Լրահոս
Օրվա լրահոսը

Դաշինքների տխուր ավարտը

Հոկտեմբեր 11,2012 13:16

Մեր երկրում քաղաքական կոալիցիաները միշտ տխուր ճակատագրեր են ունեցել: Օրինակ՝ 2008-ի նախագահական ընտրություններից հետո ձեւավորված քառակողմ կոալիցիայի երկու կողմերն այսօր փաստացի ընդդիմության մեջ են եւ այնպես են խարազանում իշխանության թերությունները (հաճախ արդարացիորեն), որ կարելի է եզրակացնել՝ նրանք երբեք իշխանության մաս չեն կազմել: 90-ականների «Հանրապետություն» իշխանամետ դաշինքի մեծ մասը (այդ թվում՝ ՀՀԿ-ն) մեկ գիշերում դարձավ երկրապահ՝ կանգնելով ուժեղի կողքին: «Միասնություն» դաշինքը «հոկտեմբերին 27-ից» հետո, ըստ էության, ոչնչացավ: «Արդարություն» ընդդիմադիր դաշինքի տարբեր անդամներ այսօր շատ տարբեր տեղերում են: Եվ այլն: Պատճառն այն է, որ այդ կոալիցիաների անդամները չունեն ոչ միայն գաղափարական, այլեւ մարտավարական ընդհանրություններ: Դրանց բոլորի իմաստը հետեւյալն է. առկա է ինչ-որ մի ուժ, որը շանսեր ունի իշխելու կամ հայտնվելու խորհրդարանում, այդ ուժը հավակնություններ ունի իր շուրջը ինչ-որ «կոնսոլիդացիայի» պատրանք ստեղծելու եւ հանուն իր այդ ամբիցիաների իր հետ քաշում է մի քանի այլ գործիչների, որոնք սովորաբար հայտնվում են «աղքատ ազգականների» կարգավիճակում: Այդ՝ բավականին նվաստացուցիչ դերը նրանց վաղ թե ուշ ձանձրացնում է, եւ առաջին իսկ հարմար պահին այդ «կցված» գործիչները «թռնում են» իրենց «կոնսոլիդացնողի» վրայից:

Բացառություն չէ նաեւ «Ժառանգությունը», որը վերջին խորհրդարանական ընտրություններից առաջ ակնհայտորեն սխալ որոշում է կայացրել՝ իր կազմում ընդգրկել «Ազատ դեմկրատների» եւ, այսպես կոչված, «հասարակական սեկտորը» (թե ինչ է դա իրականում նշանակում, ես, ճիշտն ասած, լավ չեմ պատկերացնում): Արդյունքում նախորդ գումարման խորհրդարանում արդյունավետ աշխատած եւ ժողովրդի գիտակից մասի կողմից դրականորեն ընկալվող գործիչները այս անգամ պատգամավոր չդարձան՝ իրենց տեղը զիջելով «Ազատ դեմոկրատներին», որոնք, իհարկե, շատ հարգարժան մարդիկ են, բայց «Ժառանգության» «բրենդի» տակ չեն ընկալվում: Ի դեպ, անձամբ ես նաեւ Ռուբեն Հակոբյանին շարունակում եմ ընկալել որպես դաշնակցական՝ հավանաբար այն պատճառով, որ 95-ի առաջին «կեղծ» խորհրդարանում նա միայնակ էր ներկայացնում այդ կուսակցությունը: Հիմա «Ժառանգության» խմբակցությունում իրավիճակը առավել քան տարօրինակ է. «Ազատ դեմոկրատները» կարծես թե ցանկանում է բաժանվել «Ժառանգությունից», Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է մանդատից, եւ ԱԺ-ում որպես միակ «մաքուր ժառանգական» մնացել է Զարուհի Փոստանջյանը:

Այդ փորձը գոնե հետագայի համար պետք է հաշվի առնել: Սիրելի կուսակցականներ, մի՛ ստեղծեք դաշինքներ, մի՛ մտեք ալյանսների մեջ, մի՛ ձեւավորեք կոալիցիաներ, ոչ մեկին մի՛ «կոնսոլիդացրեք»: Դրանից երբեք ոչ մի լավ բան չի ստացվում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031