Աստղիկի եւ Արտակի երկարատեւ սիրո կամուրջը փոստային նամակագրությունն է: Արդեն տարուց ավել է, ինչ Արտակը ծառայում է հայոց բանակում: Աստղիկի պնդմամբ, նրանք նախօրոք էին որոշել, որ կապը պահպանելու են ոչ թե զանգով կամ հաղորդագրությամբ, այլ՝ փոստային նամակագրությամբ. «Սկզբում Արտակը դեմ էր իմ այդ ցանկությանը՝ առաջ քաշելով երկու պատճառ. առաջինը, որ չի դիմանա եւ անպայման կցանկանա ձայնս լսել եւ երկրորդ, որ նա այնքան էլ գեղեցիկ ձեռագիր չունի, բայց ես կարողացա նրան համոզել, ասելով, որ իմ համար կարեւորը նամակի բովանդակությունն է»:
Այսօր` հոկտեմբերի 9-ը, ամբողջ աշխարհում նշվում է որպես փոստի համաշխարհային օր: Այն միջազգային օրերից է, որը նշվում է ՄԱԿ-ի համակարգում՝ սկսած 1974թ.-ից: Տոնի կապակցությամբ Աստղիկն անակնկալ է մատուցել Արտակին՝ ուղարկելով ոչ թե հերթական նամակը, այլ մի մեծ ցուցանակ, որտեղ փակցված է նրանց լուսանկարներից մի քանիսը, գրված իրենց կողմից արվող մի քանի արտահայտություններ, որոնք Աստղիկի հավաստմամբ, իրենցից բացի ոչ ոք չի հասկանա եւ մի քանի գունազարդում: «Այս ցուցանակը խնդրել եմ Արտակի ընկերոջը, որ հասցնի իրեն, բայց դեռ տեղեկություն չունեմ` հասե՞լ է, թե՝ ոչ»,-ասում է Աստղիկը: Աղջիկը խոստովանում է, որ Արտակը բազմիցս է խախտել նախնական պայմանավորվածությունն ու զանգահարել իրեն, իսկ իրեն այլ բան չի մնացել անել, քան պատասխանել: «Ես իրեն շատ էի կարոտում եւ, երբ զանգում էր, ցանկությունս էլ ավելի էր մեծանում նրա ձայնը լսելու, եւ այստեղ մեղավորության բաժին երկուսս էլ ունեինք»: Արտակի վերադարձին չորս ամիս է մնացել: Աստղիկն ասում է, թե այդ ընթացքը շատ արագ է անցել եւ ժամանակն իրեն զգացնել չի տվել.«Հիմա, երբ ընդամենը չորս ամիս է մնացել, ամեն անցնող օրը մի դար է թվում: Անհամբերությամբ սպասում եմ իր վերադարձին»: Նրանց նամակները մինչեւ այսօր կան եւ մտադիր են դեռ շատ երկար պահել. «Հետաքրքիր կլինի, երբ տարիներ անց նամակներն ընթերցեն մեր երեխաները: Ամեն նամակ մի ժամանակագրություն է պարունակում իր մեջ: Նամակի բույրն ուրիշ է»,-ասում է նա:
Քրիստինա Միրզոյան