«Ես չեմ գտնում, որ ԱՄՆ-ն ի զորու չէ Հայաստանում լուծել հետապնդման կամ չհետապնդման հարց: Հետեւաբար, եթե Հայաստանում որեւէ մեկը քրեական հետապնդման է ենթարկվում, ուրեմն ԱՄՆ-ն դեմ չէ դրան»,-այսօր «Իրատես դե ֆակտո» մամուլի ակումբում, անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի վերջին հայտարարությանը՝ կապված նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի անձի շուրջ զարգացումների հետ, ասաց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը:
Այս ամենից հետո Մանուչարյանը խորհուրդ է տալիս մտորել՝ ինչո՞ւ: «Հայաստանի համար պայքար է մղվում, Հայաստանը քարտեզի վրա շատ կարեւոր տեղ է զբաղեցնում»,- վստահ է բանախոսը: Իր պատկերացմամբ՝ այժմ ԱՄՆ-ն եւ ՌԴ-ն պայքար են մտել Հայաստանի նախագահի լծակի համար: Մանուչարյանի տպավորությամբ՝ ՌԴ-ն «կատաղած» է, քանի որ «իրեն թվում է, որ պապենական իրեն տրված այդ լծակը փորձում են խլել ու դրա համար մեղադրում է բոլորին՝ բացի իրենից»: Դիմակայելով Ռուսաստանի Դաշնության «կատաղության» դրսեւորումներին, բանախոսի համոզմամբ՝ ԱՄՆ-ն չեզոքացնող քայլեր է ձեռնարկում. «Դրա համար պետք է գործի: Իսկ ՌԴ-ի համար հայտարարված գործիքը Հայաստանում ԲՀԿ-ն է: Կուսակցության երկրորդ դեմքը (Վարդան Օսկանյան), որը պաշտպանված է ԱՄՆ-ի նավատորմով կամ գոնե այնտեղ ծառայող մորմոնների կողմից, մյուս կողմից ԲՀԿ-ի տրամադրության տակ է ՌԴ-ն՝ իր հրթիռամիջուկային ողջ պոտենցիալով եւ հանկարծ քրեական գործ է հարուցում Հայաստանի ադմինիստրացիան… Այդ մարդը հայտնվում է հետապնդման տակ, նույն պահին չքվում է ԲՀԿ-ի առաջին դեմքը»:
Այս նկարագրությունից հետո Աշոտ Մանուչարյանը խղճում է մյուս ԲՀԿ-ականներին, ովքեր ժամանակին թալանել են ու հիմա գիտակցում են, որ իրենց գեթ մի նավակ էլ չի պաշտպանելու: Հետեւաբար հլու-հնազանդ պետք է ենթարկվեն Հայաստանի ադմինիստրացիայի «քեռիից» եկած հրահանգներին: «Սա է կատարվում Հայաստանում, չեզոքացվում է Ռուսաստանի սիրելի զենքը: Բայց Ռուսաստանին հասնում է, որովհետեւ զենք ստեղծելուց առաջ պետք է լավ մտածի, թե ինչից է ստեղծում»,- ասաց Աշոտ Մանուչարյանը:
Կարդացեք նաև
Պատասխանելով Aravot.am-ի հարցին՝ տեսնո՞ւմ է ինքը Վարդան Օսկանյանին ՀՀ նախագահի թեկնածուի դերում, քանի որ իր վերջին հարցազրույցում Օսկանյանը նման ակնարկներ հնչեցրել էր, Աշոտ Մանուչարյանը խորհուրդ տվեց այդ հարցերի պատասխանները ստանալու համար դիմել ԱՄՆ եւ ՌԴ դեսպաններին. «Գուցե նրանք համատեղ կարողանան տալ այդ հարցի պատասխանը: Օսկանյանով վախեցնո՞ւմ են ՌԴ-ին, դրանից հետո ի՞նչ ֆունկցիայում են տեսնում նրան՝ նախագահի՞, թե՞ տառապյալ բանտարկյալի»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ