Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաստեր Գագիկ Ծառուկյանի եւ Ռուբեն Հայրապետյանի հարաբերությունների մասին

Հոկտեմբեր 11,2012 12:42

Երեկ «Կենտրոն» հեռուստաընկերության քաղաքական-լրատվական հաղորդումների տնօրեն, «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ եւ վարող Պետրոս Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է թողել՝ տեղեկացնելով. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրաժարվել է «Կենտրոն» հեռուստատեսությանը հավատարմագրել Հայաստան-Ւտալիա խաղին։ Մեր խնդրանքին պաշտոնապես հիմնավորել, թե ինչո՞ւ, ՀՖՖ-ից պատասխանեցին՝ «Ըտենց ենք ուզում»։

Պետրոս Ղազարյանին նրա ստատուսի տակ հակադարձել է ՀՖՖ-ի մամուլի քարտուղար Արայիկ Մանուկյանը՝ ասելով. «Նախ ՀՖՖ-ից ոչ ոք չի պատասխանել «Ըտենց ենք ուզում»։ ՀՖՖ-ից պատասխանելու իրավունքն իմն է, եւ ես եմ պատասխանել «Կենտրոնի» ներկայացացչին, իսկ իմ բառապաշարի ու մտածողության մեջ «Ըտնեց ենք ուզում» արտահայտություն չկա։ «Կենտրոնին» չենք հավատարմագրել, որովհետեւ 1. Հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերը «Կենտրոնի» ներկայացուցիչը ներկայացրել է Հավատարմագրման կարգով սահմանված ժամկետից ուշ։ 2. Եթե «Կենտրոնում» որեւէ մեկը բարի լիներ կարդալ Հավատարմագրման     կարգը, որը հրապարակվել է ՀՖՖ պաշտոնական կայքում, տարածվել է մամուլի հաղորդագրությամբ եւ այլն, ուրեմն՝ կհասկանար, որ մարզադաշտում տեղերի եւ հավատարմագիր պահանջող լրատվամիջոցների անհամապատասխանության դեպքում հավատարմագրումը կատարվում է ըստ Հավատարմագրման կարգով սահմանված առաջնահերթությունների։ Եթե «Կենտրոնում» կարգը կարդային, կիմանային նաեւ առաջնահերթությունների ցանկի մասին, որը համապատասխանում է ֆուտբոլային խաղերը կարգավորող ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի համապատասխան փաստաթղթերին։ Հավատարմագրման կարգը սահմանվել է Հայաստան-Իտալիա հանդիպումից առաջ, քանի որ այս հանդիպումը 2014 թվականի Աշխարհի գավաթի ընտրական փալի առաջին ներտնային հանդիպումն է։ Խորհուրդ եմ տալիս ծանոթանալ Հավատարմագրման կարգին՝ առաջիկա հանդիպումների նկատառումով, անընդհատ կարգ ու կանոնից խոսելու փոխարեն մի քիչ կարգ ու կանոնի հանդեպ հարգալից լինել եւ նույնիսկ հավատարմագրումը չօգտագործել մանիպուլյացիաների համար»։

«ՉԻ»-ն փորձեց տեղի ունեցածի մասին լրացուցիչ մեկնաբանություններ ստանալ Պետրոս Ղազարյանից։ Վերջինս մեզ հետ զրույցում մանրամասնեց. «Մեր լրագրողից հավեյալ թղթեր էին ուզել հավատարմագրելու համար, լրագրողը տարել էր թղթերը ու հետո նրան ասել են, թե չեն հավատարմագրում։ Մեր ֆուտբոլային մեկնաբանին ասացի, որ զանգի եւ պաշտոնապես հարցնի, թե ինչն է խնդիրը։ Մեր աշխատակցին պարզապես փոխանցեցին, որ դա իրենց ցանկությունն է՝ կուզեն կհավատարմագրեն, չեն ուզի՝ չեն հավատարմագրի։ Մենք 10 տարի նույն կարգով ենք աշխատել 10 տարի որեւէ անգամ չենք խախտել եւ հիմա, ստացվում է, կարգ ենք խախտե՞լ։ Ես չեմ ուզում որեւէ բան մեկնաբանել, ես ընդամենը փաստեր եմ արձանագրում, թող մնացածը կարդացողն ու իմացողը իրենք հետեւություն անեն։ Ես որոշակի միտում տեսնում եմ նաեւ այլ փաստի պարագայում։ Միշել Պլատինին եկավ եւ ասուլիս տվեց, որոշ լրատվամիջոցներ, որոնք երբեւէ չեն կարեւորել ու չեն լուսաբանել սպորտային կյանքը, հրավիրված էին, իսկ «Կենտրոնին» չեն տեղեկացրել ասուլիսի մասին։ Էստեղ էլ հավատարմագրման կարգի հարց չկար, չէ՞։ Ես դեմ եմ եղել միշտ սպորտն ու ֆուտբոլը քաղաքականացնելուց, որովհետեւ ֆուտբոլը ոչ մեր հեռուստաընկերության, ոչ էյ ֆուտբոլիի ֆեդերացիայի սեփականությունը չէ։ Այն մեր ազգի հավաքականն է, եւ հանրությունը իրավունք պետք է ունենա բոլորի մեկնաբանությունը եթերում լսելու խաղը դիտելու ընթացքում։ Սա է մեր մոտեցումը։ Ի դեպ՝ մեզ արգելել են ցուցադրել հավաքականի մարզումները ուղիղ եթերում, մենք պարզապես ցանկություն եւ հնարավորության ունեինք ցուցադրելու մեր տղաների մարզումները, շփումները, որից տրամադրություն կփոխանցվեր հասարակությանը, եւ՝ հակառակը։ Թույլ չտվեցին՝ էստեղ էլ հավատարմագրման կարգ կա՞ր։ Ես փաստեր արձանագրեցի՝ դուք դատողություններ արեք»։

Ի դեպ՝ Պետրոս Ղազարյանի ստատուսի տակ ծավալվող բանավեճից պարզեցինք, որ էլի են եղել լրատվամիջոցներ, որոնց ՀՖՖ-ն չի հավատարմագրել։ Ամենայն հավանականությամբ այն պարզ պատճառով, որ լրատվամիջոցները դեռ նոր են եւ լայն ճանաչում դեռեւս չեն գտել հայ ընթերցողների շրջանակներում։ «Այ սենց բաների պատճառով է, որ տոմս այս անգամ ընկերներով չենք գնել, որովհետեւ չենք ցանկանում հարստացնել Նե– մեց-Բուռնաշ զույգին։ Մենք լավ ենք հիշում, թե ինչպես հայ- թուրքական ֆուտբոլային խաղի ժամանակ մեր հավաքականի մարզաշապիկից անհետացավ Արարատի պատկերը, եւ զուգահեռաբար անջատեցին Ծիծեռնակաբերդի լույսերը, միայն այս ամենի համար պետք է հեռացնել ՀՖՖ նախագահին իր ամբողջ հավատարմագրիչների ցուցակով», քննարկման մեջ գրել է հայ ֆուտբոլասերներից մեկը։ Եվ ոչ միայն նա։

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031