Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավոր. «Օսկանյանը դուխով տղայա»

Հոկտեմբեր 10,2012 14:55

Հոկտեմբերի 5-7-ը Տիրանայում կայացել է ԵԱՀԿ աշնանային նստաշրջանը: Այսօր մամուլի ասուլիսում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանը տեղեկացրեց, որ նստաշրջանին հայկական պատվիրակությունից մասնակցել է միայն ինքը, իսկ պատվիրակության մյուս անդամները՝ Վարդան Օսկանյանն ու Ստեփան Դեմիրճյանը, չեն մեկնել Տիրանա: Ստեփան Դեմիրճյանը՝ առողջական խնդիրների պատճառով, իսկ Օսկանյանն իր շուրջը ծավալվող իրադարձությունների պատճառով նպատակահարմար չէր գտել մասնակցել ԵԽԽՎ նստաշրջանին: Պատվիրակության ՀՀԿ-ական ղեկավարը համաձայն չէ պատվիրակության ԲՀԿ-ական անդամի կեցվածքի հետ. «Կյանք է. ես լինեի նրա իրավիճակում, անպայման կգնայի, մի հինգ ելույթ կունենայի, ըստ որում՝ հզոր կերպով կպաշտպանեի մեր երկրի շահը: Ես կարծում եմ այդ ելույթները շատ մարդկանց մտածելու տեղիք կտային: Բայց եղավ այն՝ ինչ եղավ»: Լրագրողներից մեկի դիտարկմանը՝ պատգամավորական անձեռնմխելիությունից  զրկվելուց հետո դարձյա՞լ այդպես կվարվեր, Արտաշես Գեղամյանն արձագանքեց.«Հա բա կյանք ա, ի՞նչ ա պատահել: Չի կարելի երկրից նեղանալ, իսկ այնտեղ երկրի շահն էր: Է թող բան անեն, ի՜նչ ա եղել: Դուխով տղայա Օսկանյանը»:

Անդրադառնալով Օսկանյանի գործին՝ Արտաշես Գեղամյանը հայտարարեց, որ այն Գեորգի Դիմիտրովի դատավարությանը չի կարող նմանվել: Ապա վերապահում արտահայտեց. «Վարդան Օսկանյանը ճիշտ կաներ գզրոցներում պահած փաստաթղթերը դատարանում հայտարարեր, բայց թե ինչո՞ւ չի անում` չեմ հասկանում»: Օսկանյանի նախաձեռնողականության արդյունքում, ըստ Գեղամյանի, գործը դատարանում շատ արագ` մեկ-երկու օրում կարող է հանգուցալուծվել, եթե այդ հիմնավոր փաստերը կան : Մանավանդ, որ Վարդան Օսկանյանն էլ շատ լավ գիտի, որ պատգամավորները եւ միջազգային կառույցները այս գործընթացին հետեւում են: «Միգուցե նոր ընտրական տեխնոլոգիա՞ է սա, եթե դատավարությունը լինի եւ նա արդարացվի, նա անմիջապես կմոռացվի, որովհետեւ նոր մտքեր չի արտահայտում, ազգափրկիչ հայտարարություններ չի  անում, իսկ այսպես անընդհատ հայտարարություններ է անում: Հասկանում եմ, Վարդան Օսկանյանը դիվանագետ է, գաղտնապահ, բայց այս հարցում կարելի է, էլի, այդ փաստարկները դատարանում ներկայացնել: Էլ չեմ ասում, եթե հանկարծ հնարավորություն լինի մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու կամ բան… լրիվ սպիտակ ձիով կարող ա Ստրասբուրգից քշելով գա»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը: Հարցին, թե Արտաշես Գեղամյանը Վարդան Օսկանյանին տեսնո՞ւմ է որպես նախագահի պոտենցիալ թեկնածու, Արտաշես Գեղամյանն ասաց.«Կարեւորը ` ինքը տեսնի»: Դիտարկմանը՝դատելով Վարդան Օսկանյանի վերջին հարցազրույցից` Օսկանյանն իրեն տեսնում է որպես թեկնածու, Արտաշես Գեղամյանն արձագանքեց. «Համարում է, ուրեմն` ամեն…»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031