Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ-թուրքական սահմանի բացմանը խանգարում են Ադրբեջանի կապրիզները»

Հոկտեմբեր 11,2012 13:03

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, Aravot.am-ի հետ զրույցում  անդրադառնալով 3 տարի առաջ հենց այս օրը Ցյուրիխում կնքված հայ-թուրքական արձանագրություններին, կարծիք հայտնեց, որ թեև նախագահ Սերժ Սարգսյանը հմուտ կերպով օգտագործեց ֆուտբոլային դիվանագիտությունը` ցույց տալով, որ Օսմանյան կայսրության կողմից ցեղասպանության ենթարկված հայ ժողովուրդը  առանց նախապայմանների պատրաստ է  բարելավել իր հարաբերությունները հարևանի հետ, սակայն  Թուրքիայի կողմից չվավերացվելու պայմաններում այդ փաստաթուղթը  ճիշտ ժամանակին հետ չվերցնելը կոպիտ սխալ է : « Սերժ Սարգսյանի հաշվարկները ճիշտ էին կատարված, բայց երբ որ այդ արձանագրությունները ստորագրվեցին և չվավերացվեցին Թուրքիայի կողմից, և մեր նախագահն անընդհատ նշում էր, որ եթե թուրքական իշխանությունները ողջամիտ ժամկետում չվավերացնեն, ապա մենք հետ կվերցնենք մեր ստորագրությունը, այ,  էդ հետ վերցնելը պետք էր անել անցյալ տարի արդեն, որովհետև մենք բավական երկար սպասել ենք , և ժամանակը մեր դեմ է ուղղված: Բացի դրանից մեր նախագահն պետք է հիշեր, որ այս արձանագրությունների ստորագրումը բերեց նրան, որ բավականին սառեցին Հայաստան-Սփյուռք հարաբերությունները:Չնայած Սփյուռքի հետ  ունեցած լարվածությանը` մենք կարող էինք միջազգային հանրությանն ապացուցել, որ Հայաստանը պատրաստ  է բարելավել հայ-թուրքական հարաբերությունները, դրանից հետո ապացույցը մենք ստացանք, որ Թուրքիան բացարձակ պատրաստ չէ իրագործել,  և մենք կարող էինք արդեն  առանց Հայաստան-Սփյուռք հակասությունը  խորացնելու,  հետ վերցնել մեր ստորագրությունները, որպեսզի միջազգային հանրությանը նորմալ, ժամանակին ապացուցեինք, թե մենք ինչ քայլ կատարեցինք, և ինչ պատասխան ստացանք Թուրքիայի կողմից և Սփյուռքի հետ էլ չխորացնեինք մեր հակասությունները» :

Մեր այն հարցին ի պատասխան, թե պաշտոնական Հայաստանից բացի, հասարակ հայ քաղաքացին  պատրա՞ստ է արդյոք բարելավել իր հարաբերությունները թուրքերի հետ, չէ՞ որ մեր քաղաքացիներից  շատերն են  ոխակալված նրանց   դեմ, պատիվ են պահաջում  ցեղասպանության զոհ դարձած իրենց ապուպապերի համար, քաղաքագետն ասաց. « Երկար տարիներ չունենալով Թուրքիայի հետ հարաբերություններ` խորհրդային միության ժամանակներում մեր ժողովուրդը  ստերոտիպներով էր վերաբերվում էդ պետությանը, նույն Թուրքիայում  իշխանությունները համոզել էին ժողովրդին, թե հայերի ցեղասպանություն չի եղել, բայց միևնույն ժամանակ չէին բացատրել, թե Օսմանյան կայսրությունում բնակվող 3 միլիոն հայերը ո՞ւր կորան: Շատ դեպքերում թուրք հասարակ բնակիչը` Ստամբուլի, Անկարայի, Ադանայի, Իզմիրի, չգիտի, թե հայերը ո՞ւր են կորել, նրանք էլ իրենց տեսակետը ունեին, որ առաջին աշխարհամարտի  տարիներին հայերը,  դավաճանելով Օսմանյան կայսրությանը,  անցել են իրենց թշնամի Ռուսաստանի կայսրության կողմը և մարտնչել են թուրքական իշխանությունների դեմ: Իրենք էլ էս վարկածը գիտեին, թեև նշեմ, որ սա բացարձակ չի նշանակում, թե մի ամբողջ  ազգի   ոչնչացումը իր պատմական հայրենիքում նորմալ երևույթ է:Մենք պետք է  այդ ստերոտիպներից  ազատվենք, և ապացուցենք նույն թուրքերին , միջազգային հանրությանը , որ ցեղասպանությունը  տեղի է ունեցել»:

Մեր զրուցակցի կարծիքով, գլոբալիզացման դարաշրջանում չկան այդպիսի խնդիրներ, որոնք  բանակցությունների միջոցով հնարավոր չլինի լուծելը :  «Եթե նույն հարևանների միջև կոնֆլիկտները վերցնենք, ապա Գերմանիան և Ֆրանսիան երբևիցե չպետք է բարելավեին իրենց հարաբերությունները մեկը մյուսի հետ, Բուլղարիան և Թուրքիան պետք է նորմալ  հարաբերություններ չունենային, Ռումինիան և Հունգարիան պետք է միշտ պատերազմեին մեկը մյուսի հետ և շատ-շատ այլ տարբերակներ:Հնդկաստանի և Պակիստանի միջև տեղի ունեցած պատերազմի հետևանքով երկու երկրների միջև ստեղծվեց լարված իրավիճակ, որը շարունակվում է մինչև հիմա, բայց դա չի նշանակում, որ հարևան երկրների միջև դիվանագիտական  ու առևտրատնտեսային հարաբերություններ չկան: Մենք էլի կարող էինք նորմալ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, ունենալով մեր պահանջները նրանց, իրենք էլ իրենց պահանջները` մեզ, բայց դա չի նշանակում, որ 21 դարում պետք է լինեն փակ սահմաններ ԵԱՀԿ կամ ՄԱԿ-ի անդամ երկրների միջև:Հայաստանը  և Թուրքիան միջազգային խոշոր կազմակերպությունների անդամներ են, և ըստ տրամաբանության,  նրանք չպետք է ունենային փակ սահմաններ, Եվրոպան, ԱՄՆ-ը և Ռուսաստանը  պետք է պարտադրեին, որ Թուրքիան     բացի սահմանները Հայաստանի հետ»,- ասում է Գագիկ Համբարյանը: Իսկ  թե ի՞նչն է կաշկանդում  Թուրքիային սահմանները բացելու ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկում, ըստ  մեր զրուցակցի,  գլխավոր կաշկանդող ուժը   Ադրբեջանն է, որը իրեն թեև Թուրքիայի  կրտսեր եղբայր է անվանում, բայց իրականում հանդես  է գալիս  ավագ քրոջ կարգավիճակում`իր   կապրիզներով  պարտադրելով  Թուրքիային   գնալ  այնպիսի քայլերի, որոնք շատ դեպքերում չեն էլ բխում Թուրքիայի ու առհասարակ  տարածաշրջանի արտաքին քաղաքական շահերից:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031