Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության հոկտեմբերի 9-ի նիստում, օրվա երկրորդ կեսին հրապարակվեցին վկա Սմբատ Սարգսյանի նախաքննական ցուցմունքները եւ քրեական գործով գլխավոր ամբաստանյալ, կապիտան Հակոբ Մանուկյանի հետ նրա առերեսման արձանագրությունը: Վկան հերքեց իր նախաքննական բոլոր ցուցմունքները, ասելով, որ ինքը չի գրել, քննիչը գրել է, ինքն առանց կարդալու, դրանց տակ ստորագրել է: Վկան հերքեց նախաքննական ցուցմունքներում տեղ գտած այն պնդումը, թե լեյտենանտ Նազարյանը զինվորներին հրամանները խնդրանքի ձեւով էր տալիս: Նա ժխտեց, որ Նազարյանի մահվան նախօրյակին, երբ ինքը լեյտենանտ Վահագն Հայրապետյանի հետ «Լույս» հենակետից գնացել է «Ղոզլու» հենակետ, ինքը ծխարանում տեսել է, թե ինչպես Հ. Մանուկյանը Ա. Նազարյանին ասել է ` վաղը վաշտի հրամանատար Գագիկ Ուդումյանը գալու է եւ հարցրել, թե նա ինչպե՞ս է պատասխան տալու: Նազարյանն էլ իբր հայհոյել է պատասխան տալու իր ունակությանը կասկածողներին, որից հետո Մանուկյանը ապտակել է Նազարյանին: Սմբատ Սարգսյանն ասաց, որ նման խոսակցություն չի եղել, Մանուկյանը չի ապտակել Նազարյանին: Նրա նախաքննական ցուցմունքում նշված էր, որ իրենք «Ղոզլու» հենակետ են գնացել ժամը 22-ն անց 40-ի սահմաններում: Վկան ասաց, որ իրենք այդ հենակետ են գնացել երեկոյան ժամը 7-ի-8-ի սահմաններում:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանն ասաց, որ իրենք մեկ տարի շարունակ հայտարարում են, թե գործով կատարվել է հանցագործություն, որի ակտիվ մասնակիցներն են եղել ՊՆ քննչական ծառայության, զինվորական դատախազության եւ ռազմական ոստիկանության աշխատակիցները: Իրավապաշտպանն ասաց, որ Սմբատ Սարգսյանը երկրորդ վկան է, Ռաֆայել Էվոյանից հետո, ումից նախաքննության ընթացքում կեղծ ցուցմունքներ են կորզել: Իրավապաշտպանն ասաց, որ «վայ- քննիչը»` Լեւոն Պետրոսյանը իրենց ուզում էր համոզել, որ Հակոբ Մանուկյանի ապտակից Արտակ Նազարյանը ստացել է բազմաթիվ քերծվածքներ եւ կապտուկներ, քննիչը միտումնավոր այդ միջադեպի ժամը տեղափոխել է ավելի ուշ, 12-ի սահմանները,որպեսզի սուտը դառնա ճշմարտանման: Իրավապաշտպանը հայտարարեց . «Քննիչը շատ լավ գիտի, թե ովքեր են ծեծել, խոշտանգել Արտակ Նազարյանին: Որքան շարունակվում է դատաքննությունը, չենք ստանում հակասություների հերքումը, մենք տեսնում ենք, որ նախկին հանցագործություններին ավելանում են նոր հանցագործություններ»: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը եւ Հ. Մանուկյանի պաշտպան Հրանտ Գեւոգյանը հայտարարեցին, որ վկայի նախաքննական ցուցմունքները անթույլատրելի ապացույց են, քանի որ նա 4 օր ապօրինի պահվել է ռազմական ոստիկանությունում, այլ վկաների հետ նույն խցում:
Մեղադրող Հարությունն Հարությունյանը վկային ասաց,որ սուտ ցուցմունքի համար դատարանը կարող է անձին պատասխանտվության ենթարկել: Դատավարության մյուս մասնակիցները դա համարեցին վկայի նկատմամբ ճնշում, դահլիճում մեծ աղմուկ բարձրացավ, դատավոր Ս. Մարդանյանը 15 րոպեով ընդմիջում հայտարարեց: Պաշտպան Հ.Գեւորգյանը հայտարարեց, որ վկա Սարգսյանի նախաքննական ցուցմունքում գրված է մեղադրանքը հաստատող փաստ, սակայն վկան դատակոչված չէր: Պաշտպանն ասաց, որ վարույթն իրականացրած մարմինը չի տիրապետել վկաների ցուցմունքներում տեղ գտած տվյալներին, նշելով, որ վկա Ս. Սարգսյանի նախաքննական ցուցմունքում գրված է ,որ Հ. Մանուկյանի եւ Ա. Նազարյանի ենթադրյալ վեճի ժամանակ վկան գտնվել է ծխարանում, իսկ վկայի եւ Հ. Մանուկյանի առերեսման արձանագրության մեջ նշված է, թե նա եղել է ծխարանից 2 մ հեռավորության վրա: Պաշտպան Գեւորգյանի վկայությամբ` վկա Ս. Սարգսյանի նախաքննական ցուցմունքներում նշված է , թե այդ միջադեպի ժամանակ ծխարանում եղել են հենակետի բազմաթիվ զինվորներ, մինչդեռ դա ժխտվել է դատավարության ընթացքում այդ վկաների տված ցուցմունքներով: Այնուհետեւ դատարանը դռնփակ նիստում հետազոտեց գաղտնի վարույթի նյութերը, որոնք կապ ունեն ռազմական գաղտնիքի հետ: Դատական հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 10-ին:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ