Գյումրիում կատարված աննախադեպ նվիրատվությանը «Առավոտը» բազմիցս անդրադարձել էր 2009-2012թթ. տարբեր հրապարակումներում: Վերջին հրապարակումը՝ «Գյումրվա թնջուկը՝ կրկին ջրապտույտո՞ւմ», ս/թ մարտի 27-ին էր: Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ Գյումրու Խրիմյան Հայրիկ 59 շենքը ժամանակին պատկանել է Խորհրդային Հայաստանի կապի նախարարությանը, ուր 1978 թվականից մինչեւ օրս միասնական օրդերով, գրանցված ապրում են կապի հանգույցի նախկին աշխատողները՝ իրենց ընտանիքներով: ՀՀ կառավարության 1998թ. փետրվարի 9-ի հ. 81-րդ որոշմամբ՝ Շիրակի մարզպետարանի տնօրինությանն է հանձնվում Տիգրան Մեծի հ. 1 հասցեի նախկին կապի հանգույցի շենքից 2050 քմ, իսկ 350 քմ (Խրիմյան Հայրիկ 59) մնում է կապի նախարարության տրամադրության տակ: Ստանալով խորհրդային տարիներին ստեղծած հանրային անշարժ գույքը՝ մարզպետ Ֆելիքս Փիրումյանը յուրովի է փոշիացնում, այն չի վաճառում աճուրդով, այլ 23.04.2002 թվականին անշարժ գույքի նվիրաբերության պայմանագրով ընծայում է սանիկին՝ «Պրոգրես» համալսարանի ռեկտոր Ռաֆիկ Զարզանդի Խաչատրյանին: Վերջինիս անկառավարելի ախորժակն էլ այնքան է բացվում, որ ջանք ու եռանդ չի խնայում եւ ձեռքի հետ էլ վերցնում է պատկից՝ Խրիմյան Հայրիկ 59 շենքը, ուր 1978թ. գրանցված ապրում է 7 ընտանիք եւ հասնում զգալի հաջողության: Ռ. Խաչատրյանի առաջին հայցը՝ վտարել բնակարանների օրինական տերերից 2-ին, բավարարում է 2002թ. Գյումրու առաջին ատյանի դատարանը, ինչն էլ ստիպում է մնացած ընտանիքներին միավորվել ու միասին անհավասար պայքար մղել ամենակարող չինովնիկների ու անարդար դատաիրավական համակարգի դեմ: Բոլորել է գյումրեցիների դեգերումների 10, 5 տարին, նրանք կյանքի ու մահու պայքարի մեջ են մեր ազատ- անկախ տարբեր ատյանների դատարաններում, փորձում են պաշտպանել իրենց ապրելու իրավունքն իրենց իսկ բնակարաններում՝ նվիրատվության պայմանագիրը 350 քմ մակերեսով անվավեր ճանաչելու պահանջով: Նրանց հերթական հայցի առիթով Վճռաբեկ դատարանը 2010թ. դեկտեմբերի 27-ին (նախագահող դատավոր՝ Ե. Խունդուկյան, մասնակից՝ 9 դատավորներ) որոշում կայացրեց՝ վճռաբեկ բողոքը մասնակիորեն բավարարել, բեկանել ՀՀ վարչական դատարանի 18.05. 2010թ. վճիռը եւ գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության: Իր որոշման մեջ Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ պատասխանողի վկայակոչած փաստարկները հերքվում են հետեւյալ պատճառաբանություններով ու բերված են ՀՀ տարբեր օենսգրքերի, տարբեր հոդվածների ու նրանց կետերի տարբեր խախտումներ: Այն է՝ կեղծիքներն ամբողջությամբ բացահայտված են: Հիրավի, սա 9 տարվա մեջ արդարության վերականգնման դժվարին ճանապարհի առաջին իրական փորձն էր, չնայած Վճռաբեկ դատարանը կարող էր հայցը բավարարել եւ գյումրեցիների տառապանքները կավարտվեին, բայց թողեց, որ վարչական դատարանն ինքը շտկի իր սխալը (ժողովրդական խոսքով՝ իր եփած «կաշը» ինքն էլ ուտի): Ինչեւէ…
Վերջապես 2011թ. հունվարին վարչական դատարանը սկսել, այսօր էլ շարունակում է գործի քննությունը (այն դատավոր Արգիշտի Ղազարյանի վարույթում է): Չնայած դատավորը միակն էր նախորդներից, ով գործի դատաքննության փուլում մեկնել էր Գյումրի, տեղազննություն էր անցկացրել, բարեխղճորեն քննել գործի մանրամասները, լսել կողմերին, երրորդ կողմ հանդիսացող՝ կադաստրի, մարզպետարանի ներկայացուցիչներին, այդուհանդերձ, խորն էր գյումրեցիների հիասթափությունը, երբ դատական ակտի հրապարակման օրը՝ 14.03. 2012թ., Ա. Ղազարյանը հայտարարեց, որ գործի համար էական նշանակություն ունեցող որոշակի հանգամանքներ պարզելու նպատակով դատարանն անհրաժեշտ է համարում վերսկսել գործի վարույթը: Իսկ ի՞նչ էր պարզում դատարանը 1 տարի 3 ամսում: Երեւի փորձում է պարզել, թե ինչպե՞ս է կապի նախարարության բալանսից դուրս մնացել Խրիմյան Հայրիկ 59 շենքը, ո՞վ իմանա:
Ի դեպ՝ չար լեզուներն ասում են, որ ժամանակին կապի փոխնախարար Կարեն Ճշմարիտյանի թեթեւ ձեռքով է նախարարության հաշվեկշռից 2000թ. միտումնավոր դուրս մնացել 350 քմ տարածքը (հասկանալի է, թե ինչ խոսուն նախապայմաններ են գործել- Գ. Ա.): Այս իմաստով նա կլինի միակ դատավորն այս գործի շրջանակում, որ կփորձի գործը քննել հիմքից: Բազմաթիվ նիստեր են գումարվել, դա նշանակում է, որ գյումրեցիները բազմիցս իրենց փաստաբանի հետ ժամանել են Երեւան, լրացուցիչ ծախսեր անելով: Վերջին նիստը գումարվել էր ս/թ հունիսի 4-ին: Դատավոր Ա.Ղազարյանը տեղեկացրել էր, որ նկատի ունենալով ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կառուցվածքային փոփոխությունները, ինքը մարտի 14-ին գրություն էր ուղարկել ՀՀ ԿԱ ԱԳԿՊ կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանին ու ակնկալել նրա հանձնարարականը Գյումրի քաղաքը սպասարկող ստորաբաժանմանը, որպեսզի մինչեւ 04.06.12թ. ՀՀ վարչական դատարանին տրամադրեն հետեւյալ տեղեկատվությունը՝ 1. ք. Գյումրու «Պրոգրես» համալսարան արտադրական կոոպերատիվի զբաղեցրած եւ դրան պատկից շենքերում, բացի «Պրոգրես» համալսարանի սեփականության իրավունքի գրանցումից, առկա՞ են, արդյոք, այլ անձանց անվամբ գրանցման իրավունքներ: 2. Եթե այո, որո՞նք են այդ անձինք: 3. Ինչպիսի՞ հիմքերով են գրանցվել այդ անձանց իրավունքները:
Կարդացեք նաև
«Հարցերին պատասխանելիս խնդրում եմ հաշվի առնել նաեւ հասցեների անվանափոխությունները»,- ասված է վարչական դատարանի գրությունում:
7-8 ամիս է անցել, կարծես ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն չի պատասխանել վարչական դատարանի գրությանը:
Հունիսի 4-ի նիստում դատավոր Ղազարյանը հավաստիացրել էր, որ հարցումը կկրկնի, եթե դարձյալ պատասխան չստացվի, կդիմի կառավարությանը: Նիստն անորոշ ժամանակով հետաձգվել է, իսկ առջեւում Գյումրվա խստաշունչ ձմեռն է, ասել է թե՝ այս տարի էլ գյումրեցիները չեն կարող ջեռուցել իրենց բնակարանները, քանզի չսեփականաշնորհած բնակարանները չեն գազիֆիկացվում: Մինչդեռ գյումրեցիները մեծ հույսեր էին կապել ընտրական տարվա հետ, որ ժողովրդավարությունն ու արդարությունը կտոնի իր հաղթանակը:
ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ