Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սուրեն Թադեւոսյան. «Ես վարդագույն ակնոցով չեմ գնացել Հոլիվուդ» (տեսանյութ)

Հոկտեմբեր 11,2012 16:09

Այսօր «Հայելի» ակումբում ռեժիսոր Սուրեն Թադևոսյանը ներկայացրեց  «12.12.12» կամ «12-ի եղբայրությունը» գիրքը: Ռեժիսորը պատմեց, որ սցենարն ի սկզբանե նախատեսված է եղել ֆիլմի համար, որի աշխատանքները դադարեցվել են ֆինանսական պատճառով. «Սցենարի վրա շատ եմ աշխատել: Սովորաբար գրքի սցենարի հիման վրա են ֆիլմ նկարահանում, բայց, հանգամանքներից ելնելով, ինձ մոտ հակառակը ստացվեց: Ֆիլմը նկարահանվում էր Իսպանիայում՝ լուրջ մարդկանց մասնակցությամբ, իսկ ֆինանսավորումը, որքան էլ  տարօրինակ է, Անգոլայից էր: Գրեթե քառասուն օր էր մնացել նկարահանման աշխատանքների մեկնարկին, ու Մորգան Ֆրիմանի նման դերասանին հեշտ չէ հենց այնպես հրավիրել խաղալու, բայց, ցավոք, ֆիլմի ստեղծման աշխատանքները դադարեցվեցին»:

«12.12.12»-ը աշխարհի վերջի մասին է, չնայած հեղինակին դուր չի գալիս գիրքն այդ արտահայտությամբ բնութագրելը: Նրա ձեւակերպմամբ.  «Գիրքը նվիրված է բոլորի կողմից, չգիտես ինչու, սպասելիք աշխարհի վերջին, որն ասոցացվում է այս տարվա դեկտեմբերի 12-ի հետ, բայց առնչություն չունի մայաների օրացույցի եւ այլ շաբլոն փաստերի հետ: Ես այլ մոտեցում եմ ցուցաբերել, ըստ որի՝ աշխարհի վերջը վաղուց է եղել, պարզապես մենք դա չենք նկատում՝ մեր ամենօրյա ապրելակերպով հանդերձ: Մյուս կողմից՝ 12 թիվը խորհրդանշական է. հիշենք, որ 12-են Քրիստոսի առաքյալները, մարդու կողոսկրերը, Օլիմպոսի աստվածները,  Հերակլեսի սխրանքները,  ժամացույցի սլաքները, Իսրայելի որդիները եւ այլն:  Գիրքը գրվել է 12 ամսում, բայց այդ թիվն առնչություն չունի ինձ հետ: Ընդհակառակը, ես 13-են եմ սիրում»,-ասաց Թադեւոսյանը:

Հեղինակը հայտնեց, որ գրքի նույն հատորյակում  զուգահեռ ռուսերեն եւ հայերեն տեքստեր են. «Ըստ իսպանական ընկերության հետ պայմանավորվածության, առաջինը պետք է լույս տեսնի իսպանալեզու տարբերակը՝ դեկտեմբերի 12-ին, բայց երկար խոսակցություններից հետո գիրքն առաջին անգամ կներկայացվի  վաղը՝ «Բյուրոկրատ» գրախանութում: Ասեմ, որ սցենարն արժանացել էր Մարկ Սաղաթելյանի հավանությանը. երբ նա իմացավ, որ նկարահանումները չեն լինելու, ափսոսանք ապրեց եւ առաջարկեց սցենարը գիրք դարձնել: Ֆիլմը միստիկական մոտիվներ ուներ, եւ անհաջողությունն անգամ կապեցին ինչ-որ գերբնական ուժերի հետ, սակայն իրականում խնդիրը ֆինանսական էր»:

Ռեժիսորի խոսքով՝ ֆիլմի աշխատանքներն այլեւս ուշ  է վերսկսել, քանի որ «12-ի եղբայրությունը» այս տարի է: Խոսելով արտերկրում գրանցած իր հաջողություններից,  Սուրեն Թադեւոսյանն ասաց, որ կարիք չկա հոլիվուդներում ինչ-որ բան ապացուցել. «Ես վարդագույն ակնոցով չեմ գնացել Հայաստանից: Մեծախոսություն չլինի, բայց եղածին հասել եմ սեփական ուժերով: Աշխարհի շատ երկրներից օրական երեւի հարյուր հոգի է գնում Հոլիվուդ՝ ճանաչում ձեռք բերելու համար: Հաճախ ընկերական շրջապատում անունս լսելով՝ ասում են՝ «Փախուստի» ռեժիսորը», բայց «Փախուստն» իմ լավագույն աշխատանքը չէ: Ինձ համար այլ նշանակալի գործեր կան, օրինակ՝ ռեփեր Միշոյի «Քո համար» տեսահոլովակը:

Հավելենք, որ  «12.12.12» գիրքը գնելուց ընթերցողը դրա էջերում կգտնի ծրար, որը հեղինակը հորդորում  է բացել միայն գիրքը կարդալուց հետո. «Նախօրոք ասեմ, որ ծրարում հաստատ գրություն կգտնեք: Մտածում էինք շնորհանդեսը ժամը 12-ին անել, բայց դա հարմար ժամ չէ, այդ իսկ պատճառով կհանդիպենք վաղը՝ ժամը 18-ին:  Բացի այդ՝ ժամը 21-ին  ֆուտբոլ կա»,-կատակեց Սուրեն Թադեւոսյանը:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031