Երեկ «Բարգավաճ Հայաստանը» հայտարարեց, որ խորհրդարանական խմբակցությունը դադարեցնում է բոյկոտը և կմասնակցի ԱԺ հաջորդ քառօրյային՝ հոկտեմբերի 22-25-ը կվերադառնա խորհրդարան: Խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը երեկ այս կապակցությամբ ասել է. «Մենք անպայմանորեն մասնակցելու ենք, քանի որ Ազգային ժողովի ամբիոնը շատ կարևոր է մեզ համար»: ԲՀԿ-ի այս որոշումը դարձավ քնարկման առարկա: Օրինակ՝ տարբեր ՀՀԿ-ականների կողմից կարծիք է հնչում, թե ԲՀԿ-ի բոյկոտը կապված էր բյուջեի կատարողականի քվեարկության հետ: Aravot.am-ը այս կապակցությամբ լսեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի մեկնաբանությունները: Մեզ հետ զրույցում պարոն Մարտիրոսյանն ասաց. «Ցանկացած պարագայում կար խնդիր Վարդան Օսկանյանի հետ կապված, և իրենք իրավունք ունեին նաև բոյկոտելու, քանի որ բոյկոտը ևս քաղաքական պայքարի միջոց է: Բոյկոտի մեջ նաև հաշվի են առել կառավարության կատարողականի ներկայացումը, քանի որ կարտարողականում իրենք մեծ մասնակցություն ունեն, որովհետև 2011-ին իրենք, ըստ էության, ըստ էության, եղել են կոալիցիայի մեջ, ունեցել նախարարական պորտֆելներ և պատասխանատվության մեծ դաշտ: Հնարավոր է, որ դա ևս նկատի են առել: Ուստի կատարողականը քննադատելը կլիներ քննադատություն սեփական գործունեության նկատմամբ, դրվատանքի խոսքեր ասել մի փոքր այս պահին հավանական չէին լինի, քանի որ ԲՀԿ-ն կառավարության ծրագրին էլ է դեմ քվեարկել: Ուստի երկու գործոնները հաշվի առնելով ու գումարելով՝ հենց այդպիսի որոշում են կայացրել»: Ա. Մարտիրոսյանը դա «քաղաքականության տեսանկյունից շատ նորմալ է համարում» և կարծում, որ «շատ պրագմատիկ որոշում են կայացրել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կարդացեք նաև