ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում այսօր գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության այն որոշմանը, ըստ որի՝ խմբակցությունը կմասնակցի հաջորդ քառօրյային՝ հոկտեմբերի 22-25-ը և կվերադառնա խորհրդարան: Խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը երեկ հայտարարել է. «Մենք անպայմանորեն մասնակցելու ենք, քանի որ Ազգային ժողովի ամբիոնը շատ կարևոր է մեզ համար»: Ուստի ՀՀԿ-ան պատգամավորն իր՝ «Հարց՝ Ազգային ժողովի ամբիոնը կարևորող մեր գործընկերներին» խորագրով ֆեյսբուքյան գրառման մեջ նշում է. «Արդյոք կարևոր չէ՞ր ԱԺ ամբիոնը 2011թ. պետական բյուջեի հաշվետվությունը քննարկելու և ընդունելու համար։ Կարծում եմ՝ այդ բոյկոտը կապված էր 2011թ. բյուջեի քննարկմանը չմասնակցելու հետ։ Ոչ այն է՝ քննադատեին, քանի որ բյուջեի 40 տոկոսն իրենցով էր անցել, ոչ այն է՝ չքննադատեին, քանի որ մտել են այլընտրանքային պոզայի մեջ։ Իսկ Օսկանյանի գործն էլ, ինչպես միշտ, ձեռքի հետ էր»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ