Այսօր Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանին ներկայացնելիս, իր խոսքը սկսեց հռետորական շեշտադրմամբ. «Կարծում եմ, որ տարածաշրջանում, երբ որ վրացիները գլուխ են գովում, թե իրենց մոտ հանգիստ մթնոլորտում իշխանափոխություն եղավ, իհարկե, ես բնիկ գյումրեցի չեմ, բայց ինձ համարում եմ որպես շիրակցի և գյումրեցի, պետք է նշեմ, որ դա այս քաղաքից սկսվեց: Մեզ բոլորիս հանգիստ, առողջ մթնոլորտը պետք է, ես որպես Շիրակի մարզպետ աշխատել եմ նախկին քաղաքապետի հետ, կաշխատեմ նորընտիր քաղաքապետի հետ, աջակցել եմ ու աջակցելու եմ: Ասեմ, որ ահագին ծրագրեր ունենք, հատկապես հրատապ ծրագրերի շրջանակում տրամադրվող գումարների: Ընդհանուր մարզին հատկացվել է 5 միլիարդ 200 միլիոն դրամ` չորս ծրագրով, որից ուղիղ կեսը գնացել է Գյումրիին: Հիմա էլ դուք տեսնում եք, որ քաղաքում աշխատանքներ են կատարվում, հատկապես ճանապարհաշինությունը, և մենք ուշադրություն ենք դարձնելու առաջին հերթին ճանապարհաշինության վրա, երկրորդական փողոցների վրա: Եվ ես քաղաքապետին կխնդրեմ ուշադրություն դարձնի քաղաքի մաքրության և անօրինական շինարարությունների վրա: Ծառայել քո ժողովրդին, ավելի պատվաբեր աշխատանք չկա, քան քաղաքապետը, թեեւ ինքս միշտ մտածել եմ, որ երբևիցե անձամբ` որպես Գիզիրյան Աշոտ, ընտրովի պաշտոնի չեմ գնալու, չեմ եղել և չեմ գնալու»:
Նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ խոսքը սկսեց փոքր-ինչ դժգոհելով: Նա շեշտեց, որ պրոբլեմները շատ են, և շատ ֆինանսներ են անհրաժեշտ: «Ճիշտն ասած , ես առաջին հերթին շնորհակալ եմ Գյումրու ժողովրդից , որովհետև 65 տոկոս վստահության քվե ստացա, իսկ վստահության քվեն դա նաև շատ մեծ պատասխանատվություն է, ես կփորձեմ սահմանված ժամկետները որ կան, 4 տարվա ընթացքում անել հնարավորը` բոլոր տեսակի պրոբլեմները լուծելու համար, շատ պրոբլեմներ կան կուտակված, բնական է երկրաշարժից հետո չէր էլ կարող իդեալական վիճակում լինել քաղաքը, և այդ պրոբլեմները մենք կփորձենք միմյանց հետ լուծել», -ասաց Սամվել Բալասանյանը : Նորընտիր քաղաքապետը նաև ակնարկեց, որ կփորձի մասնագետներով համալրել կառույցը:Վերջում էլ հավելեց. «Թող ոտքս խերով լինի, կարողանանք իրար հետ աշխատել ու համագործակցել»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ