Լրահոս
Օրվա լրահոսը

Ապահարզանը կայացավ

Հոկտեմբեր 11,2012 11:40

Այսօր քաղաքական ապահարզան է սպասվում։ Իրարից բաժանվելու են «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ պետք է տեղի ունենար «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ «Ազատ դեմոկրատների» նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հանդիպումը։ Հովհաննիսյանը, հիշեցնենք, օրեր առաջ իր ասուլիսում հայտարարել էր, թե Քոքոբելյանի հետ պայմանավորվածություն է ունեցել, որ ինքը վայր է դնելու պատգամավորական մանդատը, որից հետո մանդատից պետք է հրաժարվի նաեւ Քոքոբելյանը, ինչը, սակայն, վերջինս չի արել։ Այդ օրերին Քոքոբելյանը Հայաստանում չէր, ԱՄՆ էր մեկնել, եւ «Ժառանգության» անդամներն ու լրագրողներն անհամբեր սպասում էին, թե ինչ է ասելու ԱԴ նախագահը՝ վերադարձից հետո։ Մինչ այդ ԱԴ մամուլի խոսնակը հայտարարություն տարածեց, որտեղ հերքում էր, թե նման պայմանավորվածություն է եղել։ Նախօրեին Խաչատուր Քոքոբելյանը վերադարձել էր ԱՄՆ-ից, եւ երեկ երեկոյան նա հանդիպել է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ։ Ուշագրավ է, սակայն, որ սույն հանդիպումից հետո երկու կողմերն էլ խորհրդավոր լռություն էին պահպանում։ Խաչատուր Քոքոբելյանն այդպես էլ չմիացրեց իր բջջայինը, իսկ կուսակցության խոսնակը, որ մեզ վստահեցնում էր, թե ժամը 18-ից հետո կպարզվի, թե ինչով է ավարտվել հանդիպումը, երեկոյան խորը անհասանելի դարձավ։ Արդեն ուշ երեկոյան, երբ հեռախոսն արդեն միացված էր, նա այդպես էլ չբարեհաճեց պատասխանել հեռախոսազանգերին: «Ժառանգության» խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն էլ իր հերթին էր ասում՝ մի ժամից զանգեք, խոսում եմ, 5 րոպեից զանգեք, զբաղված եմ, ու մինչեւ ուշ երեկո այդպես էլ որեւէ բան չասաց։ Քոքոբելյան-Հովհաննիսյան հանդիպման մասին որեւէ բան ասել հրաժարվեց նաեւ «Ժառանգության» վարչության փոխնախագահ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։ Մեր տեղեկություններով, «Ժառանգությունում» սպասում են, թե ինչ է ասելու Քոքոբելւանը։ Իսկ վերջինս, ինչպես մեզ հաջողվեց պարզել, ամենայն հավանականությամբ, այսօր հանդես կգա հայտարարությամբ։ Հայտարարությունը կլինի ապահարզանի մասին։ Այսինքն, նախագահական ընտրություններից առաջ այս երկու կուսակցությունների միջեւ հետագա համագործակցությունը կդադարեցվի։ Թե ինչպես այդ ամենը կձեւակերպվի, դեռ հստակ չէ։ Չի բացառվում, որ ձեւակերպումը մեղմ ներկայացվի հանրությանը։ Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ «Ժառանգություն» խմբակցությունը՝ որպես այդպիսին, կպահպանվի։ Այսինքն, «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակով ԱԺ անցած Խաչատուր Քոքոբելյանն ու Ալեքսանդր Արզումանյանը խմբակցությունից դուրս չեն գա, «Ժառանգությունն» էլ, ըստ գործող օրենսդրության, չի կարող նրանց հեռացնել։ Օրերս մենք գրել էինք, որ այս կուսակցությունների միջեւ հակասություններն այնքան են սրվել, որ հնարավոր է՝ առաջիկա նախագահական ընտրություններում «Ազատ դեմոկրատները» չպաշտպանեն Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը, եթե նա առաջադրվի։ Երեկ ներքին տեղեկություն տարածվեց, որ առաջիկա ընտրություններում «Ազատ դեմոկրատները», հավանաբար, հանդես կգան նախագահի սեփական թեկնածուով։ Ենթադրվում է, որ այսօր Քոքոբելյանի հայտարարության մեջ դրա մասին էլ կնշվի։ Հայտնի չէ միայն, թե ով կլինի նրանց թեկնածուն։ Հիշեցնենք նաեւ, որ «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատների» միջեւ հակասությունները սկսվել էին այն բանից հետո, երբ «Ժառանգությունում» դժգոհել էին, թե խորհրդարանական ընտրություններից հետո ԱԺ են անցել «Ժառանգության» քիչ թվով անդամներ։ Այսօր «Ժառանգություն» կուսակցությունը խորհրդարանում ունի հինգ հոգանոց խմբակցություն, որոնցից երկուսը «Ազատ դեմոկրատների» անդամ են։ Րաֆֆի Հովհաննիսյանը խնդիր ուներ խորհրդարան անցկացնել նաեւ քաղաքագետ Թեւան Պողոսյանին, որը ցուցակում 6-րդ համարն էր, եւ ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանին, որը ցուցակի 8-րդ համարն է։ Թեւան Պողոսյանն արդեն պատգամավոր է, իսկ որպեսզի Ստեփան Սաֆարյանն էլ պատգամավոր դառնար, անհրաժեշտ էր, որ Քոքոբելյանն ու «Ժառանգության» ցուցակի 7-րդ համարը՝ «Ազատ դեմոկրատների» անդամ Մասիս Այվազյանը եւս, հետեւելով Րաֆֆի Հովհաննիսյանի օրինակին, հրաժարվեին իրենց մանդատներից։ «Ազատ դեմոկրատները», սակայն, ընտրեցին ապահարզանի տարբերակը։ Թե ինչպես դրան կարձագանքի «Ժառանգություն» կուսակցությունը, կարելի է կռահել։ Նրանց դրած խնդիրը չլուծվեց, արդյունքում՝ երկու կուսակցությունները, որոնց համագործակցությունն, ի դեպ, պարբերաբար ուղեկցվել է տարբեր հարցերի շուրջ հակասություններով ու հարաբերությունների լարումով, մեծ սկանդալով վերջակետ են դնում ամեն ինչին։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031