Քիչ առաջ Շիրակի գեներալ մարզպետ Աշոտ Գիզիրյանը Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմին ներկայացրեց նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Նախքան քաղաքապետարանի շենք մտնելը, Աշոտ Գիզիրյանը, տեսնելով մուտքի մոտ հավաքված լրագրողներին ու օպերատորներին, կանգնեց ու նրանց հորդորեց զգաստ պահել իշխանություններին, քանի որ, նրա խոսքերով, դրանից շահում են միայն իշխանավորները:Այնուհետեւ, մտնելով Վարդան Ղուկասյանի կաբինետ, մարզպետը, դիմելով Սամվել Բալասանյանին, կատակեց, թե այսքան մեծ թվով լրագրողներ հավաքվել են՝ քեզ վախեցնելու համար: Պարոն Գիզիրյանը, շնորհավորելով նորընտիր քաղաքապետին, նրան առողջություն ու նորանոր հաջողություններ մաղթեց, նաև շնորհակալություն հայտնեց նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ` նույն բարեմաղթանքները հնչեցնելով:
Քաղաքապետարանի սակավաթիվ բաժնի պետեր էին եկել նորընտիր քաղաքապետի հետ հանդիպելու: Ինչպես հայտնի է, Վարդան Ղուկասյանի մտերիմների մեծ մասը հեռացել են նրա հետ, իսկ ահա ՕԵԿ-ական փոխմարզպետ Ռուդիկ Հովհաննիսյանը, գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը, մշակույթի բաժնի պետ Արտաշես Կարապետյանը, իրավաբանական բաժնի պետը Արա Սարգսյանը, ֆինանսական բաժնի մի քանի աշխատակիցներ պարոն Բալասանյանին դիմավորողների շարքում էին: Նշենք, որ Վարդան Ղուկասյանը իր կահույքը չէր տարել կաբինետից, որոշ բաժնի պետեր էլ թեև աշխատանքից ազատման դիմում էին գրել ու հեռացել, սակայն կաբինետների պատերին թողել էին իրենց անուն –ազգանունը:Նկատելի էր, որ քաղաքապետարանի աշխատակիցները բավականին լարված էին, միգուցե և անտրամադիր, քանի որ դեռ պարզ չէ, թե Սամվել Բալասանյանը նրանցից որին կթողնի, որին կազատի: Իշխանափոխությունը Գյումրիում տեղի ունեցավ բավականին համեստ, սկսվեց ու ավարտվեց լրագրողների հարցերին պատասխանելով: Այն ավելի շատ հիշեցրեց մամուլի ասուլիս, իսկ լրագրողների հետ հիմնականում շփվեց մարզպետ Աշոտ Գիզիրյանը:
Հավելենք, որ Սամվել Բալասանյանին քաղաքապետ ձեռնադրելու արարողությանը կառավարական հյուրեր չէին մասնակցում:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ