Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ նրանց խոսքը գրոշի արժեք չունի

Հոկտեմբեր 11,2012 11:58

 Հայտնի անեկդոտ կա. մեկը, այլեւս չհանդուրժելով իր բնակարանում փայտոջիլների ներկայությունը, զայրանում ու նրանց տանից դուրս է անում։ Փայտոջիլները շարք կազմած հեռանում են։ Բայց տեսնելով ժպտացող տանտիրոջը՝ նրանցից մեկը բղավում է. «Տղե՛րք, խազեինը կատակ էր անում, հե՛տ դարձեք»:

Հիմա իշխանությունների վերջին շրջանի գործողությունները հիշեցնում են այս անեկդոտը։ Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը պարբերաբար խորհրդակցություններ են անցկացնում, հեռուստախցիկների առաջ զայրանում երկրում տիրող կոռուպցիայի, հայտնաբերված խայտառակ չարաշահումների առնչությամբ, սպառնում, որ պաշտոնյաները կրելու են անհատական պատասխանատվություն։ Բայց քանի որ նրանց խոսքերը հեռուստաեթերից հնչող դատարկ սպառնալիքներից այն կողմ չեն անցնում, շատերին թվում է՝ «խազեինը» կատակ է անում, ավելի ճիշտ՝ իր հերթական նախընտրական հոլովակը նկարահանում։

Չորս տարուց ավելի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Տիգրան Սարգսյանը միայն հիմա է բացահայտել, որ պետական միջոցները փոշիացվում են։ Նրա հերթական բացահայտումը վերաբերում էր քաղաքաշինության ոլորտին։ Վարչապետը  պարզել է, որ Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում դպրոցաշինության  համար հատկացվել է 270 մլն դրամ, որից 200-ն արդեն փոշիացվել է, քանի որ դպրոցի շենքը 3-րդ աստիճանի վթարային է ու կատարված ծախսերը եղել են անիմաստ։ Նույնը, ըստ Տ. Սարգսյանի, եղել է նաեւ Մասիսում՝ թիվ 5 դպրոցի հետ կապված. «Մինչեւ այսօր մենք բավարարվել ենք հանձնարարականներով՝ շտկել, վերացնել, վերականգնել գումարները։ Այսուհետեւ այդպես չի լինելու։ Այսուհետեւ անձնական պատասխանատվություն են կրելու այն մարդիկ, որոնք թույլ են տվել այդ խախտումները… Այսուհետեւ լինելու են պատիժներ, եւ մեղավոր անձինք կրելու են պատասխանատվություն, մանավանդ եթե պետական բյուջեին հասցվում է ֆինանսական վնաս»։ Թե որքանով են լուրջ Տ. Սարգսյանի սպառնալիքները, որքանով է նա հետեւողական իր հայտարարություններում, դատե՛ք ինքներդ։ Կառավարության սեպտեմբերի 20-ի նիստի ժամանակ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը խոսել էր պետական գնումների ոլորտում հայտնաբերված խախտումների մասին։ Վարչապետը հարցրել էր, թե նա կոնկրետ ինչ լուծում է առաջարկում։ «Անձանց տեսակետից առաջարկում եմ փոխել «Գնումների աջակցման կենտրոն»-ի ղեկավարությանը, որոնք կապ ունեն այդ գործունեության եւ թերացումների հետ»,- ասել էր Գաբրիելյանը։ «Կոնկրետ ո՞ր պաշտոնատար անձանց մասին է խոսքը»,- հարցրել էր վարչապետը։ «Ղեկավարների՝ ղեկավարի, տեղակալների, ստորաբաժանումների ղեկավարների, որոնք դրա հետ կապ ունեն»,- եղել էր պատասխանը։ «Պարոն Գաբրիելյան, այսօր ներկայացրեք միջնորդությունը, եւ պարոն Սարգսյան, պատրաստե՛ք հրամանները թվարկված պաշտոնատար անձանց այսօր եւեթ աշխատանքից ազատելու վերաբերյալ»,- հրահանգել էր վարչապետը։ Նույն օրը աշխատանքից ազատվեց «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հակոբ Բեգլարյանը։ Ու թեեւ Տ. Սարգսյանը հանձնարարել էր աշխատանքից ազատել նաեւ նրա տեղակալներին, ստորաբաժանումների պետերին, սակայն այս հանձնարարականից 20 օր անց նրանք դեռ շարունակում են պաշտոնավարել: Երեկ «Գնումների աջակցման կենտրոն»-ից տեղեկացանք, որ ո՛չ փոխտնօրենները, ո՛չ էլ որեւէ ստորաբաժանման պետ առայսօր աշխատանքից չեն ազատվել։

Հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած կառավարության նիստի հենց սկզբում եւս վարչապետը մի քանի հանձնարարական էր տվել. «Տեղյակ եք, որ հանրապետության նախագահը հանձևարարել է մեզ, որ այս խնդիրը լինի նախարարների ուշադրության կենտրոնում, եւ նախարարներն այսուհետ դրա համար պատասխանատվություն են կրելու… Կառավարության նիստին մենք լսելու ենք նախարարների հաշվետվությունը հարկային պարտավորության կատարման եւ ոլորտում տնտեսական աճի ներուժի վերաբերյալ։

…Հաջորդ նիստին մենք կսկսենք հաշվետվությունների լսումը։ Առաջինը կրթության եւ գիտության նախարարը կզեկուցի ոլորտի իրավիճակի մասին, երկրորդը՝ տրանսպորտի եւ կապի նախարարը, երրորդը՝ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը։ Այսօրվանից տեղեկանքներ եւ մանրակրկիտ ուսումնասիրություններ պատրաստե՛ք տնտեսական, հարկային ներուժի եւ այն մասին, թե ինչպես են ձեռնարկությունները կատարում իրենց հարկային պարտավորությունները»։

Երեկ կառավարության «հաջորդ նիստն» էր, ու պետք է ԿԳ նախարարը վարչապետին ներկայացներ իր զեկույցը։ Բայց նախարարներից ոչ մեկը չէր կատարել Տ. Սարգսյանի հանձնարարականը, ու որեւէ մեկը հաշվետվություն չներկայացրեց։

էլ չենք խոսում Տ. Սարգսյանի մյուս հանձնարարականների ու ծրագրերի մասին՝ կապված «Հայկական աշխարհի», Գյումրու տեխնոպարկի, Դիլիջանը ֆինանսական կենտրոն դարձնելու եւ այլնի հետ։

Հ. Գ. Ի դեպ, Սերժ Սարգսյանն էլ հանձնարարել էր կոռուպցիոն երեւույթների, պետական միջոցների չարաշահմամ դեմ պայքարելիս «գլխից բռնել եւ բացահայտել մեղավորներին»: Առայսօր ձերբակալած ամենաբարձր պաշտոնյան եղեւ է ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը։ Եւ վերջ։

ԱրմանՆ ԳԱԼՈՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031