Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունց. «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքը չի՞ վերաբերում ոստիկանությանը»

Հոկտեմբեր 11,2012 16:11

Aravot.am-ի հարցին ի պատասխան, թե ո՞ր կուսակցության կողմից են արձանագրվել ամենաշատ խախտումները ՏԻՄ ընտրություններում,   Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, որը Վանաձորում դիտորդական առաքելություն էր իրականացրել, ինչի հիման վրա էլ զեկույց պատրաստել, ասաց, որ այդ առումով, ինչպես խորհրդարանական ընտրություններում, այս անգամ էլ «Հանրապետական» կուսակցությունն էր առաջատար, երկրորդ տեղում՝ «Բարգավաճ Հայաստանն» է եղել. «Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է մի կուսակցական համակարգ, երբ դպրոցների տնօրենները, մանկապարտեզների վարիչները, բուժհաստատությունների ղեկավարները, պետական մարմիններում աշխատողները, որոնք չնայած պետք է չեզոք լինեն, մի կուսակցության անդամներ են: Ի սկզբանե նրանց ստարտային պայմանները  շատ ավելի գերակա են: Երկրորդ խնդիրն էլ հետեւյալն է՝ վարչական եւ ֆինանսական ռեսուրսների անվերահսկելիություն կա, այսինքն հասկանալի չէ, կուսակցության փողը որն է, պետության փողը, տեղական ինքնակառավարման մարմնինը՝ որը»:

Սաքունցը նշեց, որ  ամեն անգամ իրենց պատրաստած զեկույցներն ուղարկում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, սակայն՝ « Ընտրական խախտումների վերաբերյալ մեր ահազանգերը պատշաճ ուշադրության չի արժանանում ոչ ոստիկանության, ոչ էլ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից: Ոչինչ չեն պատասխանում մեզ, բայց ես գիտեմ, որ այնտեղ կարդում են, չնայած պաշտոնական արձագանք չկա, իսկ սա խոսում է այն մասին, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար դիտորդական առաքելության ինստիտուտը չի ընկալվում: Ինչն էլ նշանակում է, որ ԿԸՀ-ն շահագրգիռ չէ: Ասեմ ավելին, ոստիկանությունը եւս հակված չէ խախտումները բացահայտելուն: Երբ ոստիկանությանը հաղորդվում է, որ այսինչ համարանիշով ավտոմեքենաները պտտվում են տեղից տեղ, ոստիկանության ոչ մի աշխատակից չի մոտենում այդ մեքենաներին, հետո մի քանի օր անց գրություն են ուղարկում, որ մեր տարածած հաղորդագրության հիման վրա նյութեր են պատրաստվում, եւ ուզում են մեր դիտորդին հարցաքննել: Ես չեմ հասկանում, օպերատիվ հետախուզական գործունեության  մասին օրենքը չի՞ վերաբերում նրանց: Նույնիսկ եղել է դեպք, երբ քննիչը զանգահարել է ընտրական հանձնաժողովի նախագահին, որովհետեւ զահլա չունի գալ, հարցրել՝ թե խախտում եղել է գա, թե ոչ, դե վերջինս էլ ասել է,  ոչ: Հիմա այստեղ ես հիմնավոր կասկած չունենա՞մ,  որ ոստիկանությունը նույնպես հակված չէ ընտրական խախտումները դիմագրավելուն: Ոստիկանությունը ըստ  քաղաքական նպատակահարմարության է աշխատում: Երբ  կարեւոր հանրային նշանակության միջոցառումներ են լինում՝ կանխամտածված անգործության են մատնվում»,-նշեց Սաքունցը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031