Լրահոս
Օրվա լրահոսը

«МИР»-ի ֆենոմենն ու ազգային երանգները

Հոկտեմբեր 11,2012 14:09

Կամ 72 միլիոնանոց լսարան ու բացառիկ հարթակ ԱՊՀ երկրների համար

Մերուժան Սարգսյանը ապագա հեռուստալրագրողներին ծանոթացնում է հեռուստառադիոընկերության աշխատանքներին:

Խորհրդային Միության փլուզումից հետո անհրաժեշտություն առաջացավ ստեղծել մի հարթակ, որը հնարավորություն կտար նախկին կայսրության երկրներին շարունակել շփումը, մանավանդ դրանցից շատերը կապված էին ճակատագրերով ու միջմշակութային առնչություններ ունեին: Այսօր այդ յուրատեսակ հարթակը, ի դեմս 72 միլիոնանոց լսարան ունեցող «МИР» միջպետական հեռուստառադիոընկերության, օրերս նշեց հիմնադրման 20-ամյակը:

«Եթե 20 տարի գոյություն ունենք, ուրեմն ինչ-որ բան հաջողվել է: «МИР»-ը միակ կառույցն է, որը ամեն օր տեսանյութեր եւ ռադիոնյութեր է հեռարձակում Հայաստանից, Վրաստանից, Մոլդովայից, ՌԴ-ից, Ղրղըզստանից… Նման այլ կառույց գոյություն չունի»,- «Առավոտի» հետ զրույցում փաստում է «МИР» միջպետական հեռուստառադիոընկերության Հայաստանի ազգային մասնաճյուղի տնօրեն Մերուժան Սարգսյանը  ու հավելում, որ աստիճանաբար են հասել այդ արդյունքին: «МИР»-ն ունի 10 բաժնետեր, դրանցից յուրաքանչյուրն էլ՝ իր ինքնուրույն քաղաքականությունը: Մեր զրուցակիցը նշում է, որ 20 տարվա մեջ միշտ էլ փորձել են հնարավորինս անաչառ ինֆորմացիա տրամադրել ու իրադարձությունների  օբյեկտիվ պատկերը:

Պարոն Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է «МИР»-ը լուսաբանում միմյանց հետ կոնֆլիկտ ունեցող երկրներում կատարվող անցքերը:

«Բնական է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո շատ կոնֆլիկտներ առաջացան՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, վրաց-ռուսականը, Միջին Ասիայում էլ «արշալույսները խաղաղ չեն»… Ամենաթարմ օրինակներից մեկն, օրինակ, վրաց-օսական հակամարտությունն էր: Դրա հետ կապված, նշեմ, որ ռուսական ազգային մասնաճյուղի լրագրողներն աշխատում էին Ցխինվալիում եւ այնտեղից էին նյութեր պատրաստում, Վրաստանի մասնաճյուղի լրագրողները՝ մյուս կողմից: Երկու կողմի օբյեկտիվ պատկերն էլ երեւում էր. մեր եթերում էին ե՛ւ Սահակաշվլիի հայտարարությունները, եւ Ռուսաստանի իշխանության ղեկավարների: «МИР»-ը, առանց կողմնակալության, նման հնարավորություն տալիս է: Իհարկե, աշխատանքային իրավիճակում միշտ չէ, որ ամեն ինչ հարթ է լինում, բայց, համենայնդեպս, աշխատում ենք հարթել ու ամենակարեւորը՝ անաչառ լինել»,- ասում է Հայաստանի ազգային մասնաճյուղի տնօրենը:

Մեր դիտարկմանը, թե այլ առանձնահատկություն ունենալով եւ զուտ արժեքներ քարոզելով, «МИР»-ը մի տեսակ ոչ շահեկան վիճակում է հայտնվում, պարոն Սարգսյանը պատասխանում է. «Մենք պրոդուկտ ենք պատրաստում 10 երկրի համար, այսինքն՝ «МИР»-ի կոնտենտը 10 երկրի համար է նախատեսված, չհաշված այն, որ ռադիո են լսում եւ «МИР»-ը դիտում են նաեւ այլ երկրներում: Ստացվում է՝ տեղական մակարդակով նորօրյա տերմինով ասած ռեյտինգի խնդիր ունենք: Եթե ուզենանք միայն հայկական լսարանի համար աշխատել, ապա ի՞նչ ասենք մյուս 70 միլիոնին: Կարճ ասած՝ մեր ընտրած տարբերակը միջինն ու հասանելին է բոլորին: Մյուս կողմից էլ, չենք կարծում, թե Երեւանում որեւէ մեկը կհանդուրժի այն հեռուստապրոդուկտը, որը կհակասի կամ ընդունելի չի լինի հայաստանյան լսարանի համար: Այս առումով, աշխատելը բավականին դժվար է, որովհետեւ ինչպես ասում են՝ որքան ազգ ու ժողովուրդ, այդքան էլ ճաշակ: Մենք փորձում ենք բավարարել բոլոր երկրների հեռուստալսարանների ճաշակը»:

Խոսելով «МИР»-ի աշխատակիցների մասին, Մերուժան Սարգսյանը նշում է. «Մեզ մոտ աշխատող լրագրողը կամ ցանկացած աշխատակից ամեն օր տեսնում է ոչ միայն իր երկրի սահմաններում կատարվողը, այլ այն ամենը, ինչ տեղի է ունենում իր երկրից դուրս: Ես իմ կոլեգաներին միշտ մտերմիկ խորհուրդ եմ տալիս՝ պարտավոր ենք մասշտաբային մտածողության կրողը լինել: «МИР»-ի առանձնահատկությունն այն է, որ համամարդկայինից զատ՝ պարտադիր են նաեւ ազգային երանգները: Օրինակ, ունենք ռադիոնախագիծ «թՏՉՏՐՌՑ Ռ տՏպՑ ժՐպՉՈվ»: Չնայած ազգային երանգներին, այն պետք է հասկանալի լինի բոլորին: Կամ եթե մենք Բելառուսից, Ղազախստանից կամ Ռուսաստանից հաղորդում դիտենք եւ չզգանք նրանց մշակույթը, կնշանակի՝ «МИР»-ը սպառվել է: Բարեբախտաբար, այդ խնդիրը չունենք, առաջիկայում ավելի շատ տեղ է հատկացվելու ազգային մասնաճյուղերի պատրաստած հաղորդումներին: Ունենք կոնսոլիդացված նախագծեր, որ բոլորս պատրաստում ենք միասին, օրինակ՝ «ՀպրտցոսՌՍՈ րպչՏՊվÿ»-ն կամ «կցՑպՉՏՊՌՑպսՖ»-ը: Փորձում ենք մեր հերոսների միջոցով պատմել, թե հետխորհրդային տարածքում այսօր ինչպիսի իրավիճակ է, մանավանդ անկախ պետությունների քաղաքացիները նույն խնդրի վերաբերյալ նման վերաբերմունք ունեն: Մեզ համար կարեւոր է հայկական մշակույթը հասցնել «МИР»-ի 72 միլիոնանոց լսարանին եւ 15-16 մլն-ի հասնող ռադիոլսարանին: Հայաստանի հետ կապված շատ մարդիկ կան, որոնք տեղեկատվության այլ աղբյուր չունեն, քան «МИР»-ը: Այստեղ աշխատանքային լեզուն ռուսերենն է, ինչի շնորհիվ կարողանում ենք հայերի եւ հայաստանցիների մասին պատմել ռուսերենով այլազգի ռադիոհեռուստալսողներին: Այնպես որ, «МИР»-ը հայկական կապիտալով եզակի ընկերություն է»:

Պարոն Սարգսյանը շեշտեց, որ «МИР»-ում մշտապես ներկայացվում են հայկական մշակութային արժեքները, պատմությունը, այսօրվա հայը, Հայաստանի քաղաքացին, ու չկա որեւէ նոր նախագիծ, որի մեջ հայաստանյան մասնաճյուղը ներգրավված չլինի:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ բառացիորեն օրերս ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդում հաստատվել է «МИР-24» նախագիծը. ստեղծվում է 24-ժամյա տեղեկատվական, լրատվական ալիք՝ «МИР»-ի բազայի վրա: Դա բոլոր բաժնետերերի համար 72 միլիոնանոց լսարանին օրվա իրադարձություններն առավել ընդգրկուն եւ մատչելի հասցնելու բացառիկ հարթակ կլինի: Հավելենք, որ «МИР»-ի եթերում միշտ տեղ են գտնում ցանկացած երկրի պետական կարեւորագույն եւ ազգային միջոցառումները: Օրինակ՝ ամեն տարի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդից ուղիղ հեռարձակումներ են լինում, կամ անցյալ տարվա սեպտեմբերի 21-յան զինվորական շքերթը 1ժամ 45 րոպե եղել է «МИР»-ի եթերում: «МИР»-ը չի մոռանում նաեւ տարբեր երկրներում ապրող ազգային փոքրամասնություններին:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031