Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախն օպերային թատրոն կունենա

Հոկտեմբեր 11,2012 14:15

Տեղի իշխանությունների եւ Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայի ցանկությունները համընկնում են:

32-ամյա Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիան «գրել» է հարուստ կենսագրություն եւ նվաճել հայաստանյան երաժշտական աշխարհում նոր, շնորհալի ուժեր ձեւավորող դարբնոցի համբավ: Իրենց բեմական մկրտությունն այստեղ ստացած  երգիչ-երգչուհիներ լավագույնս ներկայացել եւ բեմ են բարձրանում ինչպես մեր, այնպես էլ աշխարհի տարբեր օպերային թատրոններում: Իբրեւ ինքնուրույն թատրոն,  ստուդիան լրացնում է կամերային, օպերային ստեղծագործությունների պակասը մեր մշակութային կյանքում: Ստուդիան առաջին անգամ հայ հանդիսատեսին է ներկայացրել նույնիսկ աշխարհում հազվադեպ բեմադրված Պուչինիի «Ծիծեռնակը», «Սիրո ըմպելիք», «Եռապատում», Հայդնի «Դեղագործը» օպերային ներկայացումները: Տարիների ընդմիջումից հետո ստուդիայի շնորհիվ է, որ ականատեսը եղանք Դոնիցետիի «Լուչիա դի Լամերմուր» եւ Ռոսինիի «Սեւիլյան սափրիչը» օպերաներին: Ի վերջո, 2004թ. ապրիլի 21-ը Արցախի մշակութային օրացույցում թերեւս հիշվի որպես երկրորդ հայկական հանրապետության օպերային արվեստի սկզբնավորման օր, երբ ստուդիան ներկայացրեց Տիգրանյանի «Անուշը»: Այսքանով չեն ավարտվում  Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայի ձեռքբերումները:

Օրերս «Թատերական Լոռի» փառատոնի շրջանակներում Ալավերդիում առաջին անգամ ներկայացվեց օպերա՝ Պերգոլեզիի «Սպասուհին՝ տիրուհի»: Օպերային ստուդիայի գլխավոր ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանն (լուսանկարում) արժանացավ Տիգրան Լեւոնյանի անվան մրցանակի, իսկ Սերպինայի դերերգով հանդես եկած Նվարդ  Հովակիմյանը՝ Թատերական գործիչների միության դիպլոմին: Նշենք, որ սա ստուդիայի առաջին ձեռքբերումը չէր. ժամանակին Իսպանիայում կայացած «Օպերան ժողովրդին» եւ հայաստանյան «Հայֆեստ» փառատոներում գնահատվել են ստուդիայի բեմադրությունները:

Այսուհանդերձ, մասնագետներն ու օպերային արվեստի սիրահարները մտահոգված են, թե ինչու ստուդիան չի բացում նոր թատերաշրջանը: «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ ստուդիայի գլխավոր ռեժիսոր, կոնսերվատորիայի օպերային պատրաստման ամբիոնի վարիչ, պրոֆեսոր  Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ հիմնական պատճառը նվագախումբը նոր ուժերով համալրելն է: «Աշնանը Հայաստանի երաժշտական կյանքը՝ ի թիվս միաժամանակ անցկացվող փառատոների, պարզապես եռում է:  Ի վերջո, դա արվում է ունկնդրի համար, ով պետք է պարզապես հասցնի այցելել: Այս ամենին եթե գումարենք ստուդիայի ներկայացումները, կարծում եմ՝ մի տեսակ քաոս կստացվի. դասական արվեստի սիրահարը ֆիզիկապես չի կարող, նույնիսկ մեծ ցանկության դեպքում, ներկա լինել նույն օրվա ընթացքում մի քանի միջոցառումների: Մի խոսքով՝ մենք դեռ կբացվենք»,- հայտնեց պարոն Հովհաննիսյանը:

Ըստ տարածված խոսակցությունների, Հովհաննես Հովհաննիսյանն ու ստուդիայի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Միրզոյանը ձեռնամուխ են եղել Արցախում օպերայի թատրոն հիմնադրելուն: Մեր զրուցակիցը՝ պարոն Հովհաննիսյանը, այս առիթով նախ ասաց, թե իրենց գործունեությունը կարծես ապացուցում է այն, որ ի դեմս ստուդիայի՝ Հայաստանն էլ ունի օպերային «փոքր թատրոն», հետո էլ առանց մանրամասնելու հավելեց. «Արցախում օպերային թատրոն հիմնադրելն առայժմ մեր եւ տեղի իշխանությունների ցանկությունն է»: Հավելենք, որ «Անուշում» ընդգրկված էին  Արցախի պետական երգչախումբը՝ Նինա Գրիգորյանի ղեկավարությամբ եւ խորեոգրաֆիկ ուսումնարանի սաները:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031