Ազգային արժեքը մարդու մեծագույն հարստությունն է, սակայն յուրաքանչյուրն այն յուրովի է ընկալում, և ունի իր առանձին պատկերացումները ազգային արժեքի մասին: «Առավոտ երիտասարդականը» փորձեց երիտասարդներից հետաքրքրվել, թե ի՞նչն են համարում ազգային արժեք:
«Մեզ՝ հայերիս, ամենանվիրական ազգային արժեքը մեր ազգային պարն է, քանի որ ազգի դեմքն ու ինքնությունը արտահայտվում է ազգային պարի մեջ», – ասում է 23-ամյա Անի Վարդանյանն ու ավելացնում՝ ազգային պարը նաև ազգային հատկանիշն է:
20 –ամյա Նելլի Մովսիսյանի համար այն, ինչը կապված է ազգայինի հետ, արժեք է. «Ինչ-որ մեկի համար դուդուկն է ազգային արժեք, մեկ ուրիշի համար՝ Փարաջանովը. արժեքը միշտ էլ անհատներից է ծնվում, բայց նախ և առաջ ամեն ինչ սկսվում է դրա գիտակցումից», – կարծում է նա:
«Ազգային արժեքն ինձ համար մեր վանքերն ու եկեղեցիներն են, միայն թե շատ եմ ցավում, որ դրանց չեն հետևում, այսօր դրանք շատ վատ վիճակում են», – ասում է 20-ամյա Տիգրանուհի Քերոբյանը:
Լևոն Հովակիմյանի համար էլ ազգային արժեքը հայկական բանակն է. «Լինելով Հայաստանի Հանրապետությունում ծառայած քաղաքացի, ես կարծում եմ, որ ավելի մեծագույն արժեք, քան բանակն է, չկա: Ճիշտ է, օրը չի վերջանում առանց բանակում արձանագրված դեպքերի մասին մամուլի անդրադարձի, բայց այդ ժամանակ մենք չենք էլ գիտակցում, թե որքան ենք արժեզրկում այն, ինչը մեծ տանջանքով ենք ձեռք բերել, – ասում է նա և հավելում,- իհարկե ես չեմ ասում, թե բանակում ամեն ինչ կարգին է, բայց մյուս ոլորտների հետ համեմատած ` տարբերությունն ակնհայտ է»:
Տիգրանուհի Թասլակյան