Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Առայժմ զգույշ ասենք՝ Վրաստանի նոր իշխանություն»

Հոկտեմբեր 11,2012 13:39

«Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը չի բացառում, որ համապատասխան գործոնների ազդեցության դեպքում Վրաստանում իրավիճակը ետ կշրջվի, եւ «Վրացական երազանք» դաշինքը կտրոհվի: Իսկ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը նման հեռանկարն անհնար է համարում: Ստորեւ ներկայացնում ենք հատվածներ երկու գործիչների «Դեմ առ դեմ» բանավեճից:

«Առավոտ»- Ի սկզբանե Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման խոստումով իշխանության եկած Բիձինա Իվանիշվիլին արդեն իսկ հայտարարել է, որ Վրաստանի համար քաղաքական առաջնահերթությունը շարունակում է մնալ եվրաատլանտյան ինտեգրումը: Իսկ արտգործնախարարի պաշտոնում ներկայացված Մայա Փանջիկաձեն էլ նշել է, որ Վրաստանը Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատի այնքան ժամանակ, քանի դեռ Աբխազիայում եւ Օսեթիայում գործում են ՌԴ դեսպանատները: Ձեր գնահատմամբ՝ ինչո՞վ են պայմանավորված այս հայտարարությունները:

Ռուբեն Մեհրաբյան- Ներկայիս պուտինյան Ռուսաստանի պայմաններում հնարավոր չէ լինել եւ եվրաատլանտյան ինտեգրացիայի ձգտող երկիր, եւ մտածել Ռուսաստանի հետ ստրատեգիական հարաբերությունների հաստատման մասին: Դա՝ ինչպես յուղը եւ ջուրը, անհնարին է խառնել իրար հետ: Եվ սա վերաբերում է նաեւ Հայաստանի իշխանություններին, որոնց երկկենցաղ խաղերը գալու են ավարտվեն ինչ-որ մի կետի վրա՝ կամ դեպի ռուսաստանյան տափաստաններ, կամ դեպի եվրոպական քաղաքակրթություն:

Շիրակ Թորոսյան- Ես կարծում եմ, որ բնականոն հարաբերություններ հարեւանի հետ՝ չի նշանակում կասեցնել պետության արտաքին քաղաքականության գերակայությունները: Բիձինա Իվանիշվիլին իր թիմով ընդամենը հայտարարել է, որ վերականգնելու է Ռուսաստանի հետ հարաբերությունները: Ինչ է նշանակում սա. Վրաստանն ու Ռուսաստանն այսօր միմյանց միջեւ ունեն վիզային ռեժիմ, այսինքն՝ Վրաստանի քաղաքացին այսօր չի կարող ազատ մուտք գործել Վրաստան՝ բազմաթիվ կապերի առկայության պայմաններում: Մյուս կողմից՝ Իվանիշվիլին խոստացել է վերականգնել վրացական բրենդային ապրանքների ռուսական շուկան՝ Բորժոմին, գինին, ցիտրուսային շուկան: Սա է նա առայժմ խոստացել իր քաղաքացիներին, որն էլ ընկալվել է վերջիններիս կողմից:

«Առավոտ»- Իսկ ինչպիսի՞ փոփոխությունների ակնկալիքներ կարելի է ունենալ տարածաշրջանային հարեւանների՝ Ադրբեջանի եւ Հայաստանի հետ հարաբերություններում:

Շ. Թ.- Ես կարծում եմ, որ Ադրբեջանի հետ Վրաստանը կշարունակի իր ջերմ ռազմավարական հարաբերությունները, որովհետեւ դրա համար բոլոր նախադրյալները կան: Բայց նաեւ՝ Հայաստանի հետ հարաբերություններում ես ակնկալում եմ որոշակի փոփոխություններ դեպի լավը, դրականը: Եվ դա մեծապես պայմանավորված է նաեւ նրանով, թե այս նոր իշխանությունների հետ ինչպես մենք կսկսենք մեր հարաբերությունները եւ մեր առաջնահերթությունները որոնք կլինեն:

«Առավոտ»- Ռուսաստանի հետ Վրաստանի հարաբերությունների բարելավումը ի՞նչ կտա Հայաստանին, արդյոք այդ դեպքում Հայաստանի նշանակությունը՝ որպես Այսրկովկասում ՌԴ միակ դաշնակից, չի՞ նվազի:

Ռ. Մ.- Վրաց-ռուսական ներկայիս հարաբերությունները հստակ պատճառներ ունեն: Դրա հիմքում Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականությունն է, որին ընդդիմանում է եւ չի կարող չընդդիմանալ Վրաստանը, որը սահմանակից է Ռուսաստանին: Այդ շահերի բախման արդյունքում տեղի ունեցավ նաեւ 2008 թ. պատերազմը, որի հետեւանքները եւ դիմակայության պատճառները դեռ վերացված չեն: Իհարկե՝ նոր մարդիկ են, նոր ցանկություններ եւ պատրաստակամություն, սակայն ես հարաբերությունների բարելավման իրական հիմքեր չեմ տեսնում: Բայց եւ կարծում եմ, որ այդ դիմակայության թեժության աստիճանը, որը հասնում էր անգամ Ռուսաստանի ու Վրաստանի ղեկավարության միջեւ անձնական ատելության, ինչ խոսք, իհարկե՝ կմեղմվի: Բայց առայժմ զգույշ ասենք՝ Վրաստանի նոր իշխանություն բառակապակցությունը, ի վերջո, դեռ մեկ տարի Վրաստանի նախագահը Միխեիլ Սահակաշվիլին է:

«Առավոտ»- Այս օրերին Սահակաշվիլին ամեն կերպ փորձում է հզորացնել իր ենթակայության տակ եղած լծակները՝ նաեւ համապատասխան կադրային եւ կառուցվածքային փոփոխություններով: Արդեն իսկ տեսակետներ են հնչում, որ Վրաստանում առկա երկիշխանությունը կարող է անկանխատեսելի հանգուցալուծում ունենալ՝ ընդհուպ մինչեւ վաղաժամ խորհրդարանական ընտրություններ: Որքանո՞վ եք հնարավոր համարում նման հեռանկարը:

Շ. Թ.- Խորհրդարանական ընտրությունները կայացել են, եւ կա ընդդիմության ակնհայտ հաղթանակը: Բնականաբար, նորընտիր խորհրդարանն իր ողջ լծակներով աշխատելու է, որպեսզի նախագահական ընտրությունները վաղաժամ տեղի ունենան, եւ Սահակաշվիլին չպաշտոնավարի իր այդ մեկ տարին: Ուստի բնական է նաեւ, որ Սահակաշվիլու թիմն էլ հայտարարություն է անում վաղաժամ խորհրդարանական ընտրությունների մասին: Բայց ես կարծում եմ՝ անհնար է, որ մեկ տարվա ընթացքում այնպիսի քաղաքականություն վարեն, որ ապացուցեն, թե իրենք ավելի ճշմարտացի են, եւ հասնեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Դա, կարծում եմ, աբսուրդ է: Ավելի ռեալ է երկու ճանապարհ. կամ խորհրդարանական մեծամասնությունը կհասնի Սահակաշվիլու հրաժարականին, կամ նա կպաշտոնավարի մինչեւ իր ժամկետի ավարտը, որից հետո Վրաստանն արդեն, ըստ նոր Սահմանադրության, կդառնա խորհրդարանական երկիր, եւ նախագահի կարգավիճակն արդեն էական նշանակություն չի ունենա:

Ռ. Մ.- Ըստ իս՝ հանգուցալուծումը կախված է լինելու մի քանի կարեւոր գործոններից: Եթե նոր կառավարությունը պահպանի ներկայիս պոպուլիզմի մեծ չափաբաժինը, ապա ես կարծում եմ՝ շատ արագ կարող է հասարակության մեջ մեծ հիասթափություն առաջացնել իր գործունեությունից: Եվ չմոռանանք, որ «Վրացական երազանք» դաշինքն ինքնին շատ բազմատարր եւ բարդ միացություն է, որն արագորեն կարող է տրոհվել: Այնտեղ բավականին ամբիցիոզ առաջնորդներ կան, որոնք, ի տարբերություն Իվանիշվիլու, վաղուց են Վրաստանի քաղաքական թատերաբեմում: Իսկ Սահակաշվիլիին սատարող «Միացյալ ազգային շարժումը» միատարր ուժ է: Բայց դա կախված կլինի նաեւ արտաքին ազդեցությունից: Ի վերջո, մենք տեսնում ենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտն այսօր երկու ուղղությամբ է աշխատում՝ Իվանիշվիլու հետ առանձին, Սահակաշվիլու հետ՝ առանձին: Եվ ես չեմ բացառում, որ իրավիճակը հետ շրջվի եւ այս կոալիցիան փլուզվի:

Բանավեճը վարեց

ԱՐԵՎԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԸ

 

 

Նախագիծն իրականացվում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» ծրագրի շրջանակներում:

Երկու գործիչների «Դեմ առ դեմ» բանավեճն ամբողջությամբ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031