Այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցավ ասուլիս, որի ընթացքում ներկայացվեցին հոկտեմբերի 14-ին՝ «Էրեբունի-Երեւան-2794 » տոնակատարության օրը, մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի երթուղիների փոփոխությունները:
Երեւանի քաղաքապետի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի խոսքով՝ միջոցառումը հավուր պատշաճի կանցկացվի: Այդ օրը բոլորիս համար տոն է լինելու: «Էրեբունի-Երեւան-2794» տոնակատարության միջոցառումները պատշաճ կազմակերպելու, ինչպես նաեւ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ավտոտրանսպորտի համար փակ կլինեն հետեւյալ փողոցները.
Մաշտոցի եւ Բաղրամյան պողոտաները, Հաղթանակ կամուրջը՝ Իսակովի եւ Աթենքի փողոցների խաչմերուկից, ԳրիգորԼուսավորիչ, Զաքյան, Վազգեն Սարգսյան, Իտալական, Բեյրութի, Արգիշտիի, Պարոնյան, Պռոշյան, Լեոյի, Սարյան, Ամիրյան, Մելիք Ադամյան, Պուշկինի, Թումանյան, Օրբելի փողոցները:
Խորենացի փողոցը՝ Մաշտոցի պողոտայից մինչեւ Ագաթանգեղոս փողոց ընկած հատվածը:
Տիգրան Մեծի պողոտան՝ Հանրապետության հրապարակից մինչեւ Խանջյան փողոց ընկած հատվածը:
Սայաթ Նովա փողոցը՝ Մաշտոցի պողոտայից մինչեւ Խանջյան փողոց ընկած հատվածը:
Մոսկովյան փողոցը՝ Սարյան փողոցից մինչեւ Տերյան փողոց ընկած հատվածը:
Իսահակյան փողոցը՝ Բաղրամյան պողոտայից մինչեւ Տերյան փողոց ընկած հատվածը:
Նալբանդյան փողոցը՝ Հանրապետության հրապարակից մինչեւ Մոսկովյան փողոց ընկած հատվածը:
Կորյունի փողոցը՝ Մաշտոցի պողոտայից մինչեւ Տերյան փողոց ընկած հատվածը:
«Պետք է զերծ մնանք քաղաքի կենտրոնական մասի խցանումներից, տրանսպորտային շարժը կարգելենք մի քանի ժամով, որպեսզի միջոցառումը բարեհաջող կազմակերպվի: Տարիների փորձը ցույց է տալիս, որ մենք՝ քաղաքացիներս, ավելի հեշտ կվայելենք օրը, եթե տրանսպորտի քանակը սահմանափակվի: Այդ օրը մեր քաղաքի, մեր ազգի տոնն է: Դա մի ուրախություն է, որը տարին մեկ անգամ է լինում, եկեք համարենք, որ առանց տրանսպորտի ենք շարժվելու»,-նշեց Հենրիկ Նավասարդյանը:
ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կիրակոսյանը խնդրեց, որպեսզի բնակչությունը ըմբռնումով մոտենա տոնին.«Ես համոզ ված եմ, որ մեր ազգաբնակչությունը ներկա կգտնվի միջոցառմանը, պատրաստ ենք օգնել յուրաքանչյուրին, եթե հարցեր առաջանան՝ անմիջապես կարձագանքենք»:
Նաեւ տեղի ունեցավ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջի՝ yerevan.am-ի նորացված տարբերակի շնորհանդեսը:
Երեւանի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Արթուր Գեւորգյանը նշեց, որ yerevan.am կայքի շնորհիվ բնակիչների հետ քաղաքապետարանի աշխատանքը առավել սերտ կլինի. «Կայքէջը հարթակ կծառայի, որ մենք կարողանանք այս դաշտում եւս մեր հաջողությունները արձանագրել, մեր քաղաքացիների հետ միասին: Երեւանի բարեկարգ, հարմարավետ տեսքը առաջին հերթին մեր քաղաքացիների համար է: Այս տեսքով կապահովենք այդ կապը մեր քաղաքացիների հետ»:
Երեւան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանը սա համարեց եւս մի ձեռքբերում: Կայքի շնորհիվ քաղաքացիները հնարավորություն կունենան ուղիղ միացումներ ունենալ Երեւան քաղաքի հետ, կան նոր ֆունկցիոնալ հնարավորություններ, որոնց շնորհիվ կայքը գրավում է իր հայրենակիցներին:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ