«Միանշանակ կարող եմ ասել, որ համենայնդեպս, ԲՀԿ-ն այսօրվա իր գործելակերպով ընդդիմության թեկնածու, որպես այդպիսին, չի կարող առաջադրել»,- այսօր «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց, երբ նրան խնդրեցինք մեկնաբանել ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանի հայտարարությունը, որ ԲՀԿ-ն մասնակցելու է նախագահական ընտրություններին՝ իր թեկնածուով:
Մեր հարցին, եթե Վարդան Օսկանյանը լինի ԲՀԿ թեկնածուն, ի՞նչ շանսեր նա ունի՝ տիկին Փոստանջյանը պատասխանեց. «Չեմ ցանկանա կանխատեսում անել, որովհետեւ իմ խնդիրը չէ մեկնաբանել կուսակցության առաջադրման հետ կապված հարցերը: Բայց կարող եմ ասել, որ ընդդիմությունն այսօր չի կարող ներկայացված լինել ԲՀԿ-ի կողմից՝ որպես միասնական թեկնածու կամ թեկուզ առանձին թեկնածու: Իրենք որպես քաղաքական ուժ, իհարկե, ունեն այդ իրավունքը` իրենց առանձին թեկնածուն ունենալու, բայց այդ թեկնածուն, ես համոզված եմ, որ չի կարող լինել ընդդիմության թեկնածուն: Մի կուսակցության մեջ, որտեղ օլիգարխներ են, այդ կուսակցությունը չի կարող ընդդիմադիր լինել իշխանությանը: Օլիգարխիան առաջացել է այսօրվա գործող իշխանության ներքո եւ այս իշխանությունների բաղկացուցիչ մասն է: Հետեւաբար այս ձեւաչափի մեջ չի կարող առաջադրում տեղի ունենալ՝ որպես ընդդիմադիր թեկնածու»:
Մեր հարցին՝ այդ դեպքում ի՞նչ էր նշանակում կառավարության ծրագրին դեմ քվեարկելը, ՀԱԿ ակտիվիստներին ԲՀԿ պատգամավորների կողմից սատարումը, նա պատասխանեց. «Կեցվածքն, իհարկե, այդպես պետք է լինի: Մենք հիմա գտնվում ենք նախընտրական փուլում, եւ բոլոր ծրագրերը, բոլոր գործողությունները միտված են առաջին հերթին դրան՝ նախագահական ընտրություններին: Միանշանակ կարող եմ ասել, որ այս քաղաքական ուժը ինքը կաշկանդված է արդեն նրանով, որ ունի իր անդամների մեջ օլիգարխներ, ովքեր իշխանության բաղկացուցիչ մասն է: Մենք ուզենք թե չուզենք, դա իրականությունն է: Ուզենք, թե չուզենք` սա փաստ է: Այդ փաստը ոչ ոք չի կարող հերքել կամ մերժել: Օլիգարխիան երեւի ցանկանում է ունենալ իր մասնակցությունն այս ընտրություններում: Կա այդ խումբը, այդ խումբը ունի իշխանության մեջ նաեւ իր «տարածությունը» եւ իշխանության հետ լինելով՝ այլընտրանքի ձեւաչափի մեջ չակերտավոր ընդդիմանում է: Իրենց պատկանելությունը օլիգարխիայի խմբին, իրենց քվեարկությունները, իրենց վարքագիծը այսպես կոչված «այլընտրանք» ձեւաչափի մեջ ընդգրկված լինելով՝ հենց դա է վկայում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև