Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մենք խավիար չունենք

Հոկտեմբեր 10,2012 13:48

«Խավիարային դիվանագիտության» եզրույթին ես առաջին անգամ հանդիպեցի ոչ թե ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակների ելույթներում, այլ մի քանի ամիս առաջ BBC-ի կայքում՝ (https://www.bbc.co.

uk/russian/international/2012/06/120613_azeri_diplomacy_caviar_esi.shtml): Այդ հրապարակման մեջ խոսքն այն մասին էր, որ «Եվրոպական կայունության նախաձեռնություն» (European Stability Initiative) հասարակական կազմակերպությունը, որն, ի դեպ, հայերի հետ բացարձակապես կապ չունի, բրիտանական խորհրդարանին զեկույց է ներկայացրել, համաձայն որի՝ Ադրբեջանի իշխանությունը փորձում է չեզոքացնել քննադատությունն իր հասցեին՝ կաշառելով Եվրոպայի խորհրդի պատգամավորներին: Այդպիսով փորձ է արվում քողարկել մարդու իրավունքների աղաղակող խախտումները հարեւան երկրում: Զեկույցն այդպես էլ կոչվում էր՝ «Խավիարային դիվանագիտությունը»՝ չնայած խոսքը ոչ միայն բուն խավիարի, այլեւ կաշառքի բազմաթիվ այլ ձեւերի մասին է: Օրինակ, իմ տեղեկություններով, եթե եվրոպական որեւէ պաշտոնյա (ոչ միայն ԵԽԽՎ-ից) մտադրվում է գնալ Բաքու, ապա նրա տոմսը ավտոմատ ձեւով դառնում է «բիզնես կլասի», հյուրանոցը՝ 5 աստղանի, մնացած հնարավորությունները՝ շքեղ ու շռայլ, եւ այդ ամենը, բնականաբար, Ադրբեջանի իշխանությունների հաշվին: Եվ եվրոպացիներն այնքան, կոպիտ ասած, «նաֆսից թույլ» են գտնվում, որ մեծ հաճույքով ընդունում են այդ նվերները եւ իրենց զեկույցներում ու հաղորդագրություններում մեղմ գույներով են ներկայացնում ադրբեջանական «ժողովրդավարության» խնդիրները: Ասում են նաեւ, որ ոչ մի ավտորիտար երկիր այդպիսի հսկայական միջոցներ չի ծախսում՝ իր խնդիրները կոծկելու համար: Եվ դրա մեջ իմաստ կա. Ռուսաստանն, օրինակ, դրա կարիքը չունի՝ եթե նույն Եվրոպայի խորհուրդը Կրեմլին ինչ-որ անհաճո բանաձեւ է ընդունում, այնտեղ բաց տեքստով հայտարարում են, որ չեն պատրաստվում այդ բանաձեւում տեղ գտած «խորհուրդներին» հետեւել:

Ադրբեջանի կամ մեր նման երկրները, հասկանալի պատճառով, չեն կարող իրենց այդպիսի վերաբերմունք թույլ տալ՝ մենք պետք է մտածենք մեր դրական իմիջի մասին: Բայց Հայաստանի դեպքում կա շատ ավելի կարճ ճանապարհ, քան եվրոպացիներին կաշառելն է՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք խավիար չունենք: Մանավանդ, որ մեր պրոբլեմները՝ կապված ժողովրդավարության հետ, շատ ավելի թեթեւ են, քան Ադրբեջանում: Ավելին՝ դրանք ավելի թեթեւ են, քան 2009-10 թվականներին: Ինչի՞ համար անել սխալ քայլեր եւ փորձել դրանք արդարացնել կամ կոծկել: Մասնավորապես, կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունների մոտակա ամիսների խնդիրներն այս առումով պետք է լինեն՝ ա/ Տիգրան Առաքելյանի ազատ արձակումը եւ բոլոր 4 տղաներին շատ ավելի մեղմ պատիժներ նշանակելը, բ/ Օսկանյանի գործի «ոչ քրեական» հանգուցալուծումը: Հասկանում եմ, որ երկու դեպքում էլ կուսակցականներն ավելին են պահանջում՝ կատարյալ արդարացում եւ այլն: Բայց ավելորդ մաքսիմալիզմը հաճախ նման դեպքերում խանգարում է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031