Վարքում փոփոխությունը, քնելու հետ խնդիրներ ունենալը, տրամադրության երկարատեւ անկումը, վատ սնվելը, շրջապատից մեկուսանալը, ագրեսիան, անծանոթների հետ չափից ավելի շփումը, խոսելը, ծիծաղելը հոգեկան խնդիրների նշան են: Այսօր «Նոյյան Տապան» մամուլի սրահում, 3 հոգեբան միմյանց լրացնելով, ներկայացրին դեպրեսիայի ախտանիշները: Այսպիսի վարքագիծ դրսեւորելու դեպքում մասնագետները խորհուրդ տվեցին անպայման դիմել հոգեբանին:
«Ուրարտու» գործնական հոգեբանության համալսարանի ռեկտոր Սեդրակ Սեդրակյանի խոսքերով, Հայաստանում դեռեւս չկա հոգեբաններին դիմելու մշակույթ. «Մեր երկրում հոգեբանությունը միայն ակադեմիական տեսքով է` բուհերում է դասավանդվում»:
Ըստ ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանի՝ հոգեկան առողջության մասին նույնիսկ օրենք չունենք, եւ դա է պատճառը, որ մեզ մոտ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունենալն ավարտվում է հոգեբուժարանով:
Պարոն Սեդրակյանի խոսքերով, ինֆորմացիոն տեխնոլոգիաների սուպեր ակտիվությունը նույնպես կարող է բերել դեպրեսիաների. «Մարդը շատ հեշտությամբ սիրահարվում է վիրտուալ աշխարհում, ապրում վիրտուալ կյանքով, բայց, երբ վերադառնում է իրական աշխարհ, դեպրեսիայի մեջ է ընկնում»:
«Ինթրա» հոգեբանական կենտրոնի տնորեն Մելինե Թովմասյանի կարծիքով, շատ կարեւոր է, որպեսզի հոգեկան առողջության ոլորտը լավ պատկերացնենք ինչ է, որպեսզի հասկանանք, որ այդտեղ ամենատարբեր տիպի մարդիկ եւ նրանց ընտանիքի անդամներ են ներգրավված լինում. «Մի քիչ ավելի հանդուրժող եւ մի քիչ ավելի բարի վերաբերմունք է պետք այդ խնդիրները կրողների նկատմամբ: Մենք՝ որպես հասարակություն, դաժան ենք եւ ավելի դաժան՝ այդ մարդկանց նկատմամբ»:
Նշենք, որ Հոկտեմբերի 10-ը հոգեկան առողջության միջազգային օրն է: Մասնագետների հաշվարկներով, 2020 թվականին դեպրեսիան լինելու է երկրոդը՝ հաշմանդամություն առաջացնող հիվանդությունների ցանկում:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ