Նախկին հանցագործ Դանիել Ռոխոն մի քանի տարի աշխատել է «Բարսելոնայի» անվտանգության ծառայությունում եւ համարվել է Լիոնել Մեսսիի թիկնապահներից մեկը:
Ռոխոն, որ նախկինում 500 բանկ է թալանել եւ 15 տարեկանից գտնվել է հանցագործ աշխարհում, 1997 թվականին որոշել է ուղղվել եւ սկսել աշխատել ֆուտբոլում: 2006-ին գլխավոր մարզիչ Ֆրանկ Ռայկարդը նրան ընդունել է «Բարսելոնա», որտեղ Ռոխոյի պարտականությունը գիշերային ակումբներում հարբած ֆուտբոլիստներին տուն հասցնելն է եղել, որպեսզի նրանք այդ վիճակում չնստեն ղեկի առջեւ: «Մի անգամ ինձ ուղարկեցին Մեսսիին մարզումից հետո ուղեկցելու, – լրատվամիջոցներին պատմել է Ռոխոն: – Այն ժամանակ նա ամաչկոտ տղա էր: Ճաշին ես նրան պատմում էի իմ «հարուստ անցյալի» մասին, սակայն նա զրույցին չէր մասնակցում, որովհետեւ առանձնապես ասելիք էլ չուներ: Այն ժամանակ նրա համար միայն մարզումներն էին ու խաղերը: Հիմա է, որ ակումբում նրան աղջիկների հետ հանդիպել են թույլատրում: Հիմա է նա սկսել հասկանալ, թե ինչ է իսկական կյանքը»:
Դանիել Ռոխոն արդեն երկու տարի է, ինչ չի աշխատում «Բարսելոնայում»: Նրա խոսքերով, ինքը անցած տարի վերջին անգամ ներկա է եղել ակումբի խաղին, որից հետո Մեսսիի հետ ընթրել են եւ ֆուտբոլիստն է իրեն մեքենայով տուն հասցրել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ