Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա տասնամյակում 142 միլիոն աղջիկներ կարող են ամուսնանալ մինչեւ 18 տարեկանը

Հոկտեմբեր 11,2012 15:17

Զգուշացնում է ՄԱԿի նոր զեկույցը 

Չնայած այդ երևույթը նվազեցնելու ջանքերին, ըստ զեկույցի, երեխաների ամուսնության հաճախականությունը վերջին տասնամյակում մնացել է նույնը

 

  • Եթե ներկա միտումները շարունակվեն, ապա մինչև 2030 թ.-ն յուրաքանչյուր տարի ամուսնացող մանկահասակ հարսնացուների թիվը 2010 թ.-ի 14.2 մլն-ից հասած կլինի 15.1 մլն-ի՝ աճելով ավելի քան 14%-ով:
  • Զարգացող երկրներում (բացառությամբ Չինաստանի) ամեն երեք աղջկանից մեկը ամուսնական դաշինք կմտնի մինչև 18 տարեկանը:

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ, Նյու Յորք, 11-ը հոկտեմբերի, 2012 թ.: Եթե ընթացիկ միտումները շարունակվեն, առաջիկա տասնամյակում մանկահասակ աղջիկների ամուսնությունների թիվը կարող է կտրուկ աճել՝ նշվում է «Չափազանց վաղաժամ ամուսնություններ. վերջ դնել երեխաների ամուսնությանը» վերնագրված զեկույցում, որը հրապարակվեց ՄԱԲՀ-ի՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից այսօր՝ Աղջիկ երեխայի անդրանիկ միջազգային օրը: Զեկույցում նշվում է նաև, որ չնայած երևույթը կանխելուն ուղղված օրենսդրության առկայությանը, վերջին տասնամյակում զարգացող երկրներում երեխաների ամուսնության տարածվածությունը մնացել է հիմնականում անփոփոխ:

«Մանուկ հասակում ամուսնացնելու սոցիալական, մշակութային կամ կրոնական որևէ հիմնավորում չի կարող արդարացնել այն վնասը, որ այդ ամուսնությունները պատճառում են երիտասարդ աղջիկներին ու նրանց ներուժին», – նշում է ՄԱԲՀ-ի գործադիր տնօրեն, դոկտոր Բաբատունդե Օսոտիմեհինը: «Աղջիկը պետք է իրավունք ունենա ընտրելու, թե ում հետ և երբ ամուսնա: Քանի որ կան բազմաթիվ ծնողներ ու համայնքներ, որ նույնպես լավագույնն են ցանկանում իրենց դուստրերին, ապա մենք պետք է միասին աշխատենք երեխաների ամուսնությանը վերջ դնելու համար: Դա միակ ուղին է, որով մենք կարող ենք կանխել երեխաների ամուսնությունը, որն այլապես վերածվում է մարդկային ողբերգության»:

2010 թ.-ին 158 երկիր հայտարարեց, որ առանց ծնողական համաձայնության կամ այլ համապատասխան մարմնի հաստատման ամուսնության նվազագույն օրինական տարիքը կանանց համար սահմանել է 18 տարեկանը: Այդուհանդերձ, 2010 թ.-ին զարգացող երկրներում (բացառությամբ Չինաստանի) յուրաքանչյուր երեք աղջիկներից մեկը կամ 67 միլիոն աղջիկ ամուսնացել էր մինչև 18-րդ տարեդարձը: Այդ մանկահասակ ամուսնությունների կեսը տեղ էր գտել Ասիայում, իսկ ևս մեկ հինգերորդը՝ Ենթասահարային Աֆրիկայում: Ինչևէ, այս երևույթը լայնորեն տարածված է նաև Լատինական Ամերիկայի, Մերձավոր Արևելքի և Արևելյան Եվրոպայի մի շարք համայնքներում:

Գրանցվել է նաև առաջընթաց, և, ըստ զեկույցի, մանուկների ամուսնությունները նվազել են մի շարք զարգացող երկրներում՝ ներառյալ Հայաստանը, Բոլիվիան, Եթովպիան և Նեպալը, ի թիվս այլ երկրների:

«Երեխաների ամուսնությունը մարդու իրավունքների մի սարսափելի ոտնահարում է և աղջիկներից խլում է նրանց կրթությունը, առողջությունն ու երկարաժամկետ հեռանկարները», – ասում է դոկտոր Օսոտիմեհինը: «Ամուսնությունն աղջիկների դեպքում կարող է բերել հղիությանն առնչվող և ծննդաբերական բարդությունների, որոնք զարգացող երկրներում հանդիսանում են 15-ից 19 տարեկան աղջիկների մահացության հիմնական պատճառները»:

«Չափազանց վաղաժամ ամուսնություններ. վերջ դնել երեխաների ամուսնությանը» զեկույցի համաձայն, աղքատ, քիչ կրթված կամ ընդհանրապես կրթություն չունեցող և գյուղական վայրերում բնակվող աղջիկներն առավել հավանական է, որ ամուսնանան մանուկ հասակում: Զարգացող աշխարհի գյուղական վայրերում բնակվող աղջիկների համար մինչև 18 տարեկանն ամուսնանալու հավանականությունը կրկնակի մեծ է քաղաքաբնակ աղջիկների համեմատությամբ, իսկ կրթություն չունեցող աղջիկների պարագայում այդ հավանականությունը երեք անգամ ավելի մեծ է, քան միջնակարգ և բարձրագույն կրթությամբ աղջիկների դեպքում: Աղջիկների խոցելիությունը մանուկ հասակում ամուսնանալու առումով էականորեն աճում է հումանիտար ճգնաժամերի ժամանակ:

«Երբ ես 14 տարեկան էի, ինձ ճնշում էին, որ ամուսնանամ, բայց ես գիտեի, որ դա լավ չէ իմ առողջության ու ապագայի համար: Մեր գյուղի այն աղջիկները, որ շուտ էին ամուսնացել, դադարել էին դպրոց գնալ, իսկ ոմանք նույնիսկ մահացել էին ծննդաբերության ժամանակ», – ասում է Սալամատու Ագհալի Իսուդան, նիգերցի մի երիտասարդ կին, ով կարողացել էր համոզել ծնողներին հետաձգել իր ամուսնությունը: «Ուզում էի մնալ դպրոցում ու դառնալ մանկաբարձուհի»:

Զեկույցը կոչ է անում կառավարություններին և ղեկավարներին վերջ դնել երեխաների ամուսնությանը.

  • ընդունելով և կիրարկելով ազգային օրենքներ, որոնք բարձրացնում են ամուսնության նվազագույն տարիքը մինչև 18-ը՝ թե՛ աղջիկների, թե՛ տղաների համար.
  • օգտագործելով տվյալներ, որոնք թույլ են տալիս բացահայտել և ուշադրության կենտրոնում պահել աշխարհագրական «թեժ կետերը»՝ վայրերը, որտեղ մեծաթիվ են կամ մեծ համամասնություն են կազմում մանուկ հասակում ամուսնանալու վտանգի տակ գտնվող աղջիկները.
  • ընդլայնելով կանխարգելման ծրագրերը, որոնք օգնում են վաղաժամ ամուսնության վտանգի տակ գտնվող աղջիկներին և ուղղված են այդ երևույթի խորքային պատճառների վերացմանը.
  • մեղմելով մանուկ հասակում ամուսնանալու վնասակար ազդեցությունը աղջիկների վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031