Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ դեսպանը` դիվանբաշու դերում

Հոկտեմբեր 11,2012 11:34

Տղա են բերում

Պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված եւ օրերս փողերի յուրացման եւ փողերի լվացման հատկանիշներով հարուցված քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավված ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Վարդան Օսկանյանի պաշտպանական խումբը երեկ համալրվեց եւս մեկ գործող անձով: Եվ այն էլ ինչպիսի:
Երեկ կեսօրից հետո էլեկտրոնային լրատվամիջոցները տարածեցին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հայտարարությունը:
«Պարոն Օսկանյանին պաշտոնապես մեղադրանք ներկայացնելու հայտարարությունից հետո ինձ են դիմել ԱՄՆ դիրքորոշումը ներկայացնելու խնդրանքով:
Այս զարգացումն, իմ կարծիքով, վատ է Հայաստանի արդարադատության եւ ժողովրդավարության տեսանկյունից: Ինչպես նախկինում արդեն ասել եմ, այս գործը կարծես ներկայանում է որպես Հայաստանի օրենսդրության ընտրովի կիրառում:
Ավելին` անհանգստացնող է, որ այս դեպքերը տեղի են ունենում ընտրություններին նախընթաց:
Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին կատարել իրենց հանձնառությունները` համակարգված, արդարացի ու թափանցիկ կերպով օրենքի գերակայությունը ապահովելու հարցում»,- հայտարարեց Ջոն Հեֆերնը, որն իր խոսքը ներկայացրել է տեսաձայնագրված տարբերակով:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին խորհրդարանում գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկումից եւ Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից հետո ԱՄՆ դեսպանատունը նույն օրը տարածած հայտարարության մեջ հույս էր հայտնել, որ Օսկանյանի դեմ հարուցված գործի հիմքում քաղաքական շարժառիթներ չկան:
Իսկ երեկ ահա, ի պաշտպանություն Օսկանյանի, անձամբ հանդես եկավ դեսպանը, որի հայտարարության բովանդակությունը էականորեն տարբերվում է դեսպանատան հոկտեմբերի 2-ի հայտարարությունից:
Հաշված օրերի ընթացքում դեսպանատան ու դեսպանի կողմից դրսեւորած նման «պոռթկումն», անշուշտ, անսպասելի է, քանի որ նախկինում այս դեսպանատունը երբեք չի արձագանքել նման «զարգացումներին»:
Խորհրդարանական քննարկումների ժամանակ ԲՀԿ խմբակցությունը, երբ հայտարարում էր, թե հարցի քվեարկությունից հետո բոլորին կտեղեկացնեն իրենց հետագա քայլերի մասին, բնականաբար, ոչ մեկի մտքով չէր անցնում, որ ԲՀԿ-ն ընտրելու է երկրի վրա «տղա բերելու» մարտավարությունը:
ՀԱԿ-ի նման գործելաոճին սովոր էինք, բայց որ այդ քայլին կդիմեր նաեւ ԲՀԿ-ն…
Խորհրդարանական բոյկոտը որպես պայքարի ձեւ ինչ-որ տեղ հասկանալի էր, կարելի է նաեւ ըմբռնումով մոտենալ Օսկանյանի հարցը ԵԽ ԽՎ-ի ուշադրության կենտրոնում պահելու ԲՀԿ-ի նախաձեռնությանը: Բայց թերեւս քչերը կարող էին կանխատեսել, որ «Բարգավաճ Հայաստանը» նաեւ այսպիսի «սյուրպրիզ» կմատուցի:
Դեսպանի խոսքում փոքր-ինչ անհասկանալի էր հետեւյալ արտահայտությունը. «Ինձ են դիմել ԱՄՆ դիրքորոշումը ներկայացնելու խնդրանքով»:
Ո՞վ է դիմել, ե՞րբ, ինչպե՞ս: Շատերի համար իսկապես հանելուկ էր, թե այդ ով կամ ովքեր են նման խնդրանքով դիմել դեսպանին, որը դիվանագիտորեն շրջանցում է եւ չի նշում իրեն դիմած անձանց մասին:
Իսկ երեկոյան, երբ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը հաղորդագրություն տարածեց, ամեն ինչ պարզ դարձավ:
Հաղորդագրությամբ տեղեկացվում է, որ երեկ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին: Առանձնազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկրի արտաքին եւ ներքին քաղաքականությանը վերաբերող հարցեր. «Անդրադառնալով ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ հարցին` Ջոն Հեֆերնն ընդգծել է, որ խիստ մտահոգված է կատարվածով եւ ամենայն ուշադրությամբ հետեւում է բոլոր զարգացումներին: Դեսպանի խոսքով` սա լուրջ հարված է արդարադատությանն ու ժողովրդավարական արժեքներին: Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային մտահոգում է նաեւ այն հանգամանքը, որ այսօրինակ գործողություններ են իրականացվում հատկապես Հայաստանում նախագահական ընտրություններին նախորդող ժամանակահատվածում…
Իր հերթին Գագիկ Ծառուկյանը նշել է. «Իմ հանձնարարությամբ գործն ուսումնասիրվել է լավագույն իրավաբանների կողմից, ովքեր հաստատել են Վարդան Օսկանյանի դեմ ներկայացված բոլոր մեղադրանքների անհիմն լինելը: Կուսակցության քաղաքական խորհրդի նիստի ընթացքում ես անձամբ եմ հանձնարարել խմբակցության պատգամավորներին հանդես գալ խիստ եւ սկզբունքային հայտարարություններով եւ ելույթներով»:
ԲՀԿ առաջնորդը շեշտել է, որ հետեւողական է լինելու, որպեսզի գործն անաչառ քննություն ունենա, եւ կայացվի օբյեկտիվ որոշում»,- մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ: Նաեւ նշվում է, որ հանդիպման ավարտին Գ.Ծառուկյանի հրավերով դեսպանը այցելել է Աբովյանում կառուցվող եկեղեցու տարածք եւ հիացել «կառույցի ճարտարապետությամբ»:
Թեեւ նկատելի է, որ հաղորդագրության տեքստում տեղ գտած ձեւակերպումները եւ դեսպանի տեսաձայնագրված խոսքն իրարից փոքր-ինչ տարբերվում են, բայց սա չէ էականը:
Փաստն այն է, որ Ջոն Հեֆերնին նման խնդրանքով դիմել է Գագիկ Ծառուկյանը: Բայց զարմանալին «մուկն ու կատու» խաղալու ձեւի ընտրությունն է: Որոշվել է, որ նախ դեսպանը պետք է հանդես գա հայտարարությամբ, հետո միայն ԲՀԿ-ն կտեղեկացնի հանդիպման մասին:
Դե, երեւի «այլընտրանքային» մոտեցում են ցուցաբերել, սակայն ի վերջո պարզվելու էր, չէ՞, թե իրականում «որ կողմից է փչում քամին»:
Ընդամենը օրեր առաջ ԲՀԿ-ական պատգամավորները Ստրասբուրգից վստահեցնում էին, թե կուսակցությունը չի անի որեւէ քայլ, ինչը կարող է վնասել Հայաստանի հեղինակությանը: Բայց ինչպես տեսնում ենք, ԲՀԿ-ի խոսքը գործ չդարձավ:
Կամ, ավելի ճիշտ, կուսակցությունը գործի դրեց ԱՄՆ-ից դիրքորոշում կորզելու անփառունակ մեթոդը, ինչով դժվար է ասել, թե ինչի կարող է հասնել, քանզի այս փորձված մեթոդի վրա շատերն են սայթաքել, թեեւ նաեւ այդ կերպ ջանացել են մի կարճ ժամանակով «մրոտել» երկիրը:

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031