենք վարում», – ասաց «Ազատ դեմոկրատների» առաջնորդը:
Քոքոբելյանը հույս ունի, որ «Ազատ դեմոկրատներ»-ը ու «Ժառանգություն»-ը երկարաժամկետ համագործակցության պայմանավորվածությունը չեն խախտի, նախագահական ընտրություններում էլ առաջադրման դեպքում «Ազատ դեմոկրատներ»-ի թեկնածուն Րաֆֆի Հովհաննիսյանը կլինի:
«Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը Քոքոբելյանի հայտարարությունները չմեկնաբանեց, ասաց` Հովհաննիսյան-Քոքոբելյան հանդիպման արդյունքներին անդրադառնալու են 10 օրից կայանալիք «Ժառանգություն» կուսակցության վարչության եւ խորհրդարանական խմբակցության ընդլայնված նիստում: Մինչ այդ գնահատականներ չեն ներկայացնի: