Այսօր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը ներկայացրեց կազմակերպության կողմից 2012 թվականի սեպտեմբերի 9-ին Վանաձոր համայնքում իրականացված ՏԻՄ ընտրությունների դիտորդական առաքելության զեկույցը, որն, ըստ նրա, լի է խախտումներով: Քվեարկության կազմակերպումից մինչեւ ձայների հաշվարկ՝ անցկացվել են խախտումներով, ընտրատեղամասերում պարբերաբար կուտակումներ են եղել, որոնք խախտման հիմնական մեխանիզմն է եղել, իբրեւ թե դիտորդական առաքելություն իրականացնող անձինք, «Մեդիամաքս» լրատվական գործակալության աշխատակիցներ վստահված անձանց դեր են կատարել. «Բոլոր խախտումները, որոնք բնորոշ են Հայաստանի Հանրապետությունում անցկացվող ընտրություններին, այս անգամ էլ իրականացվել են ՏԻՄ ընտրություններում»,-ասաց Սաքունցը:
Սաքունցի ձեւակերպմամբ՝ իրենք արձանագրել են ներհամայնքային ուղեւորափոխադրության ավտոտրանսպորտային միջոցների մի ամբողջ համարանիշների խումբ. «Դրա հետ կապված հաղորդում է տրվել ոստիկանություն, տեղամասային ընտրական հանձնաժողովներին, որ վարչական ռեսուրսներ է օգտագործվում, ընտրողներին հատուկ տեղափոխում են տեղամասեր, բայց այդ փաստի վրա ուշադրություն չի դարձվել»,- հավելեց նա, ավելացնելով, որ նույնիսկ քվեաթերթիկների քվեախցից դուրս լրացնելու դեպքեր են արձանագրվել: Օրինակ՝ թիվ 30/14 տեղամասում համայնքի ղեկավարի թեկնածու Սամվել Դարբինյանի վստահված անձը քվեարկությունը կատարելուց հետո շնորհակալություն է հայտնել մի շարք մարդկանց, թիվ 30/25 տեղամասում ընտրողները քվեախցիկից դուրս են եկել առանց ընտրաթերթիկները ծրարի մեջ դնելու, այն ցույց են տվել հանձնաժողովի նախագահին, ապա նոր գցել քվեատուփի մեջ եւ այլն:
Սաքունցը նշեց, որ եղել են դեպքեր, երբ մի քանի անձ միաժամանակ է մտել քվեարկության խցիկ, ինչպես նաեւ ընտրողներին կոնկրետ թեկնածուների օգտին կողմնորոշող միջոցառումներ իրականացվել:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ