Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմավարական «քցոցի՞»

Հոկտեմբեր 11,2012 13:45

Եվրասիական միության գաղափարական հայրը վստահեցնում է, որ այն զուտ տնտեսական նպատակ ունի, իսկ հայաստանցի տնտեսագետը բացում է տնտեսական «մինուսները»:

ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի՝ ամռանը Հայաստան կատարած այցից հետո բավականին աշխուժացան Հայաստանի՝ Եվրասիական միությանն անդամակցելու մասին խոսակցությունները: Տարբեր քաղաքական ուժեր «կողմ» եւ «դեմ» կարծիքներ հնչեցրին: Հետաքրքիր է, որ «դեմ» խոսեցին նաեւ իշխող կուսակցության տարբեր ներկայացուցիչներ: Պաշտոնական տեսակետ, սակայն, այս մասին ձեւավորված չէ: «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին՝ տեսակետ կա, որ Եվրասիական միության ստեղծումը Խորհրդային Միությունը վերականգնելու փորձ է, Եվրասիական միություն ստեղծելու գաղափարի հայրերից մեկը՝ ռուսաստանցի հայտնի տնտեսագետ Սերգեյ Գլազեւն ասաց. «Բացի տնտեսական նպատակներից՝ այս ծրագիրը որեւէ այլ նպատակ չի հետապնդում: Ոչ մի նման խնդիր չկա: Դա ապրանքների եւ ծառայությունների, կապիտալի եւ աշխատանքի ընդհանուր շուկա ստեղծելու համար է միայն»: Նա չհամաձայնեց նաեւ այն դիտարկմանը, որ այս միությունն ստեղծվում է ի հակակշիռ ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի դերն աշխարհում բարձրացնելու: Իսկ Հայաստանի անդամակցության մասով մեր հարցին պարոն Գլազեւը պատասխանեց. «Հայաստանը Եվրասիական միության դիտորդ անդամ է եւ հնարավորություն ունի միանալու այդ գործընթացին: Ընդհանուր սահմանի գոյությունն էլ այս պարագայում պարտադիր պայման չէ: Մենք ունենք Կալինինգրադի օրինակը, որը նույնպես ընդհանուր սահման չունի: Կարելի է այնպիսի մաքսային գոտի ստեղծել, որ Հայաստանն այս պրոյեկտի մաս դառնա: Բայց դա, այսպես ասած, Հայաստանի ընտրության հարցն է: Մենք Հայաստանից դեռեւս չունենք որեւէ հայտ»: Եվրասիական միության գաղափարը մեր զրուցակիցը համարում է զուտ ընդհանուր մաքսային միության եւ միասնական տնտեսական գոտու գաղափարի շարունակություն, որոնք, նրա կարծիքով, արդեն իսկ բավականին հաջող գործարկվում են: Պարոն Գլազեւի հավաստմամբ՝ մեկ տարվա կտրվածքով արդեն առկա է փոխադարձ ապրանքաշրջանառության տեմպերի աճ:

Կալինինգրադի մարզի օրինակը հայաստանցի տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն այս պարագայում տեղին չի համարում, քանի որ այդ մարզը ՌԴ-ի բաղկացուցիչ մասն է, ու դա «այլ պատմություն» է համարում, մինչդեռ Հայաստանն այլ պետություն է: Նա գնահատում է ՌԴ-ի նախաձեռնությամբ եւ Ղազախստանի ու Բելառուսի մասնակցությամբ այս քաղաքական որոշումը: Ասում է, որ այդ երկրներին արդեն իսկ հաջողվել է ստեղծել ազատ տնտեսական գոտի եւ անցում կատարել Մաքսային միության, որը զարգացման փուլում է: Որքանո՞վ մյուս պետությունները կհամալրեն այդ նախաձեռնությունը՝ Թաթուլ Մանասերյանի համար մեծ հարցական է. «Նախ այն պատճառով, որ ոչ բոլոր ապրանքներն ու ծառայություններն են ազատ, առանց արգելքների առեւտրի ենթակա: Բավականին մեծ թվով բացառություններ կան, եւ զավեշտալին այն է, որ դրանց թվում այն ապրանքներն են, որոնք ռազմավարական նշանակություն ունեցող են ազատ առեւտրի համար: Դա եւ երկաթն է, եւ փայտանյութը, եւ տարբեր այլ ապրանքներն այդ երկրների համար: Ուրեմն՝ եթե այդքան վերապահումներով է ազատ առեւտուրը, ապա արդյոք կարո՞ղ ենք դա համարել կատարյալ ազատ առեւտրի գոտի: Եվ արդյոք ազատ առեւտուր կլինի՞, եթե Հայաստանի պարագայում միայն ծխախոտը պետք է բացառության մեջ մտնի: Մնացած բոլոր ապրանքները ազատ առեւտրի են ենթակա, ինչն էլ նշանակում է՝ մաքսատուրքից զերծ են»: Իբրեւ տնտեսագետ՝ Թաթուլ Մանասերյանը շատ է կարեւորում նաեւ այն հարցը, թե որքանո՞վ է Հայաստանը պատրաստ համալրել պետական բյուջեի եկամտային մասը, ինչն ավանդաբար մեծամասամբ ձեւավորվում է հենց մաքսատուրքի հաշվին: «Օրինակ՝ արտերկրից, հենց ՌԴ-ից ներկրվող ավտոմեքենաների, սարքավորումների դեպքում եւ այլն 30 եւ ավելի տոկոս կազմող մաքսատուրքն ինչո՞վ պետք է փոխհատուցվի: Մենք ունե՞նք այն ճյուղերը, որոնց զարգացումից հարկվող եկամուտը կգա պետական բյուջե եւ թույլ կտա մեզ ֆինանսավորել սոցիալական եւ այլ ծախսեր: Կարծում եմ, որ իրատես պետք է լինենք: Ես կողմնակից եմ, ավելին՝ վաղուց եմ ասել տարածաշրջանային միություն ստեղծելու մասին, բայց դա պետք է լինի իրատեսական եւ արդար հիմքերի վրա»,- ասում է պարոն Մանասերյանը: Ի հեճուկս գաղափարի հեղինակի՝ նա խոչընդոտ է համարում ընդհանուր սահմանի բացակայությունը, քանի որ եւ պաշտպանվածության, եւ խոցելիության առումով, ըստ նրա, որ զգալի տարբերություններ կան:

Թաթուլ Մանասերյանը շատ կարեւորում է նաեւ այս ծրագրին Ուզբեկստանի եւ Ադրբեջանի չմասնակցելը եւ այս առումով բավականին վերապահումներով է վերաբերվում «ԱՊՀ երկրների միավորում» արտահայտությանը: Նա կարծում է, որ նախ՝ նշված վերապահումները պետք է վերացվեն, ապա նոր միայն մտածել Հայաստանի ինտեգրման մասին: «Ապագայի համար շատ կարեւոր եմ համարում, բայց դրան պետք է գնալ աստիճանաբար: Անգամ այն պարագայում, եթե վերանանք հարցի քաղաքական ենթատեքստից եւ համարենք զուտ տնտեսական հաշվարկ, ՌԴ-ի համար արդարացված է, շատ ձեռնտու է: Սակայն եթե նայենք ԱՊՀ տարածքին՝ միանգամից ակնհայտ է, թե ում է դա ձեռնտու»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031