Այսօր մամուլի ասուլիսում, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ կապված ՀՀ-ում ՌԴ դեսպանի արած հայտարարությանը՝ «Համերկրացիներ» ծրագրի վերաբերյալ , Աշոտ Մանուչարյանը նկատեց, որ ծրագիրը եւ դրան հետեւած զարգացումները ոչ միայն Հայաստանի թշվառ տնտեսական իրավիճակի արդյունք են, այլ նաեւ Ռուսաստանի ապաշնորհ արտաքին քաղաքականության: Բանախոսի համոզմամբ՝ ՌԴ-ն վերջին շրջանում իրեն գործընկերներ է ընտրում ֆինանսապես ապահովված ապաշնորհ գործիչների ու հետո կրակն ընկնում այդ հարաբերությունների ձեռքը: «Դուք չեք վստահում ձեր դրածոներին, եւ մենք, եթե ապստամբում ենք ձեր դրածոների դեմ, դուք գնդակահարում եք մեզ՝ այդ դրածոների ձեռքերով»,- դիմելով ՌԴ քաղաքական եւ պետական այրերին, ասաց Աշոտ Մանուչարյանը:
Վերջինիս համոզմամբ, Ռուսաստանը Հայաստանում ընտրում է այնպիսի գործընկերների, ովքեր ի սկզբանե «վաճառքի» են հանված եւ գնված են արեւմուտքի կողմից: Իսկ ընդհանրապես, Աշոտ Մանուչարյանի տպավորությամբ, Հայաստանն այժմ այնպիսի խղճուկ վիճակում է, որ օտարերկրյա դեսպաններն ավելի ճիշտ կանեն, եթե քարտուղարուհիների միջոցով շփվեն մեզ հետ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ