Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարչապետը Դերենիկ Դումանյանին «դուխ» տվեց (տեսանյութ)

Հոկտեմբեր 11,2012 16:05

Այսօր առողջապահության նախարարությունում հրավիրված խորհրդակցությանը վարչապետ Տիգրան Սարգսյանը նախարար Դերենիկ Դումանյանին «դաբրո» տվեց օրինախախտ բուժհաստատություններին պատասխանատվության ենթարկելու եւ պատժելու համար: Ընդ որում, վարչապետը հայտարարեց, որ կառավարությունն ու բոլոր գերատեսչություններն, այսպես ասած` Դերենիկ Դումանյանին կաջակցեն ու  «մեջքին կանգնած» կլինեն:

Մինչ այս, խորհրդակցության ընթացքում պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն ու նրա տեղակալ Արմեն Ալավերդյանը ներկայացրեցին իրենց ուսումնասիրության հաշվետվությունները, ըստ որի, բուժհիմնարկներում առկա է մեծ ստվերայնություն, թաքցնում են շրջանառության իրական ծավալները, բուժծառայություններից օգտվողներին ՀԴՄ կտրոններ չեն տալիս եւ այլն:

Այսօր բացահայտեցին նաեւ, որ 2009-2010 թվականներին առողջապահության նախարարությունը պետգնումներով դեղորայքներ է ձեռք բերել չհիմնավորված բարձր գներով եւ 84,2 միլիոն դրամ ավելի գումար է ծախսել: Օրինակ`նախարարությունը «Քսելոդա» դեղորայքը գնել է մի անգամ 2670 դրամով, մի քանի ամիս հետո` 1875 դրամով: Նշված դեղորայքն ուղարկվել է Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոն: Իսկ այս կենտրոնը նույն դեղամիջոցը, կրկին պետական փողերով, ձեռք է բերել ընդամենը 1167 դրամով: Այս տվյալներն այսօր նախարարությունում ներկայացրեց ֆինանսների նախարարության վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանը:

Ըստ ֆիննախի ուսումնասիրության, առողջապահության նախարարությունը որոշել էր «Քսելոդա» դեղը փոխարինել «Ալիմտա» դեղամիջոցով, որի արժեքը 280 հազար դրամ է եւ այն իր չափաբաժնով նախատեսված է մեկ հիվանդի համար: Այս թանկարժեք դեղորայքից 1000 սրվակ է ձեռք բերվել այս տարվա ապրիլին եւ 500 սրվակ տրամադրվել է ուռուցքաբանական կենտրոնին: Ինչպես ֆիննախի պաշտոնյան ներկայացրեց, ուռուցքաբանական կենտրոնն այդ 500 սրվակից մինչեւ սեպտեմբեր ամիսն օգտագործել է ընդամենը 44-ը, իսկ ուշագրավն այն է, որ 2013-ի նոյեմբերին, դեղորայքի պիտանիության ժամկետը լրանալու է, եւ հաշվի առնելով դեղի սպառման տեմպերը, ֆիննախի վերահսկողության բաժինը կասկած հայտնեց, որ մնացած խմբաքանակը դժվար թե համապատասխան կառույցը հասցնի օգտագործել: Մեծ պահանջարկ չունեցող դեղի համար նախարարությունը մեծ գումարներ է ծախսել, իսկ հոգեկան խնդիրներ ունեցող հիվանդների համար՝ խնայողություններ արել եւ «Զիպրեքսա» դեղը գնել ընդամենը 250 հիվանդի համար, իսկ իրականում պահանջարկը կրկնակի է եղել:

Խորհրդակցության վերջում, վարչապետն ասաց, որ առայժմ ցանկություն չունենք հարկային պարտավորություններից խուսափող բուժհիմնարկների վրա քրեական հոդվածներ կիրառել, բայց նրանք, ովքեր հետագայում կհայտնվեն ռիսկայինների ցանկում, կզրկվեն պետպատվերից, գուցեեւ` լիցենզիայից եւ մի շարք այլ պատժամիջոցներ կկիրառվեն դրանց նկատմամբ: Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031