Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը Շարմազանովին խորհուրդ է տալիս բառերի մանիպուլյացիայով չզբաղվել

Հոկտեմբեր 11,2012 15:03

Այսօր Aravot.am-ը ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց` ԱԺ քառօրյայի ձեր բոյկոտը միայն Վարդան Օսկանյանի համար ներկայացված դատախազի միջնորդագրո՞վ էր պայմանավորված, թե՞ այն նաեւ բյուջեի կատարողականի քվեարկության համար էր, որովհետեւ կարծիք կա, որ ԲՀԿ-ն երկընտրանքի առջեւ էր. չէր կարող դեմ քվեարկել, քանի որ կստացվեր, որ նաեւ իր նախարարների աշխատանքին է դեմ քվեարկում, չէր կարող նաեւ կողմ քվեարկել, որովհետեւ կկորցներ ընդդիմադիրի կեցվածքը:

Այս առնչությամբ Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց. «Բյուջեի կատարողականի քվեարկության հետ մեր բոյկոտը որեւէ կապ չուներ: Բյուջեի կատարողականին մենք, բնականաբար, դեմ էինք լինելու: Մեր դիրքորոշումը, կարծում եմ, ի սկզբանե պարզ պիտի լիներ բոլորի համար: Այո, մեր քաղաքական բոյկոտը վերաբերում էր քաղաքական այն ֆարսին, որը բեմադրվեց Ազգային ժողովում, այն է` դատախազի իրավական որեւէ հիմնավորում չունեցող միջնորդությանը: Բայց ամսի 22-ից արդեն ԲՀԿ-ն կմասնակցի քառօրյայի աշխատանքներին, որովհետեւ  ԱԺ ամբիոնը մեզ համար շատ կարեւոր ամբիոն է»:

Հիշեցնենք, որ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը նույնպես հայտարարել էր, որ եթե ԲՀԿ-ն մասնակցեր բյուջեի կատարողականի քվեարկությանը, դեմ կքվեարկեին: Սակայն նրան ի պատասխան` ԱԺ փոխնախագահ եւ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը վստահ էր եւ իր վերջին ասուլիսում հայտարարեց, որ դա չի կարող ԲՀԿ-ի պաշտոնական տեսակետը լինել. «Նախ, ես հեռու եմ այդ տեսակետից, որ դա ԲՀԿ-ի պաշտոնական տեսակետն է: Ես ուզում եմ հարցնել՝ սիրելիներս, Դուք 2011-ին ունեցել եք 4 նախարարներ: Ձեր նախարարները ոչ մի կառավարության նիստին եւ ոչ մի որոշման դեմ չեն եղել: Ո՞վ էր ձեզ խանգարում, որ վայր դնեիք պորտֆելները այն ժամանակ: Իսկ եթե դա ինքնախոստովանություն է, որ ձեր նախարարները վատ են աշխատել, դա արդեն ուրիշ օպերայից է»: Երբ Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ եք վստահ, որ բյուջեի կատարողականին դեմ լինելու կարծիքը միայն առանձին պատգամավորի տեսակետ է եւ դժվար թե այն ԲՀԿ պաշտոնական տեսակետ լիներ, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Որովհետեւ հարց է առաջանում՝ եթե դու ասում ես անարդյունավետ աշխատանք է եղել, դու ունեիր 4 նախարարներ, ապա քո անարդյունավետ աշխատանքին ժողովուրդը ինչի՞ է այդքան ձայն տվել»:

Նաիրա Զոհրաբյանի խոսքերով` «Ես խորհուրդ եմ տալիս մեր տարբեր գործընկերներին բառերի մանիպուլյացիայով չզբաղվել: ԲՀԿ-ի  պաշտոնական տեսակետը դա է` մենք անպայմանորեն դեմ էինք քվեարկելու բյուջեի կատարողականին: Իսկ մեր նախարարների գործունեության եւ պատասխանատվության վերաբերյալ բազմիցս ասել ենք, եւ ես հարկ չեմ համարում անընդհատ նորից այս հարցը բացել ու անդրադառնալ դրան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031